ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հավատի զորությունը

Հավատի զորությունը
22.07.2014 | 11:10

Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում: Ես ցանկանում եմ պատմել իմ տատիկի մոր` մեծ մայր Անահիտի և նրա զորավոր հավատի մասին:
Երիտթուրքերի իշխանության տարիներն էին: Թուրքական կառավարությունից հրաման էր եկել` կամ պետք է մուսուլմանություն ընդունեք, կամ էլ բոլորիդ աքսորելու ենք:
Անահիտի սկեսրայրը` Նահապետը, մեր գյուղի գյուղապետն էր և մի արու զավակ ուներ` Անդրանիկ անունով: Անդրանիկն ու Անահիտը սիրով էին ամուսնացել և ունեին մեկ ուստր և դուստր (իմ տատիկը): Դեռ 1914 թվականին Անդրանիկին զորակոչել էին թուրքական բանակ և միանգամից տարել ռազմաճակատ:
Այդ հրամանը ստանալուց հետո գյուղապետը հավաքում է գյուղի բոլոր տղամարդկանց և ասում.
-Թուրքական իշխանությունները հրաման են տվել` կամ ամբողջ գյուղով ընդունելու եք մուսուլմանությունը, կամ էլ աքսորվելու եք անապատներ: Եկեք մտածենք և մի որոշում կայացնենք:
Նրա ձայնի մեջ մեծ տառապանք կար, և խոսքն ավարտելուց հետո գլխահակ նստեց: Հավաքվածների տրամադրությունն ընկավ: Առաջին անգամ մուսուլմանություն չէին ընդունել և աքսորվել էին, և հիմա էլ չէին ցանկանում ընդունել: Բայց նաև չէին ցանկանում իրենց հայրենի գյուղը, հարազատների շիրիմները, տները, դաշտերը, աղբյուրները թողնել և ընդմիշտ հեռանալ: Նրանք շատ երկար խորհեցին, քննարկեցին և եկան մի ընդհանուր որոշման. ձևականորեն ընդունել մուսուլմանությունը, բայց աղոթքները և քրիստոնեական բոլոր ծիսակատարությունները պահպանել անաղարտ ձևով:
Ժողովից հետո տղամարդիկ ցրվեցին իրենց տները և այդ տխուր լուրը հայտնեցին ընտանիքի անդամներին: Անկախ նրանից` ընտանիքի անդամները համաձայն են այդ որոշման հետ թե ոչ, ընտանիքի գլխավորի ասածը օրենք էր:
Նահապետը ծանր քայլերով, ծանրացած սրտով, մռայլված տուն մտավ: Ընտանիքը նրան լուռ սպասումով դիմավորեց: Նրանց սրտերը լավ բան չէին գուշակում: Նահապետը ծանր հայացքով նայեց կնոջը և ասաց.
-Երեխաներին սենյակից դուրս տար, իսկ մեծերով հավաքվեք: Կարևոր բան ունեմ ասելու, թեպետ սրտովս չէ:
Նա գլուխը մի պահ կախեց, մտքերը հավաքեց և խոսեց.
-Թուրքական կառավարությունը այս էլ երկրորդ անգամ է մուսուլմանությունն ընդունել պարտադրում: Առաջին անգամ չընդունեցինք և գաղթեցինք: Շատ դաժան էր, և շատ մարդիկ մեռան գաղթի ճանապարհին, բայց մեր հավատը պահեցինք: Նա երկար լռեց: Ալեհեր գլուխը ցնցվում էր հոգեկան ծանր ապրումներից, աղի և այրող արցունքներից: Հետո Նահապետը ցածրաձայն շարունակեց.- Ժողովում տղամարդկանցով որոշեցինք մուսուլմանությունը կեղծ ընդունել: Այնպես որ, պատրաստ եղեք:- Քմծիծաղը ծամածռեց նրա շուրթերը, և նա դառնացած շարունակեց,- բայց մենք մեր աղոթքները, ծիսակարգերը գաղտնի կկատարենք: ՈՒրիշ ճար չունենք:
Եվ Նահապետը ամոթից գլուխը կախեց: Արցունքները աչքերից հոսելով անցնում էին խիտ ու ճերմակ մորուքի միջով և գետնին էին կաթում: Նա մտքերի մեջ էր և ոչինչ չէր նկատում: Իսկ տնեցիները առաջին անգամ էին Նահապետի արցունքները տեսնում:
Հարսը` Անահիտը, լուռ մոտեցավ սկեսրայրին: Նահապետը գլուխը բարձրացրեց և երկուսի հայացքները հանդիպեցին: Անահիտն ասաց.
-Ես մուսուլմանություն չեմ ընդունի, թեկուզև կեղծ: Թող ինձ աքսորեն, մեկ է, չեմ ընդունի, որովհետև ես Կենդանի Հիսուս Քրիստոս ունեմ իմ հոգում:
Նահապետը պատասխանեց.
-Ըստ իրենց օրենքի, երեխաներին քեզ չեն տա և քեզ մենակ կաքսորեն: Բացի այդ էլ, Շանթը միակ տղա երեխան է` տոհմի շարունակողը:
-Մեկ է, ես չեմ ուրանա իմ հավատը, իմ Աստծուն,- եղավ Անահիտի պատասխանը։
Երկու-երեք օր հետո, ըստ թուրքական օրենքի, Անահիտին դատարան կանչեցին:
Անահիտն աղոթեց ու ասաց.
-Տե՛ր իմ, Քո գրքում ասում ես. «Երբ Իմ պատճառով դատարանի առաջ կկանգնեք, Ես ձեր բերանում խոսքը կդնեմ»: Տե՛ր իմ, եկել է այդ ժամանակը: Ես քեզ եմ ապավինում:
Եվ գնաց դատարան: Դատավորը շատ զայրացած էր: Անահիտը գյուղի միակ բնակիչն էր, ով հրաժարվեց մուսուլմանություն ընդունելուց: Դատավորը Անահիտին հարցրեց.
-Ինչո՞ւ մուսուլմանություն չես ընդունում, չէ՞ որ բոլոր գյուղացիներն ընդունեցին:
Անահիտը պատասխանեց.
-Ես ամուսնացած կին եմ, և իմ գլխի տերը չեմ: Ռազմաճակատից հետ կանչեք իմ ամուսնուն, և եթե նա ընդունի մուսուլմանություն, ապա ես էլ պարտավոր եմ ընդունելու:
Դատավորը զարմացավ: Նա չէր սպասում այդպիսի խելացի պատասխան: Նա շատ երկար մտածեց և ասաց.
-Հալալ է քեզ քո գյավուրությունը, բայց իմացիր` պիտի աքսորվես:
Անահիտը շատ էր դառնացած: Նրան նույնիսկ չթույլատրեցին իր զավակներին հրաժեշտ տալ: Նույն օրը երեկոյան աքսորեցին: Անահիտը մտքի մեջ, հոգով, աղոթում էր Տեր Աստծուն.
-Փա՛ռք Քեզ, Հիսուս Քրիստոս: Դու ասել ես. «Ովքեր Քեզ հավատում են, իրենց հավատի պատճառով հալածվելու են»: Ես ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր և Փրկիչ, միայն խնդրում եմ, ամուսնուս անվնաս հասցնես ինձ, իսկ երեխաներիս պահես և պահպանես, մինչև իրար գտնենք: Փառքդ շատ, Տեր:
Եվ աքսորյալների բազմահազարանոց քարավանը շարժվեց դեպի անապատը: Երկու օր էր, ինչ այդ քարավանը հարավ էր գնում: Կեսգիշերին քարավանը կանգ առավ: Վրանները խփեցին և մարդկանց տեղավորեցին գիշերելու: Մի քանի ժամ չէր անցել, երբ ճամբարում կարմիր ձիավոր հայտնվեց: Նա գտավ Անահիտին և ասաց.
-Քո որդին շատ ծանր հիվանդ է, համարյա մահամերձ է: Ինձ սկեսրայրդ է ուղարկել, որ քեզ գյուղ տանեմ, որ դու վերջին հրաժեշտը տաս: Դատավորն էլ է թույլատրել: Առավոտ ծեգին կգնանք:
Եվ ձիավորը հեռացավ: Անահիտը մի պահ հուզվեց և շփոթվեց, բայց հաջորդ պահին ծնկի իջավ և սկսեց աղոթել.
-Տե՛ր իմ և Փրկի՛չ, Հիսուս Քրիստոս, իմ անդրանիկ զավակին` Շանթին, ես Քեզ եմ նվիրում: Թող ամեն ինչում Քո՛ կամքը լինի: Փա՜ռք Քեզ, Տե՛ր: Ամե՛ն:
Հետո ոտքի կանգնեց: Նրա հոգնած դեմքն ամբողջովին փոխվել էր, հայացքից զորություն, աչքերից հուր էր ցայտում, և շուրթերին երանելի ժպիտ ու համր աղոթք կար: Նա ամբողջովին լույս էր ճառագում: Անահիտն ամբողջ գիշեր չքնեց և վրանի մոտ նստած սպասում էր արևածագին: Արևածագից մի քանի վայրկյան հետո, վրանի մոտ հայտնվեց մի սպիտակ ձիավոր, երկար, ճերմակ մորուքով: Նա մոտեցավ Անահիտին և ասաց.
-Աստված քեզ վերադարձրեց քո որդուն քո հաստատուն հավատի համար: Քանզի Նա սիրող Աստված է և ասել է. «Ամեն մեկին իր հավատի չափով եմ տալու»: Աստված քո որդուն ողջ և առողջ քեզ է հանձնելու:
Եվ սպիտակ ձիավորն անհայտացավ: Կարմիր ձիավորը արթնացավ, նրանք ճանապարհ ընկան: Երբ հասան գյուղ, տեսան, որ ողջ գյուղը սգի մեջ է: Մտան տուն: Կանայք լաց ու կոծ էին դրել, իսկ սենյակի կենտրոնում սեղանի վրա դագաղն էր դրված, և տղան էլ մեջը պառկած: Նա առանց արտասվելու մոտեցավ տղային, բռնեց ձեռքը և ստուգեց զարկերակը: Լացող կանայք սկսեցին ծաղրել և ծիծաղել նրա վրա և ասել.
-Երևի մտածում ես, որ քո Աստվածը նրան կփրկի՞: Նա արդեն երկու օր է` ինչ մահացած է: Դու երևի գժվե՞լ ես: Եթե մուսուլմանություն ընդունեիր, քեզ չէին աքսորի, որդիդ էլ կարոտից չէր հիվանդանա և չէր մահանա: Սկեսրայրդ քաղաքի լավագույն բժշկին էր հրավիրել, և նա չկարողացավ փրկել որդուդ կյանքը: Ո՞Ւր է քո Աստվածը:
Անահիտը պատասխանեց.
-Բժիշկների Բժիշկը ինձ նվիրեց իմ որդուն, նա ողջ է: Փա՜ռք Քեզ, իմ Տեր Հիսուս Քրիստոս:
Հետո դիմեց որդուն.
-Շանթ, արթնացի՛ր, որդիս, քնիցդ արթնացի՛ր:
Եվ Շանթը նստեց դագաղում: Կանայք ճչալով փախան, իսկ Անահիտը երջանիկ ժպիտով, ամուր-ամուր գրկել էր իր որդուն և համբուրում էր, ու համր շուրթերով փառաբանում էր Աստծուն:
Մյուս օրն ամբողջ գյուղը հրաժարվեց մուսուլմանությունից և Անահիտի հետ մեկնեց անապատ` դեպի Սիրիա, իրենց երգերով և աղոթքներով փառաբանելով Սուրբ Երրորդությանը: Փա՜ռք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամե՛ն:


Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ