Բոլորդ եք հիշում սունկը, որ աստիճանաբար բարձրանում էր գետնի վրայից ու իր մահացու գլխարկի տակ հավաքում տարածքը: Այո, ես նկատի ունեմ ատոմային ռումբի պայթյունին հետևած առաջին լուսանկարները, երբ դեռ պատկերն ընկալվում էր գեղագիտական տեսակետից, և քչերն էին հասկանում նրա մահացու վտանգը: Գուցե և բոլորովին պատահական չէ, որ ատոմային պայթյունից հետո առաջացող պատկերը կրկնում է բնության մեջ իր նմանակի բնույթը` սունկ, որը և՛ սնունդ է, և՛ թույն, միջուկային էներգիա, որը կարող է ապրեցնել և սպանել:
Մարտի 23-24-ին Հաագայում կայանալու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որի առանցքային գաղափարների ու նոր լուծումների ներկայացումն էին կազմակերպել շաբաթվա սկզբին Նիդերլանդների դեսպանատունը և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում: Այս անգամ ևս կոնֆերանսին մասնակցում էին դիվանագետներ, պատգամավորներ, նախարարությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ու ուսանողներ: Սկսելով կոնֆերանսը` Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ միջուկային անվտանգությունը նուրբ ու բազմակողմ խնդիր է, որին առնչվում են ամենատարբեր ոլորտներ մեր կյանքում: Մեծամորի ատոմակայանը միջուկային անվտանգության խնդիրը Հայաստանի համար դարձնում է հատկապես կարևոր: Պարոն Գրիգորյանը միջուկային անվտանգության հարցի տարբեր ասպեկտները ներկայացրեց, շեշտելով, որ հարցը միշտ համաշխարհային քաղաքականության առանցքում է:
Հայաստանում ու Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան ՀԱՆՍ ՀՈՐԲԱԽԸ Հաագայի գագաթնաժողովի նպատակ անվանեց համայն աշխարհում միջուկային անվտանգության մեծացումը` նվազեցնելով այդ վտանգավոր նյութի քանակը, բարելավելով պահպանման մակարդակը և կատարելագործելով միջազգային համագործակցությունը: Նա հիշեցրեց ահաբեկչական խմբերի ձեռքին միջուկային զենքի հայտնության հետևանքները: Դեսպանը գոհունակությամբ նշեց, որ գագաթնաժողովին, ի թիվս 58 լիդերների, ներկա է լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պարոն Հանս Հորբախը ներկայացրեց միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովների պատմությունը. 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պրահայում իր ելույթում միջուկային զենքը անվանեց համաշխարհային հանրության գոյության հիմնական սպառնալիքներից մեկը, որի դեմ հնարավոր է պայքարել միայն համաշխարհային գործակցությամբ: Հենց նա էլ Վաշինգտոնում հյուրընկալեց առաջին գագաթնաժողովը 2010-ին: 2012-ին երկրորդ գագաթնաժողովն անցկացվեց Սեուլում, 2014-ին երրորդը կանցկացվի Հաագայում: Վայրի ընտրությունը դեսպանը որակեց տրամաբանական. Նիդերլանդներն աշխարհում հայտնի են իբրև խաղաղության և արդարադատության ջատագով պետություն: Բացի այդ, Հոլանդիան Եվրոպայի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից է և մաքսանենգ ճանապարհով միջուկային զենքի փոխադրման ռիսկերի է բախվում:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ անդրադարձավ «Հայաստանը և միջուկային անվտանգության խնդիրները» թեմային: 2010-ին տեղի ունեցած առաջին միջուկային գագաթնաժողովին Հայաստանը մասնակցել է, բայց «ազնիվ գտնվենք և ասենք, որ ավելի շատ ոչ այն պատճառով, որ մենք մեծ միջուկային երկիր ենք, իրականում գագաթնաժողովի շրջանակներում տեղի էր ունենալու ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը, որին հաջորդեց հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը, և մամուլը խոսում էր այդ մասին, այլ ոչ բուն համաժողովի խնդիրների»,- ասաց պարոն Պողոսյանը: Իսկ համաժողովը նվիրված էր միջուկային ահաբեկչության դեմ պայքարին: Բնականաբար, Հայաստանը ևս ունի այդ խնդիրը, իր սահմանները ահաբեկիչների դեմ փակ պահելու խնդիրը: Հայկական ատոմակայանի միջուկային թափոնների հետագա ընթացքի նորմերին համապատասխան վերահսկողության խնդիրը ևս կարևորվեց: Պարոն Պողոսյանը նոր մշակույթի արտահայտություն որակեց կոնֆերանսը, երբ գագաթնաժողովից առաջ որոշակի երկրում քննարկվում են այդ երկրի խնդիրները, ինչը կարող է հիմք դառնալ գագաթնաժողովի զեկույցի: Հայաստանն աշխարհի միջուկային քարտեզի անդամ է` ունենալով Մեծամորի ԱԷԿ-ը և գիտնականների հիանալի դպրոցը, որ այլ երկրների գիտնականների հետ թեմատիկ համագործակցության ու փորձի փոխանակության հնարավորություն է տալիս: Պատգամավորը շեշտեց, որ հաջողության համար Հայաստանը միջազգային հանրությունում պետք է վստահելի գործընկեր ընկալվի, բայց աշխարհաքաղաքական մեր ընտրություններով հաճախ հայտնվում ենք անվստահելի գործընկերոջ իմիջում: 2012-ին Սեուլի գագաթնաժողովից առաջ տեղի էին ունեցել ճապոնական ցավալի իրադարձությունները Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում, բնականաբար, քննարկումների առանցքում հայտնվեցին խաղաղ ատոմի անվտանգ օգտագործման խնդիրները: Միջուկային կայանների հետագա շահագործումը և կառուցումը դարձան խնդիր, որովհետև շատերն էին կարծում, որ խաղաղ նպատակներով օգտագործվող ատոմը մեծ վտանգներ է պարունակում: Այդ տեսակետը պրոյեկտելով Հայաստանի վրա, Թևան Պողոսյանը որակեց մեծ հարված էներգետիկ անվտանգությանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները այսօր էլ այդ խնդիրը նշում են որպես Մաքսային միությունն ընտրելու պատճառներից մեկը. եթե եվրաինտեգրման շրջանակներում ապահովվեր Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, Հայաստանը մանևրելու տեղ կունենար: Ասոցացման համաձայնագրի քննարկումներում երբևէ չի ասվել, որ Հայաստանը երկրորդ ատոմակայան չի կարող ունենալ, բայց և չի եղել կառուցելուն, գործարկելուն, պահպանելուն աջակցելու ցանկություն: Այս իրավիճակում մնում է պահպանել և օգտագործել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը, ըստ պատգամավորի, բարձր մակարդակով կատարվում է: Նա կարծում է, որ Հայաստանի օրենսդրական դաշտն ապահովում է խաղաղ միջուկային տեխնոլոգիաների պահպանումն ու զարգացումը, միջուկային զենքի չտարածումը: Թևան Պողոսյանը խոսեց նաև աշխարհաքաղաքական ու աշխարհագրական առանձնահատկություններով պայմանավորված անելիքներից: Միջուկային զենքի ստեղծումից Իրանի հրաժարվելը և միջազգային պատժամիջոցների թեթևացումը Հայաստանի տնտեսության համար ևս նոր հնարավորություններ կարող են բացել:
Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային օբյեկտների և անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող ՄԱՐԿՈ ՍԽՐԱՎԵՐԻՆ խոսեց միջուկային անվտանգության գագաթնաժողովի կառուցվածքի և բովանդակության մասին: Նա ասաց, որ Հայաստանը, 2013-ի տվյալներով, միջուկային անվտանգության տեսակետից 25-րդ տեղում է, ինչն ինքնին բարձր տեղ չէ, բայց 151 երկրների մեջ բավական բարձր է: «Նիդերլանդների կառավարությունը ձգտում է Հաագայում լուրջ արդյունքների հասնել մարտի 24-25-ի գագաթնաժողովում: ՄԱԳ-ը միջուկային զինաթափման խնդիրները չի շոշափում, որոշ պետություններ փորձում էին օրակարգում այդ հարցերը ևս ներառել, բայց որոշ պետություններ էլ համառորեն դեմ էին»,- ասաց նա: Միջուկային անվտանգության տեսակետից պետք են, թե ոչ ատոմակայանները հարցը, միջուկային ահաբեկչության ու մաքսանենգության դեմ պայքարը դուրս են Հաագայի գագաթնաժողովի շրջանակներից: Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի (ՄԱԳ-ի) նպատակն է զարգացնել և խորացնել երկխոսությունը կառավարությունների` կարգավորողների և ոլորտների սուբյեկտների միջև: Պարոն Սխրավերին անվանեց երեք անհրաժեշտ քայլ` նվազեցնել հարստացված ուրանի քանակը, որպես ոլորտի գործող անձանց` ներգրավել նոր եվրոպական կատարողների, կառուցել անվտանգության ճարտարապետությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ: Հաագայում գումարվող ՄԱԳ-ում կընդունվի համատեղ կոմյունիկե մասնակից 53 պետությունների ու 58 լիդերների անունից, որտեղ արտահայտված կլինեն նաև ազգային զեկույցները, այնտեղ գրանցված առաջընթացը կամ նահանջը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության աշխատակից ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ, որ նաև ՄԱԳ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, իր ելույթն անվանել էր «Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության գագաթնաժողովներին` որպես բարձր մակարդակով քաղաքական օժանդակություն ապահովելու արդյունավետ ձևաչափ»: Նա ասաց, որ Հայաստանը գագաթնաժողովը դիտարկում է որպես զանգվածային ոչնչացման զենքի տարածման, միջուկային ահաբեկչության, միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում բարձրագույն մակարդակով ջանքերի համադրման և փոխգործակցության կարևորագույն հարթակ: Գևորգ Ղարիբջանյանը, քանիցս լինելով Նիդերլանդներում, տեսել է, թե ինչ առաջընթաց կա այդ ոլորտում, հետազոտական, փորձագիտական ինչ լուրջ կարողություններ ունի պետությունը: Նա գոհունակությամբ նշեց, որ Մեծամորի ատոմակայանի և Նիդերլանդների միջուկային փորձաքննությունների ինստիտուտի միջև գործուն, ակտիվ համագործակցություն կա: Սեուլի գագաթնաժողովից հետո Հայաստանը մասնակցել է կարևոր քննարկումների Բանգկոկում, Օտտավայում, Վիեննայում և այլուր, որտեղ որոշակիացվել են գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթերը և կոմյունիկեն: Դիվանագետը մանրամասնեց ոլորտում գործող հայկական օրենսդրությունը, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն մասնակցել ՄԱԳ-երի աշխատանքներին: Միջուկային ապահովության և անվտանգության հարցերում լրացուցիչ չափանիշների մշակման, պատշաճ վերահսկողության ամրապնդման առումով նա կարևորեց ՄԱԳԱՏԷ-ի կենտրոնական դերը: Հայաստանը շարունակում է փոխշահավետ և արդյունավետ աշխատանքը գործակալության հետ: 2014-ի կեսին գործակալության ֆիզիկական պաշտպանության, ազգային խորհրդատվական առաքելության ներկայացուցիչները կլինեն Հայաստանում:
Բնապահպան ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ներկայացրեց միջուկային անվտանգությունը մարդկային կայուն զարգացման համատեքստում: Ի թիվս այլ հավաքների, նա մանրամասնեց Աստանայում կայացած հանդիպումը: Ղազախստանը 1991 թ. հրաժարվեց ատոմային զենքից և փակեց Սեմիպալատինսկի փորձակայանը, որտեղ 500 պայթյուն է եղել փորձարկումների նպատակով, 70-ը` բաց տարածքում, հետևաբար թունավոր արտանետումները տարածվել են աշխարհով մեկ: Բնապահպանության նախկին նախարարը հիշեցրեց, որ խորհրդային տարիներին բնապահպանական տեղեկատվությունը փակ էր, հետո արդեն հնարավոր դարձավ պատկերը պարզել` ինչպես է փոխվում շրջակա միջավայրը, ինչ մուտացիաների է ենթարկվում մարդկային գենը: «Իմաստ ունի՞, որ մարդկությունը շարունակի պատերազմները, երբ մոլորակն է պայքարում մարդու դեմ»,- հարցրեց Կարինե Դանիելյանը և թվարկեց մարդկանց անխոհեմ գործունեության հետևանքով տարեցտարի ավելացող աղետները: Բնապահպանը զգուշացրեց, որ շրջակա միջավայրի փոփոխության պատճառով մարդն այլևս չի կարողանա շարունակել իր ներկա կենսակերպը: Կարինե Դանիելյանը նշեց Հռոմեական ակումբի կանխատեսումը, որ մարդկության քանակը աստիճանաբար կրճատվելու է: Իրավիճակն արդեն բնորոշվում է կենսաբազմազանության կորստով, մանրէների աճով, կլիմայի անկայունությամբ: Փորձառու բնապահպանը զգուշացնում է, որ մարդկային գենոֆոնդը պատկերացրածի չափ կայուն չէ, առաջին հարվածը ստանում է հորմոնալ համակարգը (սրա հետևանք է միասեռականության աճը), լուրջ ձևախեղումների է ենթարկվում գենոմը: Կարինե Դանիելյանը կոչ արեց միջուկային սպառազինությունների վրա ծախսելու փոխարեն գումարներն ուղղել մարդկային կայուն զարգացման հիմնախնդրի լուծմանը:
ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՆ անդրադարձավ 1991-1995 թ. էներգետիկ ճգնաժամին, որը ցույց տվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության խոցելի կողմերը: Այդ փորձի հաշվառմամբ էլ մշակվեց էներգետիկ անվտանգության ռազմավարությունը, կարևորվեց էներգետիկ հուսալիությունը սահմանափակ բնական պաշարների դեպքում: Հայաստանի էներգետիկ կախվածության թուլացումը բարեփոխումների արդյունք է: Ազգային անվտանգության ռազմավարությունը կարևորում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը, ներմուծման ուղիներր և արտադրության ձևերի բազմազանեցումը, միջուկային հզորության ստեղծումը, հուսալի էներգահամակարգի կառուցումը: Պարոն Մանվելյանը Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը որակեց Հայաստանի էներգետիկ անկախության կարևոր գործոն, նշվեց, որ ԱԷԿ-ն ապահովում է ՀՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի 42 տոկոսը, ուստի դրա կայուն աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի: ԵՄ-ն պահանջում է մինչև 2016 թ. փակել Մեծամորի ԱԷԿ-ը, դա անհաղթահարելի դժվարություններ կառաջացնի էներգահամակարգի համար: Նույնիսկ այլընտրանքային էներգիայի արտադրության դեպքում ԱԷԿ-ի փակումը չի բխում Հայաստանի շահերից: 2009 թ. ընդունված նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին օրենքով կառավարությունը որոշել է կառուցել նոր միջուկային էներգաբլոկ մինչև 1200 մեգավատ հզորությամբ: Գործող էներգաբլոկն ունի 407 մեգավատ հզորություն: Նոր էներգաբլոկը կտա նաև էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություն (Իրան, իսկ Մաքսային միությանն անդամակցելուց հետո նաև դեպի Ռուսաստան):
Հին Հռոմում սունկը կեսարների խորտիկ էր, երբեմն, երբ կեսարներից ազատվել էին ուզում, նրանց թունավոր սունկ էին մատուցում: Կարծես աշխարհում շատ փոփոխություններ չեն եղել` սունկը սունկ է: Ծավալներն են փոխվել, մեկ էլ բովանդակությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Նիդերլանդների էկոնոմիկայի նախարարության միջուկային օբյեկտների և անվտանգության վարչության միջուկային անվտանգության քաղաքականության համակարգող Մարկո Սխրավերին հարցրի, թե, իր կարծիքով, Հայաստանում հնարավո՞ր է նոր ատոմակայանի շինարարություն, թե՞ երկարաձգվելու է Մեծամորի շահագործումը: Նա պատասխանեց, որ ատոմային ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է յուրաքանչյուր երկրի կառավարություն, ուստի այդ որոշումը պետք է կայացնի Հայաստանի կառավարությունը: Կան մի քանի գործոններ, որ դեր ունեն որոշման կայացման մեջ` շարունակե՞լ շահագործել, թե՞ նորը կառուցել: «Իհարկե, իմ իրավունքը չէ խորհուրդ տալ՝ ինչ անել, այնուամենայնիվ, որոշում կայացնելուց առաջ պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, ինչքան կարժենա հնի վերազինումը, ինչքան` նորի կառուցումը: Ամենալավ ատոմակայանի շահագործման ժամկետը 60 տարի է: Մեծամորի ատոմակայանի տարիքը հաշվի առնելով, թերևս, ավելի ձեռնտու է նորի կառուցումը: Այդ դեպքում հարց է ծագում` գործող մոդելներից ո՞րն ընտրել: Եթե ցանկանում եք նորը կառուցել ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության պահանջներին համապատասխան, պետք է լինի կորեական, ամերիկյան, ևս մի քանի երկրներում գործող մոդելով, ինչը չեմ կարող ասել Հայաստանի ատոմակայանի մասին»,- ասաց պարոն Սխրավերին: Իմ հարցին, թե Եվրամիությունը կաջակցի՞ նոր ատոմակայանի կառուցման քաղաքական որոշմանը, նա պատասխանեց. «Իհարկե, ինչ-որ չափով կարող է մասնակցել համաֆինանսավորմանը, ընդհանուր փաթեթի մշակմանը, սակայն կան նաև այլ հարցեր, օրինակ, հարևան երկրների դիրքորոշումը: Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք աջակցել խաղաղ ատոմի զարգացմանը»: Այսպես: 70-ականներին կառուցված Մեծամորի ԱԷԿ-ը մոտենում է իր անվտանգ շահագործման ժամկետի ավարտին: Նոր էներգաբլոկի կառուցումը ռուսական մոդելով ծրագրելուց ու սկսելուց առաջ, բացի Չեռնոբիլը հիշելուց, արժի հիշել նաև, թե ինչպես էր 90-ականներին Ռուսաստանը քաղաքական ճնշման գործիք դարձրել ուրանի մատակարարումը Հայաստան: