1913 թվականին Կեսարիայում ծնվում է Թուրքիայի առաջին կին քանդակագործ ՄԱՐԻ ԳԵՐԵՔՄԵԶՅԱՆԸ։ Անկարայի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին անպատասխան նրան է սիրահարվում ամուսնացած հայտնի թուրք նկարիչ ու բանաստեղծ Բեդրի Ռահմի Էյուպօղլուն։
Ռահմին սիրում էր Մարիին խենթի պես։ Հայտնի նկարիչը նկարել է նրա դիմանկարներն ու նրան նվիրել տասնյակ բանաստեղծություններ։
Մարին սև ունքեր ուներ, սև աչքեր, սև բախտ... Քանի որ հայ էր, դարաշրջանի մամուլը նույնիսկ նրա անունը չի նշել Անկարայի քանդակագործության ցուցանմուշներում, ոչ մի տեղ չի նշել ստացած մրցանակները․․․
1947 թվականին Մարիի մոտ ախտորոշվում է տուբերկուլոզ և տեղափոխվում է Ստամբուլի գերմանական հիվանդանոց։ Վիճակը ծանր էր։ Անտիբիոտիկ էր պետք։ Բայց համաշխարհային պատերազմը նոր էր ավարտվել և երկրում դեղեր չկային:
Հայտնի նկարիչը վաճառում է իր նկարները, որպեսզի փրկի անհասանելի սիրելիին: Բայց անօգուտ։
Մարի Գերեքմեզյանը կյանքից հեռացավ 1947 թվականի հոկտեմբերի 12-ին 37 տարեկան հասակում:
2 տարի անց...
1949-ի գարնան օր էր...
Ստամբուլում հանդիպում էր հայտնի նկարիչ և բանաստեղծ Բեդրի Ռահմի Էյուպօղլուի հետ։
Բեմից, առանց քաշվելու կնոջ ներկայությունից, հայտնի պոետն արցունքներով կարդում է ժամանակին իր սիրելի Մարիին գրած հայտնի բանաստեղծությունը, որն իր ուրույն տեղն ունի թուրք գրականության մեջ։
Իմ սև թութ, իմ թթենի, իմ գնչուհի,
Իմ նուռ, իմ լույս սիրելի, իմ միակ,
Թե ես ծառ եմ, ճյուղերի փնջերը դու ես,
Թե ես փեթակ եմ, դու իմ մեղրն ես, մեղո՛ւն։
Դու իմ մեղքն ես, իմ պատուհասն ես։
Լեզվի մարջան, լարիս մարջան, կին մարջան,
Քո ճանապարհին կյանք եմ դրել,
Երկնքում փնտրելիս՝ գետնի վրա գտել։
Իմ սև թութ, իմ թթենի, իմ գնչուհի,
Դու իմ ժպտացող սերկևիլ,
Իմ լացող նռնենի,
Դու իմ կին, իմ կին, իմ կին...
Քեզ նկարել եմ երկրում, երկնքում,
Գրել անունդ ծիլերի վրա,
Իմ բախտ, իմ բախտ, իմ բախտ,
Իմ մրահոն, իմ սևաչ, իմ սև ճակատագիր։
Հասմիկի հոտ է գալիս, տենչանքի հոտ է գալիս,
Այստեղ և այնտեղ, ամենուր՝ քեզանից։
Ես ծառա, ես ստրուկ, ես գերի՝
Բոլորովին զերծ անախորժություններից։
Հոգնել եմ տեղում դոփելուց,
Լուցկու փայտիկի պես կոտրված,
Փակուղիներում գլուխս քորելով՝
Ցուցադրական ձիերի պես։
Դու իմ սիրտն ես, իմ միակ հոգին,
Թշվառության մեջ այրվել, խորովվել եմ։
Փառք Աստծուն՝ իմ «դժբախտության» համար,
Ես մաքրված ու լվացված մարդ եմ դարձել։
Իմ բախտ, իմ բախտ, իմ բախտ,
Իմ մրահոն, իմ սևաչ, իմ սև ճակատագիր։
Առանց քեզ, սիրելիս, առանց քո աչքերի,
Աշխարհն ինձ համար արգելված կլինի...
Թարգմանություն՝ Շուշաննա Հայասա