Հայ ազգային կերպարվեստի շատ վարպետներ, այս կամ այն հանգամանքների ճնշման ներքո, այն ճանաչումը չունեն, որին արժանի են, այնինչ նրանց վաստակը հայ արվեստում ծանրակշիռ է և մնայուն: Մեր խորագիրը կփորձի շտկել ցավալի և, ինչու չէ, ամոթալի այս խնդիրը, խոսքը տրամադրելով արդի հայ արվեստաբանության վարպետներին: Մեր առաջին վերարժևորումը վերաբերում է Վահրամ Գայֆեճյանին: Նրա արվեստը մեկնաբանում է Ջոտտոյի տուն-արվեստանոցի տնօրեն ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Վահրամ Գայֆեճյանը բացառիկ երևույթ է համաշխարհային արվեստի պատմության մեջ: Նկատի առնելով այն աղաղակող փաստը, որ զանազան, հատկապես փոքրաքանակ ժողովուրդների տաղանդներին մշակույթի պատմությունն ու արվեստաբանությունը ժամանակ չունեն լիարժեք անդրադառնալու, որովհետև ամեն ինչ որոշում է վայրի մոլուցքով կապիտալ կուտակող գռեհիկ և անճաշակ նորագույն շուկան, չենք զարմանում, որ այս տեքստի առաջին նախադասությունը հզոր տերությունների հանրագիտարաններում, հռչակավոր պարբերականների էջերում չի գրվել և երբևէ չի հայտնվի:
Մի՞թե դուք տեսել եք արվեստի որևէ հանրամատչելի բառարան կամ հանրագիտարան, որի մեջ ըստ արժանվույն գնահատված լինի 20-րդ դարասկզբի խոշորագույն անհատականություն, թատրոնի, կերպարվեստի, երաժշտության տեսաբան, նկարիչ, բժիշկ, Առնոլդ Շյոնբերգի, Թոմազո Մարինետտիի բարեկամ Նիկոլայ Կուլբինը: Կամ՝ Գեորգի Յակուլովի, Ալեքսանդր Տիշլերի, ուրիշ մեծերի տաղանդը:
Երիտասարդ, տաղանդավոր Վահրամ Գայֆեճյանը վայելում էր Կուլբինի, հատկապես բարոյական, աջակցությունը:
Այսօրվա հեռվից կամ այսօրվա «մոտիկից» փառաբանված վարպետների համայնապատկերի վրա առանձնանում և անընդհատ մեծանում է բանաստեղծի ներաշխարհ ունեցող, նրբաճաշակ գեղանկարիչ Վահրամ Գայֆեճյանը: «Իսկապե՞ս Վահրամ Գայֆեճյանը մեծ նկարիչ է»,- հարցրեց ինձ տարիներ առաջ բավականաչափ կրթված խորհրդային պաշտոնյան: «Իհարկե, վիթխարի»,- ասացի ես:
Մարդը հայացքը հառեց հեռուն և այլևս երբեք չհետաքրքրվեց ինձ նման մեկի կարծիքով: Բայց տարիներ հետո նրան հետաքրքրող արվեստաբանը Գայֆեճյանին նվիրված իր խոսքը վերնագրեց «Խաղաղ հանճարը»:
Մարդկությունը վիթխարի և հանճարեղ է համարել Լեոնարդո դա Վինչիին, Միքելանջելո Բուոնարոտիին, բարեբախտաբար, գնահատության այդ աստիճանակարգն ու երևակայական բուրգը անընդհատ ձևափոխվում, կերպարանափոխվում են, քանի որ աշխարհի մեծ ու փոքր թանգարաններում ներկայացված են Ջոտտոյի, Մազաչչոյի, Պիերո դելլա Ֆրանչեսկայի, Ռեմբրանդի, Վերմեերի և խոշորագույն այլ վարպետների անկրկնելի ստեղծագործությունները:
Իսկ նկարչության էության, ազատության, կյանքի շարժման ու անմիջականության մեջ չափազանց խորացած Վինսենթ վան Գոգի, Պոլ Գոգենի, Պոլ Սեզանի, Պաբլո Պիկասոյի գոյությունն ինքնին մարդկության և արվեստի պատմության մեջ մշակույթի խնդիրներին մոտենում է հարաբերականության (նույնիսկ նույնանուն տեսության) տեսանկյունից և անընդհատ ճոճում է թանկարժեք նյութերով ու իրերով բարձված Դեմիեն Հերստի և նրա հավակնոտ ու մեծամիտ խորհրդատուների երևակայական ու իրական նավը:
Ահա այս տարօրինակ համայնապատկերի վրա, այսօր, կարծում եմ՝ ոչ միայն մեր աչքին, անընդհատ բարձրանում են աշխարհին մաքրություն, ազնվություն հաղորդած, համաշխարհային մշակույթին քրիստոնեական, մարդկային, բարոյական արժեքներ ներարկած, աշխարհի մեկ վեցերորդ մասի փոթորիկներով ու սամումներով անցած զարմանալի նկարիչներն ու քանդակագործները: Իսկ նրանց մեջ Վահրամ Գայֆեճյանն ուղղակի շողշողում է: Վերջինիս առանձնացնում ենք, որովհետև մեծատաղանդ Սարյանը, Գեորգի Յակուլովը, Ռոբերտ Ֆալկը, Պյոտր Կոնչալովսկին տարբեր ժամանակներում շնչել են Փարիզի օդն ու ազատությունը, իսկ Գայֆեճյանն Արևմուտքի ազատությունն ու փափկությունը չի վայելել: Եվ սակայն հիշյալ ականավոր վարպետների գործերի վրա անզեն աչքն անգամ կարող է նկատել փշալարերով շրջափակված լայնարձակ երկիր-ճամբարի հետք-կնիքը: Մինչդեռ, դիտելով Գայֆեճյանի պատկերները, ոչ ոք չի կարող գիտականորեն, իրավաբանորեն ապացուցել, թե այդ նկարների հեղինակը Փարիզում չի ապրել և ստեղծագործել է ստալինյան մղձավանջի տարիներին: Մթնոլորտը, շրջապատը չափազանց կարևոր են արվեստագետի, կրթված մարդու համար: Եղիշե Թադևոսյանը Մոսկվայից վերադարձավ ոչ թե հայրենի Վաղարշապատ, այլ Թիֆլիս: Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը կարոտախտ ուներ մոսկովյան տարիների հանդեպ: Ղազարոս Աղայանը լավ չէր զգում Ախալցխայում ուսուցչության տարիներին: Խաչատուր Աբովյանը թիֆլիսյան միջավայրում խեղդվում էր շրջապատի տգիտության ու սահմանափակության մեջ: Սարյանն ապրում էր և՛ Երևանում, և՛ Մոսկվայում (ի դեպ, Լիլի Բրիկենց շենքում): Կոմիտասը թողեց Վաղարշապատը և իր երգչախումբը ստեղծեց Պոլսում: Այս համայնապատկերի վրա կա մեկը, որը ներդաշնակել է գավառական քաղաքի շրջապատի հետ և իր շուրջը տարածել լույս ու ճաշակ: Դա Մոսկվայի համալսարանում, Լազարյան ճեմարանում, գեղանկարչության, ճարտարապետության և քանդակագործության մոսկովյան ուսումնարանում ուսանած, Ախալցխայի եկեղեցու քահանայի, հայ գրականության ուսուցչի զավակ Վահրամ Գայֆեճյանն է:
Ախալցխայում, Թիֆլիսում, Երևանում ապրած տարիների կոմպոզիցիաները, դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները մեծ արվեստագետի և մարդու հորինվածքներ են, որոնց վրա բացարձակապես չի զգացվում նկարչությունից բավականաչափ հեռու գտնվող և նյութի թագավորության մեջ խարխափող նրա շրջապատի ազդեցությունը:
Ճակատագիրը Վահրամ Գայֆեճյանի համար գծել էր մեծ մարդուն վայել հուզումներով, բանաստեղծությամբ, ողբերգականությամբ լեցուն մի ճանապարհ: Հայրը Գևորգյան ճեմարանն ավարտած, Ախալցխայի Ամենափրկիչ եկեղեցու քահանան էր, քաղաքի ծխական դպրոցների հայոց լեզվի, հայ գրականության ուսուցիչը, եղբայրը՝ Պերճ Գայֆեճյանը, Վիեննայում բարձրագույն կրթություն ստացած, ժամանակի ազգային-ազատագրական գաղափարներով ոգեշնչված մեկը: 1905-ին Վիեննայում հրատարակված «Լացող աշուղը» գիրքը ձոն էր. «Ախալցխայի ազնիվ հայ երիտասարդներին», իսկ «Արեան վրեժը»՝ «Խանասորի հերոսներին՝ ՈՒսուլին և իր ընկերներին»: Նշանավոր հայդուկ ՈՒսուլ Խաչոն (Խաչատուր Տեր-Կարապետյան) Պերճի մորաքրոջ զավակն էր:
Գայֆեճյանների տունը շնչում էր հայոց պատմությամբ, Հայաստանի ճակատագրով: 1937-ին Թիֆլիսում Պերճին ձերբակալեցին, բռնագրավեցին Ախալցխայի և Թիֆլիսի նրա անշարժ գույքը, տաղանդավոր եղբոր նկարների հավաքածուն: Վահրամն այս ամենին դիմացավ, որովհետև տառապանքի փորձ ուներ (նրա կյանքի ընկերուհին՝ Բերտա Կամյուն, մեկնել էր Փարիզ և չէր վերադարձել, որովհետև սկսվել էր Համաշխարհային պատերազմը):
Ե՛վ 1900-ական, 1910-ական թվականներին, և՛ ստալինյան մղձավանջի ժամանակ Վահրամ Գայֆեճյանը մատիտով, ջրաներկով, գուաշով, յուղաներկով ստեղծել է փոքրիկ գլուխգործոցներ, որոնք հատկապես այսօր, երբ աշխարհում «քաղցում են ճոխ սեղանների մոտ», հոգևոր մեծ լույս ու ջերմություն են առկայծում: Իսկ 1917-ին ստեղծած «Եղրևանիները» մեր ազգային պատկերասրահի մարգարիտներից է:
Իմպրեսիոնիզմի, ռեալիզմի, ինչ-որ տեղ նաև անառարկայական արվեստի սահմանագծին ծնված այս նատյուրմորտը խորապես գրավել է և՛ խորհրդային պաշտոնյաներին, և՛ արվեստի իսկական երկրպագուներին, և՛ 1910-ականներին Թիֆլիս, Հայաստան, Վան այցելած Սերգեյ Գորոդեցկուն:
«Եղրևանիները» այնքան ոգևորեց Օսիպ Մանդելշտամին, որ նա գրեց իր հրաշալի «Իմպրեսիոնիզմ» բանաստեղծությունը:
Գայֆեճյանի նման անհատականությունների լույսը, թերևս, երբեք չի սպառվի:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ