Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Ես ընդամենը ավագ սերնդի ստեղծածի շարունակողն եմ»

«Ես ընդամենը ավագ  սերնդի ստեղծածի շարունակողն եմ»
03.04.2015 | 10:57

«Իրատես»-ի հյուրը ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, «Մովսես Խորենացի» շքանշանակիր ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ է:

«ՋԱԶԸ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ»


-Մաեստրո, վերջերս կազմել և թողարկել եք «Հայկական ջազի անթոլոգիան», որն ընդգրկում է 1938-ից մինչև մեր օրերը ներկայացնող ժամանակահատվածի 10 սկավառակ՝ 101 երաժշտի մեկ-երկու գործով: Ինչպե՞ս հաջողեցրիք իրականացնել այս ծավալուն նախագիծը:
-Այդ նախագիծն իրագործելու համար ի սկզբանե ենթադրվում էր կես տարվա աշխատանք, բայց պահանջվեց մեկ և կես տարի: Իսկապես մեծածավալ, ծանր գործ էր: Պատկերացրեք, թե ինչ է նշանակում գտնել անցյալ դարի 30-40-ական թվականների գործերը: Ես Արմեն Ամիրյանին եմ դիմել, որպեսզի օգտվեմ ռադիոյում պահպանվող ձայնագրություններից: Իսկ ձայնագրություններն այն վիճակում էին, որ դրանք թողարկման պատրաստելու համար պետք էր մեծ աշխատանք կատարել, մաքրել, կարգի բերել: Ձայնասկավառակները թողարկվել են դրսում: Դիզայներների հետ է տարվել շատ մանրակրկիտ աշխատանք: Այն երաժիշտները, ովքեր հիմա մեր կողքին են, ապրում են, իրենք են ընտրել, թե ինչ գործ զետեղեմ անթոլոգիայում: Այս ամենը կազմակերպելը ինձնից մեծ ջանք է խլել: Բացի ձայնասկավառակներից՝ նաև գիրք է տպագրվել՝ ֆոտոէնցիկլոպեդիա: Լուսանկարներն ինքնին շատ հետաքրքիր են, որովհետև ոչ թե պարզապես այս կամ այն երաժշտին են ներկայացնում, այլ նրանց կյանքից մի կարևոր դրվագ, մի հանդիպում: Օրինակ՝ Առնոն լուսանկարված է Վիլյամ Սարոյանի, Արտեմի Այվազյանը՝ Արամ Խաչատրյանի հետ: Եվ այլն, և այլն։
-Այսինքն՝ պատմական լուսանկարնե՞ր են:
-Այո՛: Հայ ջազմենները ներկայացված են մեկական գործով՝ բացառությամբ վետերանների՝ Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մելիք Մավիսակալյանի, Ստեփան Շաքարյանի, Էդվարդ Բաղդասարյանի. նրանց երկուական գործով եմ ներկայացրել. մարդիկ, որ մինչև 1960-ականների սկիզբը ներկայացրել են հայկական ջազը մեծ խմբերով: Հետո առաջին փոքր ջազ խումբը (եռյակ) Հայաստանում ստեղծեցի ես: Շատ հաճախ, սխալմամբ, ինձ ներկայացնում են որպես հայկական ջազի հիմնադիր: Ա՛յ բալամ, ես ի՞նչ հիմնադիր, ինձնից առաջ մարդիկ են եղել. ես շարունակողն եմ:
-Սովորաբար մարդիկ ձգտում են առաջնայնության, եզակիության դափնիներն իրենց ուսերին առնել: Դուք որոշել եք կոտրե՞լ կարծրատիպերը:
-Ես այդ մարդկանց թվին չեմ պատկանում: Միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ ես ընդամենը ավագ սերնդի ստեղծածի շարունակողն եմ: Առաջինն եմ փոքր խումբ ստեղծելու գործում, և այդ խմբից հետո Հայաստանում սնկի պես սկսեցին աճել փոքր ջազային խմբերը՝ տրիո, կվարտետ, կվինտետ:
-«Մալխաս ջազ-ակումբում» վերջին շրջանում ելույթ են ունենում երգչուհիներ: Կարծես թե տղամարդկանց գերիշխանության հիմքերը խարխլվում են հայկական ջազում: Սա աշխատանքային նոր քաղաքականությո՞ւն է, թե՞ իսկապես շատացել են շնորհալի կանայք ջազային արվեստում:
-Ամեն օր մեր ակումբում մի երգչուհի է հանդես գալիս: Մենք ձգտում ենք թեթևացնել մեր երաժշտական ծրագիրը, մտցնել վոկալ կատարումներ, որովհետև ծանր է անընդհատ գործիքային երաժշտություն լսել, ջազային բարդ կատարումներ լսել: Բայց և այնպես, մեզ մոտ հանդես եկող բոլոր աղջիկները ջազային երգչուհիներ են: Հայուհիները վաղուց իրենց կարևոր տեղն ունեն ջազում: Ես երեք երգչուհի եմ ընդգրկել անթոլոգիայում՝ Էլվինա Մակարյան, Տաթևիկ Հովհաննիսյան, Զառա Տոնիկյան: Նրանք հայկական ջազի պատմության մեջ նշանակալից դեմքեր են:
-Հայկական երաժշտությունը վերջին շրջանում մեծ տեղ է զբաղեցնում Ձեր ակումբի համերգային ծրագրում. Առնո Բաբաջանյան, Արտեմի Այվազյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արթուր Գրիգորյան, այլք: Ակումբն ավելի հայկականացնելու միտո՞ւմ ունեք:
-Այո՛, մեր վոկալիստները բավականին բազմազան համերգացանկ ունեն: Դրա շնորհիվ մեր ծրագիրն էլ որոշակի նորամուծությունների է ենթարկվել, որի համար ես շատ ուրախ եմ: Դա լիցքաթափում է իրավիճակը: Եվ ակումբի մասին խոսելիս պիտի անպայման նշեմ, որ մեզ մոտ սկսել է ակտիվորեն հաճախել երիտասարդությունը, ինչն ինձ շատ ուրախացնում է: Նշանակում է՝ նրանք սկսել են ջազով հետաքրքրվել: Ջազը կոմերցիոն ժանր չէ: Ոչ միայն Հայաստանում: Նաև Մոսկվայում, Ամերիկայում, ամեն տեղ: Ջազն առանձնացած-կանգնած է իր դիրքերում և չի պարտադրում իր ներկայությունը: Եթե երիտասարդությունը պահանջ է զգում շփվելու ջազային արվեստի հետ, լսելու ջազ, դա շատ ուրախալի է:
-Այսօրվա՝ 21-րդ դարի սերունդը, իսկապես, նորամուծություններ է կատարում ջազում: Հետաքրքիր մոտեցումներ ունեն ամիսներ առաջ մեզ մոտ հյուրընկալված լեհ դաշնակահար Լեշեկ Մոժդերը, մեր Տիգրան Համասյանը: Սա ժամանակի անխուսափելի ազդեցությո՞ւնն է արվեստի վրա, թե՞ երաժշտի անհատական որակներով պայմանավորված երևույթ:
-Սա երաժիշտների անհատական մոտեցումն է ջազին: Տիգրան Համասյանը այսօրվա ջազ սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, որ անընդհատ նորարարությունների մեջ է, կանգ չի առնում: Նրա ոչ մի համերգը մյուսին նման չէ: Որովհետև նա պրպտող, տաղանդավոր դաշնակահար է ու կոմպոզիտոր, այսօրվա մեր ջազի կարևորագույն դեմքերից մեկը: Նրանով ես ավարտում եմ «Հայկական ջազի անթոլոգիան»: Մեր ջազի պատմության գիծը ձգվում է Արտեմի Այվազյանից մինչև Տիգրան Համասյան:
-«Yans» ակումբի դիմաց ստեղծել են երաժշտական աշխարհի աստղերին նվիրված ճեմուղի, որում ավագ սերնդի Ձեր նշած լեգենդար անուններն են: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին:
-Շատ լավ եմ վերաբերվում, բավական հետաքրքիր մտահղացում է դա, որի հեղինակներն են «Yans» ակումբը և Երևանի քաղաքապետարանը: Բայց երևի թե ճիշտ կլիներ՝ այդ ճեմուղին լիներ ֆիլհարմոնիայի դիմաց: Ամեն դեպքում, սա էլ վատ լուծում չէ, ողջունելի է:


«ԻՄ ՄԵՋ ԵՂԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԼՈՍԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾ ԿԱՏԱՐԵԼԻՍ»


-Տասնամյակներ առաջ «Անի» հյուրանոցում Բի Բի Քինգի հետ նվագել եք, և նա զարմացել է. «Տե՛ս, թե ոնց է սպիտակամորթը նվագում մեր սև երաժշտությունը»: Ջազը հիմա՝ 21-րդ դարում է՞լ է շարունակում մնալ «սև երաժշտություն», երբ «սպիտակ» ջազմենները վաղուց նվաճել են ջազային տարատեսակ հարթակները:
-1979 թվին էր դա: Ինչ ասեմ, ամեն բան սկսվել է 100 տարի առաջ: Աֆրիկյան սևամորթների միջոցով ջազը հասել է Միացյալ Նահանգներ, և այդ ժամանակ այն միայն երգ էր, վոկալ, հետո սկսվեց գործիքային ջազ երաժշտության ժամանակաշրջանը: Արմսթրոնգը և նրա կոլեգաները բացեցին առաջին ջազ ակումբները, և դա տարածվեց ողջ երկրագնդով մեկ: Ցանկացած երկիր, ցանկացած ազգություն հետագայում իրենց ուրույն ներդրումն ունեցան ջազում: Հիմա կա ֆիննական ջազ, լեհական ջազ, ֆրանսիական ջազ և հայկական, բնականաբար:
-Երբ Երևանում պարբերաբար նշվում է Ջազի միջազգային օրը՝ հայ և օտարազգի երաժիշտների մասնակցությամբ, վերջիններս ի՞նչն են առավել հատկանշական համարում հայկական ջազի պարագայում:
-Արևելյան մելոսի առկայությունը: Ասեմ ավելին՝ բոլորովին պարտադիր չէ ջազային եռյակի կամ քառյակի կողքին դուդուկահար կանգնեցնել, որպեսզի հասկացվի, որ դա հայկական ջազ է: Ես շատ եմ նվագել տարբեր երկրներում: Եվ որտեղ էլ նվագել եմ, տասը րոպե հետո ունկնդիրը հասկացել է, որ արևելքցի եմ: Թե հատկապես որ երկրից եմ, բնականաբար, չեն կարողացել գուշակել, բայց որ Արևելքի մարդ եմ (թեկուզ և ամերիկյան ստանդարտ ջազ եմ կատարում), զգացել են շատ արագ: Իմ մեջ եղած հայկական մելոսը զգացվում է ցանկացած գործ կատարելիս:
-Ձեռքից փոխանցվում է գործիքի՞ն:
-Անպայմա՛ն: Հեչ պարտադիր չէ թառ-քյամանչա դնել սաքսոֆոնի կողքին, որ մարդիկ գլխի ընկնեն, թե հայկական ջազ է հնչում: Եթե փորձառու հայ դաշնակահարը, սաքսոֆոնահարը, շեփորահարը նվագում են ջազ, նրանց նվագում չի կարող չզգացվել հայկականությունը՝ անկախ կատարողի ցանկությունից:
-Երվանդ Երզնկյանը հետաքրքիր բնորոշում է տվել ջազին. «Ջազը ավանտյուրա է»: Որպես ջազմեն՝ սա կարո՞ղ եք ընկալել իբրև հաճոյախոսություն:
-Չգիտեմ, թե Երվանդն ինչու է էդպիսի բան ասել, բայց ես ջազը համարում եմ շատ խորիմաստ ժանր: Դա մոդայիկ երևույթ չէ: Դա կյանք է: Փոփոխվող, չկրկնվող, իմպրովիզացիոն պարտադիր տարրեր կրող ժանր: Իսկ իմպրովիզացիա անելու որակը տրվում է ի ծնե: Այդ որակով կա՛մ ծնվում ես, կա՛մ չես ծնվում: Դա կյանքի ընթացքում ձեռքբերովի հատկանիշ չէ: Ոչ մի կոնսերվատորիայի պրոֆեսոր դա չի կարող սովորեցնել:
-Ոչ էլ կարող է դրան խանգարել պրոֆեսիոնալ կրթության բացակայությունը, ինչպես Ձեր դեպքում:
-Ամեն ինչ կարելի է սովորել մասնագիտական կրթության ընթացքում, բացի իմպրովիզացիայից:
-Քանի որ ջազն ինքը կյանքն է, ինչպե՞ս են այսօրվա կյանքը, այսօրվա ժամանակը անդրադառնում ջազի վրա: Օգնո՞ւմ են, խանգարո՞ւմ:
-Ես նվագում եմ, ինչպես ապրում եմ, ապրում եմ, ինչպես նվագում եմ: Ջազը երբեք չեմ փորձել խառնել որևէ այլ ժանրի կամ սոցիալական իրավիճակների հետ: Յոթանասուն տարեկան մարդ եմ, որից հիսուն տարին ջազ եմ նվագում: Նախորդ զրույցների ժամանակ ասել եմ, հիմա էլ կրկնեմ. ես բոլոր պաշտոններից հրաժարվել եմ՝ ցանկանալով ծառայել միայն ջազին: Աստված ինձ տվել է այս ակոսը՝ ջազը, և պատվիրել չշեղվել դրանից: Ես ո՛չ նպատակ ունեմ կենտրոնանալու բիզնեսի վրա, ո՛չ քաղաքականության, ո՛չ սոցիալական հարցերի: Եթե կրում ես ջազմեն անունը, պիտի ստաբիլ լինես, նվիրված լինես այդ կոչմանը: Ես չեմ ուզում ուրիշ որևէ բանով զբաղվել՝ իմ գործից բացի: Եվ «Հայկական ջազի անթոլոգիան», այս առումով, մի կարևոր նախաձեռնություն է, մեր մասին աշխարհին հիշեցնելու մի լավագույն հնարավորություն: Նպատակ ունեմ մամուլի ասուլիս կազմակերպելու «Մալխաս ջազ ակումբում» և ներկայացնելու կատարված աշխատանքը, երախտագիտությունս հայտնելու այդ նախագծի հովանավորին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն ու նրա նախագահ Վարդան Հարությունյանին, ում խոսքը ևս տպագրված է անթոլոգիային կցված գրքում:
-Իսկ ինչպե՞ս է իրացվելու անթոլոգիան:
-Արդեն ամբողջովին իրացված է: Դա նախատեսված չի եղել վաճառքի համար: Մի մասը տրվել է «Գազպրոմ Արմենիային», մեկական օրինակ՝ դրանում ներկայացված երաժիշտներին, մշակույթի նախարարությանը, դեսպանատներին: Ընդամենը 1000 օրինակով թողարկված անթոլոգիայից էլ ի՞նչ էր մնում, որ մտածեինք վաճառքի մասին:
-Իսկ շարքային ջազասերը ինչպե՞ս պիտի ունենա այդ արժեքավոր հավաքածուն: Արդարացի չէ, որ նա զրկված է այդ հնարավորությունից:
-Ես արդեն մտածում եմ երկրորդ հրատարակության մասին, այդ դեպքում երևի կկարողանան ունենալ նաև ջազի սիրահարները: Բացի այդ՝ դա հնարավորություն կտա, որ մեր ակումբ այցելած օտարերկրացիները, որոնք կապ ունեն ջազի հետ, նվեր ստանան այդ սկավառակներն ու պատկերացում կազմեն հայկական ջազի մասին: Օրինակ՝ նոյեմբեր ամսին անթոլոգիայի ազդօրինակները նվիրեցի Հերբի Հենքոքին: Տարավ հետը Ամերիկա: Իրենց համար շատ հետաքրքիր է, որ աշխարհում մի փոքր երկիր կա, որը ջազի 75-ամյա պատմություն ունի, 101 նշանավոր ջազ երաժիշտ, որոնք իրենց հետքն են թողել հայկական ջազի պատմության մեջ: Առանց կեղծ համեստության խոստովանեմ, որ ես այս անթոլոգիայի թողարկումը համարում եմ իմ ամենամեծ նվաճումներից մեկը:

«ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՀՐԱՇՔ ԵՆ»


-Երբ անցյալ տարի՝ մարտի 8-ին, հայ կանանց հրավիրել էին օպերայի և բալետի թատրոն՝ շնորհավորելու մեկամսյակը, նրանք, ի թիվս այլ հանրահայտ այրերի, ցանկություն էին հայտնել լսելու Ձեր շնորհավորանքն ու մաղթանքները: Այս տարի էլ կարող եք դա անել մեր զրույցի շրջանակներում: Խնդրեմ:
-Մեր հայ կանայք հրաշք են: Ես նրանց ցանկանում եմ երջանկություն: Էլի երջանկություն և ջինջ երկինք: Ցանկանում եմ, որ նրանք իրենց կարողանան միշտ կին զգալ, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից լավ մեր կանայք:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ