«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Նկարչուհիները՝ Կանանց տոնին

Նկարչուհիները՝ Կանանց տոնին
28.03.2017 | 12:01

Այս խորագրով գարունն ամեն տարի այցելում է Աբովյան-16՝ Հայաստանի նկարիչների միություն, որտեղ ավանդաբար կազմակերպվում է հայ նկարչուհիների ստեղծագործությունների ցուցահանդես:


ՀՆՄ-ի կերպարվեստային համալիրի գլխավոր ցուցասրահում հայ նկարչուհիները ներկայացել էին իրենց լավագույն գործերով` գարնանային զարթոնքի տրամադրությունները արտացոլելով գեղանկարի, գրաֆիկական, դեկորատիվ-կիրառական արվեստի և քանդակի ժանրում: Ներկայացվել է 111 հեղինակի 111 ստեղծագործություն, յուրաքանչյուրը՝ մի վառ անհատականության նմուշ: Կերպարվեստի տոնը, ինչ խոսք, անկատար կլիներ առանց նկարչուհիների հետ հանդիպման:


ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ. «Գարունը, իհարկե, մարտի 1-ով է սկսվում, անկախ նրանից՝ օրը գարնանային է, թե ցուրտ: Սակայն մեզ համար գարունը սկսվում է նաև այս ցուցահանդեսով: Գարունը հույսի շրջան է, այս գարունն էլ մեզ հույսեր է ներշնչում, և հուսանք, որ դրանք կիրականանան: Ինչ խոսք, յուրաքանչյուր տարի կազմակերպվող ավանդական այս գարնանային ցուցահանդեսները ևս յուրօրինակ դրական տրամադրություն են հաղորդում: Այս օրը տոնական է, տոն է, որը հուսանք, ողջ տարին մեզ հետ կլինի»:
ՍԱԹԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Իմ նկարում ձմեռն այցելել է գարնանը և կամենում է դեռ վայելել գարունը: Այս կտավում հորինված ոչինչ չկա, վարդագույն երկինքը արտացոլվել է ձյան վրա: Այս տարվա հագեցած, մառախլապատ ձմռանը, փետրվար ամսին մի պահ օրը բացվեց, և ես նկարեցի այս տեսարանը: Օրվա համար շատ ուրախ եմ, նախ՝ ցուցահանդեսն է, ինչպես յուրաքանչյուր գարնան, հաջողված, նաև հաճելի դեմքեր եմ տեսնում՝ նկարիչներին և արվեստասերներին: Գարունը սկսվում է գարնանային այս ցուցահանդեսով, այս գույներով և տրամադրությամբ: Անկեղծ ասած, տարին ինձ համար ոչ թե հունվարի 1-ին է սկսվում, այլ հենց այս օրը»:
ՀԱՍՄԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ. «Ճարտարապետական կառույց եմ ներկայացրել: Նկարի տեխնիկան հաստ և խիտ շպալերային գործվածք է: Զագորսկ քաղաքի եկեղեցիներից մեկն է ներկայացված, այս շարքի մի քանի գործերից սա ընտրեցի գարնանային մեր ավանդական ցուցահանդեսի համար: Փորձել եմ ավելի գեղանկարչորեն մոտենալ եկեղեցիների պատկերմանը: Ռուսական եկեղեցիներից բացի, ստեղծել եմ հայկական ճարտարապետությանը նվիրված գործեր, դարձյալ այս տեխնիկական մոտեցմամբ: Ավելացնեմ, որ ուսանողներիս հետ բավականին արդյունավետ ենք աշխատում նաև գարնան թեմայով»:
ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆ. «Նկարի անունը գուցե մի քիչ անսովոր է. այն անվանեցի «Տարօրինակ երազ»: Երազը տեսել էի երկարատև տագնապալից օրերից հետո, որոնք, բարեբախտաբար, հաղթահարեցի: Երազիս մեջ սպասում կար, հույս կար և լույս: Երազում ես քայլում էի դեպի լույսը ամբոխի միջով: Քայլեցի և հասա լույսին, ինչն էլ արտացոլված է այս նկարում: Գարնանային ցուցահանդեսները նոր լիցք են տալիս, ցանկություն է առաջանում անընդհատ ստեղծագործելու»:

«ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՇԱՀԵԼ Է ԾԱՂԻԿՆԵՐԻՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆԻՑ»


Ցուցահանդեսը մեկնաբանելու նպատակով դահլիճ հրավիրեցի արվեստաբան Զարա Մալոյանին:
-Տիկին Մալոյան, մի քանի ժամ է, ինչ Դուք ուշի ուշով անցնում եք ցուցահանդեսով: Ի՞նչ տպավորությամբ եք հեռանում:
-Սովորաբար գարնանային այս ավանդական ցուցահանդեսները տոնական բնույթ ունեն, և սպասելիքները դրանցից այնքան էլ մեծ չեն: Այս տարվա ցուցահանդեսը որակական առումով բնավ չի զիջում միությունում անցկացվող հանրապետական և թեմատիկ մյուս ցուցահանդեսներին: Պետք է արժանին հատուցել ցուցահանդեսի կազմակերպիչներին, ովքեր բավականին հստակ ընտրություն են կատարել: Չզարմանաք, բայց ցուցահանդեսը շահել է... հենց ծաղիկների սակավությունից:
-Ծաղիկների առատությունը ստեղծագործություններում իջեցնո՞ւմ է որակական նիշը:
-Ամենևին նկատի չունեմ, որ ծաղիկ կամ ծաղկային նատյուրմորտ նկարելը թերի բան է, պարզապես հաճախ ծաղիկ ու ծաղկեփունջ նկարելը դառնում է լուրջ խնդիրները շրջանցելու, ինչ-որ տեղ գլուխն ազատելու միջոց: Ծաղիկը, հատկապես գարնանը, ինքնին տոնական երևույթ է, այս իմաստով ինչպես էլ ծաղիկ կամ ծաղիկներով դաշտ նկարես, տոնն ապահովված է: Կերպարվեստագետը՝ կին, թե տղամարդ, երբեք չպետք է ստեղծագործելիս դադարի մտածելուց, խուսափի կոմպոզիցիա հորինելուց, որ բավականին բարդ բան է: Մի փոքր շեղվելով այս, ինչ խոսք, բավականին ներկայանալի ցուցահանդեսի լուսաբանումից, նշեմ, որ այսօր նկարչին չի ներկայացվում լավ գծանկար ունենալու խիստ պահանջ: 20-21-րդ դարերի կերպարվեստի զարգացումները սովորեցրին շատ նկարիչների, որ կատարյալ գծանկարը չէ ամենաէականը: Իհարկե, չանտեսելով այն, որ գծանկարը հիմնարար նշանակություն ունի կերպարվեստում:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՋՈՂՎԱԾ Է ՀԵՆՑ ՆՈՐ ՓՈՐՁԵՐԻ, ՆՈՐ ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐԻ
ԱՌՈՒՄՈՎ»


-Այսինքն, կերպարվեստագետն ավելի ու ավելի ազա՞տ է դառնում:
-Մարկ Ռոտկոն հսկայական գումարներով է վաճառվում, սակայն նրա ստեղծագործություններում գծանկարի նշույլ անգամ չկա: Այսօր միտումներն են փոխվել, գուցե այնքան էլ խստապահանջ չենք կատարման վարպետության առումով, փոխարենը շատ ենք պահանջկոտ հորինվածքի և ինքնատիպության հարցում, և շատ դժվար է վերոնշյալը բավարարել: Այս ցուցահանդեսը հաջողված է հենց նոր փորձերի, նոր մտահղացումների առումով:
-Այցելուները գարնանային-ավանդական ցուցահանդեսները սովորաբար դրական են գնահատում:
-Այս ցուցահանդեսը բացառություն չէ: Ի վերջո, հարյուրից ավելի ստեղծագործողներ են հանդես եկել մեկական ստեղծագործությամբ: Թերևս, զգացվում է դեկորատիվ արվեստի տարրի սակավությունը, քիչ են գոբելենները: Փոխարենը ցուցահանդեսում որակյալ տպագրական աշխատանքներ կան: Նկատելի է շատերի ուշադրությունը ինքնատիպության և հորինվածքի հանդեպ: Կանայք և աղջիկները խորացել են պլաստիկ քանդակի մեջ, և սա զարմանալի չէ, մենք Այծեմիկ ՈՒրարտուի և Թերեզա Միրզոյանի մակարդակի քանդակագործներ ենք ունեցել: Բազմազան է ներկայացված գեղանկարչությունը: Կան նշանավոր վարպետների ժառանգների հետաքրքիր գործեր, ուր և՛ նրանց հայրերի ազդեցությունն է նկատելի, և՛ սեփական ձեռագիրը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ