Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Պարզ ու ջինջ, զարմանալի անկեղծ ու նվիրումով լի… «Ծխացող կարոտ»

Պարզ ու ջինջ, զարմանալի անկեղծ ու նվիրումով լի… «Ծխացող կարոտ»
09.06.2017 | 06:46

«Կպատմեմ, բալես, սիրով կպատմեմ, բայց կուզեի, որ քո աչքերով տեսնեիր գյուղի չքնաղ աշունը: Աշունը գյուղի ցանկալի հյուրն է, նրա պես խոհեմ, նրա պես փորձառու…»,- այսպես է սկսում Սերոբ պապն իր հարազատ գյուղի՝ Որոտան գետի ափին թիկնած հին Ղալաջուղի նկարագրությունը՝ համեմված գյուղի աշնան, գյուղական անցուդարձի ու հոգսաշատ կենցաղի, գյուղացու հոգեբանության զարմանալի ճանաչողությամբ, գրական ոճին նոր թարմություն հաղորդող դիպուկ ու հետաքրքիր համեմատություններով` գունեղ ու կարոտով լի. «Աշնանը գյուղի երկինքն էնքան է կախվում, որ սև ամպերն անթաքույց սկսում են շոյել գյուղի ցաքուցրիվ տների կտուրները: Գոմերում Նոյյան տապանի պես տեղավորվում են մեծ ու փոքր, սև ու սպիտակ, մանր ու խոշոր թռչուններն ու կենդանիները և իրենց պահապան, ինքնահավան գամփռ շների հովանու ներքո պատրաստվում են օր օրի հետևից ապրել մինչև գունեղ գարուն…»: «Ծխացող կարոտի» հիմքում անապակ գյուղն է, որը հեղինակը պատկերել է նախանձ շարժող մանրամասներով: Այն կարծես գյուղի մանրանկարչություն լինի` պարզ ու ջինջ, զարմանալի անկեղծ ու նվիրումով լի:
ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆԻ «Ծխացող կարոտը» հսկայական մեծ սեր է դեպի գյուղն ու հայրենիքը, ընտանիքը, հայրենի օջախը: Այն գրված է զարմանալի անկեղծ ու պարզ գրչով, ինչն ավելի գրավիչ է դարձնում հեղինակի ստեղծագործությունները: Գրքից հորդում են հայրենի հողի ու ջրի նկատմամբ չափազանց մեծ նվիրում ու վարակիչ ջերմություն, որի սկզբնաղբյուրը գյուղն է, գյուղացու անապական մաքուր կերպարը, գյուղացու ոգին, կյանքի բովով թրծված ու զտված ավանդույթները, որոնց հեղինակը հակադրում է քաղաքի կեղծ ու խեղված բարքերը: «Ծխացող կարոտի» յուրահատկությունն է հայրենիքի ու գյուղի նկատմամբ ընդհանրացված սերը: Մ. Բաբայանի ծննդավայր գյուղն այս ժողովածուում չի մասնավորեցվում, առանձնացվում: Այն կարդալով` յուրաքանչյուր ընթերցողի մեջ կարոտ ու ջերմություն են արթնանում իր հարազատ գյուղի օդ ու ջրի, լեռների հանդեպ, սեր ու կարոտ, որ «փոխանցվում են արյամբ, մայրական օրորոցայինով, տատական աղոթքով, հայրական խորհուրդներով ու պապական խորունկ խրատներով…»: Գրքի կերպարների մեջ ընդհանրանում է հարազատ հող ու ջրին անմնացորդ նվիրված իր հայրենիքի քաղաքացին, որ մանրամասն սիրում ու ճանաչում է իր ծնողին՝ փոքր, բայց հինավուրց ու իմաստուն գյուղը:
«Ծխացող կարոտը» հայրենասիրական ստեղծագործություն է, և ես զարմանալիորեն հավատում եմ, որ Հայաստանն այս ստեղծագործության հեղինակի պես մարդկանցով կհարատևի, մարդիկ, որ սիրում են Հայաստանը և՛ որպես հայրենիք, և՛ որպես պետություն: Կարծում եմ` այսօր ճիշտ ժամանակն է այս տեսակի հոգեբանության և մտածողության՝ մաքուր, անշահախնդիր հայրենասիրության:
«Ծխացող կարոտը» ճչուն և փքուն հայրենասիրությունը չէ, այլ արմատներից կառչած մաքուր ու մեծ սերն է դեպի հայրենի բնօրրանը. «Չէ, Հայրենիք սիրելու համար հարստությունն էական չէ, Հայրենիք սիրելու համար մայր ու երեխա, տուն ու այգի, փողոց ու խնձորենի, ընկեր, ուսուցիչ, գիրք ու Չարենց, հարևան ու բարեկամ, զինվոր է պետք սիրել…»:


Մուրադ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ