Անկեղծ ասած, մի պահ թվում էր, թե Հայաստանի ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը հանդարտվել է, քանզի վերջին 2-3 տարիներին նա չի պատվել հանրապետությունը, մայրաքաղաքն ու արվեստասեր հանրությանը իր տխրահռչակորեն հանրահայտ արձանագործական, ներող եղեք, խճողանքով։ Ի՜նչ կարող ենք անել, նախորդ դարի 70-ականների ամենաշնորհալի քանդակագործներից մեկը (ասվածի լավագույն վկաներն են Լև Տոլստոյի կիսանդրին համանուն կրթօջախի առջև, Անուշի և Սարոյի հուշարձանը Թումանյանի անվան զբոսայգում, Մարտիրոս Սարյանի կոթողը և այլն) անկախացումից հետո այլ բարոյագեղագիտական ձևաչափում է ապրում և ստեղծագործում։ Ինչ կարող ես անել, մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը խեղաթյուրված է, արձաններով էլ ներդաշնակ միջավայրն ամբողջանում է, ինչին էլ եռանդուն լծվել է պարոն Թոքմաջյանը։ Սակայն նրան անդրադառնալու առիթը այլ հարթության մեջ է տեղակայվում, իր սասանված վարկը վերականգնելու նպատակով տիար Լևոնը ոչ ավելի, ոչ պակաս վարպետության դասընթաց է կազմակերպում` ուսուցանելով հանրությանը, հանրապետությանը, մայրաքաղաքին, արվեստակից գործընկերներին և, իհարկե, բանից անտեղյակ լրագրողական երիտասարդ սերնդին։ Եվ ի՜նչ է ուսուցանում. ոչ ավելի, ոչ պակաս, արձան կերտելու և, ո՜վ զարմանք և ո՜վ սարսափ, մշակութային բարոյականություն է քարոզում։ Ահա նրան անհանգստացնում է Գարեգին Նժդեհի հուշարձանի գեղարվեստական որակը։ Այնինչ հուշարձանն անցել է Երևանի գեղխորհրդով, շահել է մրցույթը և սպասում է տեղադրմանը Հանրապետության փողոցին հարակից հատվածում։ Վստահեցնում եմ, որ մրցույթին ներկայացված նախագծերից շահել է ամենաարժանավորը, վաստակաշատ քանդակագործ Գագիկ Ստեփանյանի աշխատանքը։ Բայց չէ, կոթողային որևէ գործ առանց Թոքմաջյանի հանրահայտ «բոլգարկա» սղոցի «ձեռնադրման» անհնար է պատկերացնել։ Եվ Թոքմաջյանն անցել է հախուռն և միջոցների մեջ որևէ խտրականություն չդնող գրոհի։ Սակայն մի այլ խնդիր կա. հարգարժան Լևոնը գործերը դրստել է ՀՀ պաշտպանության նախարարությունում և կամենում է յուր հերթական գլուխգործոց-գլուխկոտրուկը կերտել և տեղակայել։ Նրա ներկա «զոհերն» են մայրաքաղաքի Աջափնյակ վարչական համայնքը և ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։ «Մաեստրո» Թոքմաջյանը ինքնամոռաց լծվել է Մոնթեի արձանը կերտելու և «Արմենիա» բժշկական կենտրոնի դիմահայաց այգում տեղադրելու ըստ իր` վեհ, ըստ հայ արդի արձանագործության և հայ արվեստասեր հանրության` սարսափազդու գործին։ Ինձ էլ մնում է հուսալ, որ ՀՀ ՊՆ պատասխանատուները, ում վստահված է մշակույթի և արվեստի տնօրինումը, կշրջեն Աջափնյակում, ուշի ուշով կծանոթանան տիար Թոքմաջյանի քերթվածքներին (Գևորգ Չավուշի և Սողոմոն Թեհլերյանի արձաններին) և նոր միայն իրենց որոշումը կկայացնեն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Հարկ է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Մոնթե Մելքոնյանի հիշատակն ըստ արժանվույն հավերժացնելու համար հայտարարի համապետական մրցույթ` Հայաստանի նկարիչների միությունում։ Անշուշտ, չի բացառվում, որ Լևոն Թոքմաջյանը շահի մրցույթը։