«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Գալիք ցուցահանդեսը` Վանաձորում

Գալիք ցուցահանդեսը` Վանաձորում
21.06.2019 | 01:51

Այս տարվա մայիսի 23-29-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կայացավ Նիկօյի (Նիկոլայ Մանուկյան) ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հայտնություն էր արվեստասերների և արվեստագետների համար, քանի որ Նիկօն ներկայացավ իր զարմանալի տաղանդի ողջ հմայքով։ Նիկօն այն կերպարվեստագետն էր, որը հեռու էր մնում ինքնահռչակումից, նկարում էր միայն այն, ինչն իր սրտին ու մտքին էր հարիր այդ պահին, և նկարում էր` պահպանելով իր ազատությունը։
Եթե Նիկօյի գեղանկարչական աշխատանքները հետաքրքրությամբ դիտվեցին, ապա նրա գրաֆիկան իսկական հայտնություն էր։ Գունային և գծային անսպասելի համադրություններ, իմաստային արտերևույթներ և սեփական անշփոթելի վրձնահարվածներ։ Սա էր Նիկօն ցուցահանդեսում, և հենց սա էլ գնահատվեց պատշաճ ձևով։ Անսպասելի էր Նիկօյի թերթային գրաֆիկան («Իրատես» թերթում արված բազմաթիվ կոլաժները), որը, ըստ ճանաչված արվեստաբան Մարտին Միքայելյանի, թերթի ձևավորման փայլուն օրինակ էր և դեպքից դեպք համաշխարհային մակարդակի էր հասնում։
Այս ամենը մեզ ուղղակի պարտադրում է Նիկօյի վերոնշյալ ցուցահանդեսը կազմակերպել Հայաստանի մյուս քաղաքներում, ի մասնավորի` Վանաձորում։
Գալիք ցուցահանդեսի մասին արվեստասեր հանրությունը կտեղեկացվի մոտ ժամանակներս։ Տեղին է նշել, որ ցուցահանդեսի 100-ից ավելի աշխատանքներ մեզ տրամադրեցին նրա ընկերները, մարդիկ, որոնց հավաքածուներում կային Նիկօյի աշխատանքներից։ Որոշ նկարներ տրամադրեց Նիկոլայ Մանուկյանի կինը` Փիրուզա Մելիքսեթյանը։ Այս ամենի համար նրանց հայտնում ենք մեր երախտագիտությունը և հույս տածում, որ գալիք ցուցահանդեսներին ևս կներկայացվեն պահանջվող աշխատանքները։ Սպասենք և հուսանք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հայաստանի նկարիչների միության անդամ, անցած և գալիք ցուցահանդեսի համադրող

Դիտվել է՝ 2945

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ