Զրուցակիցս է Աբովյանի պետական քոլեջի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ։
-Գևորգ, նախ ներկայացիր «Իրատեսի» ընթերցողներին որպես ստեղծագործող։
-Ավարտել եմ Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջի դիզայնի բաժինը, այնուհետև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի «հագուստի մոդելավորում» բաժինը։ Մագիստրատուրայում եմ ուսանել, Երևանում, հետո Մարսելի բարձրագույն դպրոցում եմ շարունակել կրթությունս, բայց արդեն գեղանկարչության ուղղությամբ։
-Հագուստի մոդելավորումը փնտրված մասնագիտությունների շարքին է դասվում։
-Սա ժամանակի պահանջն է, չէ՞ որ անլույս և անհույս տարիներին մեր երկիրը բավականին հետընթաց ապրեց, նաև այս բնագավառում էր կանգառ արձանագրվել։ Եթե այս ոլորտն ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ շնորհալի մոդելավորողներ ունենք այսօր, ովքեր այնքան արդյունավետ են աշխատում, որ երբեմն չեն հասցնում պատվերներն իրականացնել։ Այսինքն, կյանքի զարգացմանը համընթաց զարգանում է նաև այս մասնագիտությունը։ Այսօր ազգային մշակույթի հենքի վրա են հագուստներ ստեղծվում, որոնք պահանջարկ ունեն արտաքին շուկաներում և որոնց վրա մակագրված է՝ «Made in Armenia»։ Այսօր հանրահայտ է հայկական «Նաղաշ» բրենդը, որն ստեղծում է հագուստ Ռոսլինի մանրանկարներով, Սարյանի ծաղիկներով և այլն։ Վստահեցնում եմ, որ հետաքրքրությունը նման հագուստի հանդեպ շատ մեծ է։
-Դուք երկու տարի առաջ ընդունեցիք Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջը ոչ բարվոք վիճակում։ Այսօր այստեղ կարգ ու կանոնն է դրության տերը, ավելացել են կերպարվեստին առնչվող մասնագիտությունները։
-Շնորհալի պատանիներ շատ կան այս քաղաքում, շրջակա համայնքներում, և նրանց գեղարվեստական կրթությունը բնակավայրից ոչ հեռու վայրում կարևոր նախապայման էր։ Ընդհանուր առմամբ տասը մասնագիտություն ենք ուսուցանում, որոնց թվում նոր են ութը՝ թարգմանություն և գործավարություն, գեղանկարչություն, դիզայն, զարդակիրառական արվեստ և ժողովրդական արվեստներ, ապահովագրական գործ, զբոսաշրջություն, դերասանական արվեստ։ Առաջիկա ուսումնական տարում կբացենք հագուստի մոդելավորման բաժինը։ ՈՒնենք շուրջ 300 սովորող։ Շենքային պայմանները թույլ են տալիս ընդլայնվել, անշուշտ, որոշ ծրագրեր իրականացնելուց հետո։ Ի դեպ, մեզ բավականին աջակցում է քոլեջի խորհրդի նախագահ, գործարար Հայկ Հովսեփյանը։ Նա պահածոների գործարան ունի Ջրվեժում։
«ՆՐԱՆՑ ՆԵՐԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԿԱ Է ԱՐՎԵՍՏԸ, ՄԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆՔ ՀԱՐԹՈՒՄ ՆՐԱ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ»
-Քոլեջում ծանոթ և հարազատ դեմքերի հանդիպեցի, ՀՆՄ անդամ նկարիչ-դասախոսների։
-Այո, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վոլոդյա Աբրահամյանն է մեզ մոտ դասավանդում, Մհեր Նազարյանը, Վարդան Պողոսյանը, Թերլեմեզյանի անվան քոլեջի երկար տարիների ուսմասվար և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Ալբերտ Գևորգյանը։ Մի խոսքով` համախոհների կուռ թիմ ենք ձևավորել և վստահ ենք մեր վաղվա օրվա նկատմամբ։ Ի դեպ, որոշ պատանիներ ու աղջիկներ կերպարվեստի բաժիններ են դիմում գրեթե անտեղյակ գեղանկարչության նրբություններին, տուրք տալով իրենց ներքին մղումին, որն է սերը գեղեցիկի հանդեպ։ Մեր մասնագետները նրանց հետ լրիվ անվճար պարապում են, ուսուցանում են կերպարվեստի այբուբենը, և արդյունքները միշտ էլ գոհացնում են և՛ նրանց, և՛ մեզ։ Այսինքն, նրանց ներաշխարհում առկա է արվեստը, մենք ճանապարհ ենք հարթում նրա դրսևորման համար։ Անկեղծ ասած, չեմ էլ թաքցնի երազանքս, այն է՝ քոլեջն ամբողջությամբ ուղղորդվի դեպի արվեստն ու կերպարվեստը։ Սա պարզապես ցանկություն չէ, սա ժամանակի հրամայականն է։
-Խորհրդային տարիներին Թումանյան-Տերյան փողոցների հատման վայրում էր գտնվում հռչակավոր գեղարվեստի սալոնը, որտեղ, գեղանկարներից զատ, վաճառվում էին դեկորատիվ-կիրառական արվեստի փայլուն նմուշներ, պրոֆեսիոնալ նկարիչների աշխատանքներ։ Գեղարվեստի սալոնները հռչակված էին խորհրդային անծայրածիր երկրում և Հայաստանի գունեղ բրենդն էին։
-Ինչ-որ առումով, թեկուզ և ոչ առևտրի սրահների տեսքով, խնդիրն աստիճանաբար կարգավորվում է։ Մասնավորապես, գեղարվեստի ակադեմիայի սաների ստեղծած սպասքը շատ պանդոկներում է օգտագործվում, աստիճանաբար շատերը նախապատվություն են տալիս հայկական միջավայրում ստեղծված բարձրորակ նմուշներին, մերժելով ներկրված և կասկածելի ծագում ու որակ ունեցող համարժեք տեսականին։
-Մինչև քոլեջ հասնելն անթիվ պանդոկներ և հյուրատներ տեսա. դրանք չե՞ն կարող բարեկամանալ ղեկավարածդ կրթօջախի հետ և սպառել քոլեջի սաների շնորհալի ձեռքերով ծնված ապրանքատեսականին։
-Շատ տեղին է հարցը։ Բայց սա աշխատանք է, որը պետք է իրականանա ժամանակի ընթացքում։ Այժմ ուսանողներին թույլ է տրված գործարար տարածքներ ստեղծել քոլեջի տարածքում։ Մտածում եմ, որ հագուստի մոդելավորման բաժին ձևավորելուն զուգընթաց քոլեջում ստեղծենք արհեստանոց, որտեղ կաշխատեն սաներն ու նրանց ուսուցիչները։ Սա հնարավորություն կընձեռի, որ և՛ քոլեջը լրացուցիչ եկամուտներ ունենա, և ուսանողները սովորելու ընթացքում գործնական հմտություններ ձեռք բերեն։ Առհասարակ քոլեջի շատ սաներ բավականին նախանձախնդիր են գիտելիք ձեռք բերելու գործում, դասերն ավարտելուց հետո նրանք շարունակում են շփումը դասախոսների հետ, ուղղակի քամում են նրանց՝ իրենց գիտելիքները հարստացնելու նպատակով։ Սա ինձ շատ է ուրախացնում, նշանակում է, որ հենց այնպես չենք բացել այս ուսումնական հաստատության դռները։ Ի դեպ, Երևանից էլ են գալիս մեզ մոտ սովորելու։
«ՊԱՏԺԵԼԻՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ ԻՄ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԱՐԱՐՔՆԵՐԸ»
-Գևորգ, ինքդ էլ տեսանելի անցյալում ուսանող էիր, այսօր, հատկապես գեղարվեստի բաժինների սովորողների կանոնակարգից դուրս արարքները տեսնելով, ինքդ քեզ չե՞ս հիշում։
-Իհարկե, հիշում եմ և պատժելիս հիշում եմ իմ և ընկերներիս արարքները։ ՈՒղղակի ամեն բան պետք է լինի որոշակի չափի մեջ, անկարգությունը չպետք է վերածվի ամենաթողության։ Աշխատում ենք այս սահմանը հստակ պահպանել։
-Քոլեջի խորհրդի նախագահը գործարար է։ Հաճելի է նման բան լսել։ Ինչպե՞ս եք նրա հետ համագործակցում։
-Ամիսներ առաջ նա ասաց, որ իրեն հաշվապահներ են պետք։ Երկու ուսանողի գործուղեցի, և նրանք արդեն աշխատում են պարոն Հովսեփյանի պահածո արտադրող ընկերությունում։ Անշուշտ, տեսանելի հեռանկարում այս ընկերության արտադրանքը կձևավորեն մեր մասնագետները։ Հիշեցնեմ, որ արդեն երկու տարի անց կյանք կմտնեն մեր շրջանավարտ նկարիչները, ժողովրդական արվեստի վարպետները և մյուսները։
-Որքան հասկացա, համագործակցությունը քեզ համար սկզբունք է։
-Այո, և ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) համակարգող Կարեն Ավագյանին համակարգված գործակցության համար, նա մշտապես մեր կողքին է, սատարում է շատ հարցերում։ Ինչպես շատ բուհերի և քոլեջների, այնպես էլ մեր հաստատության սաները ՀԵՀ-ի միջոցներով տարին մի քանի անգամ ուղևորվում են Ծաղկաձոր, այնտեղ հանգստանում են, պլեներների են մասնակցում, կազդուրվում են և ստեղծագործում։ Ինքդ էլ գիտես, թե որքան կարևոր է պլեները նկարչի համար։ Այս ամենից բացի, քոլեջում հաճախ ենք ցուցահանդեսներ կազմակերպում, առհասարակ համագործակցում ենք նկարչական դպրոցների հետ։ Մի խոսքով, ապագային վստահ ենք նայում, բայց նաև իրատեսորեն։
Աբովյան քաղաքի արվարձանում, Հատիս լեռան հայացքի ներքո տեղակայված այս գործուն և հուսալի կրթօջախը լքելուց առաջ զրուցեցի երկու ուսանողների հետ։ ԷՄԻԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ միակ տղան է 17 աղջկա շրջապատում։ Նրանք դիզայն են ուսումնասիրում։ Էմիլն անկեղծ էր՝ այստեղ իրենց առջև բացվում են արվեստի աշխարհի բոլոր դռները, և միջավայրը շատ է տրամադրում սովորելու, խորանալու մասնագիտության մեջ։ Նա նաև խոստովանեց, որ աղջիկների նման «առատությունն» իրեն չի խանգարում, հակառակը, փորձում է ինչ-որ հարցերով բոլորին թիկունք կանգնել։
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նույնպես սովորում է դիզայնի բաժնում։ Խոստովանեց, որ նկարել է մանկուց, նախ սովորել է Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում։ Հետո նրան խորհուրդ են տվել ընդունվել հենց այս քոլեջը։ Ասաց, որ չի փոշմանել իր ընտրության մեջ։ Էմիլը, Լիլիթը և մյուսներն աշխարհի իրենց զուտ գեղարվեստական ընկալումներն ունեն և ցանկանում են ավելի գեղեցիկ դարձնել շրջապատը, բնաշխարհը, բնակավայրերը և, իհարկե, մարդկանց։ Աբովյանի պետական քոլեջին և նրա սաներին մաղթենք կանաչ ճանապարհ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ