Երեկ տաքսի էի պատվիրել։ Վարորդը բարյացակամ բարևս առավ։ Մի տեսակ անհանգստացա, երբ ուշադրությունս կենտրոնացավ հայելուն. վարորդը անընդհատ «աչքերով հետևում էր ինձ»։
- Դուք իմ կնքամայրն եք։ Արցախից եմ, 2001 թվականին իմ ամբողջ ընտանիքին կնքեցիք Դադիվանքում։
- Այո, իսկապես, 350 և ավելի արցախցիների կնքեցինք։
Երկուսս էլ լռեցինք։ Այդ լռության մեջ մի մեծ հիշողություն կար և ապրված տարիներ։
Չգիտեմ, թե ինչու չկարողացանք զրուցել։
Երիտասարդը հայացքով անընդհատ ինձ հետ էր. պատահաբար, բայց հանդիպել էր իր սրտին շատ մոտ մարդու։
Արգելակեց մեքենան, երկուսս էլ իջանք։
Զարմանքով նայեցի, տաբատի աջ կողմը դատարկ էր. ոտքը չկար։ Արցունքոտվեցին աչքերս։ Գրկախառնվեցինք։
- Իմ մեկ ոտքը չկա, բայց Ձեր կողքին էլ Մեծ Լեռը չկա։ Ինչքան եմ հպարտացել, որ Ձեր սանիկմ եմ։ Աշխատել եմ պարոն Երիցյանի խոսքերը իմ մեջ պահել` լավ սովորիր, գիտելիքներ ձեռք բեր, բարությունդ բաժանիր ամենքին։ Այդպես էլ ապրում եմ։
Երկուսիս արցունքներին միացավ փողոցը։
Անցորդները արտասվում էին մեզ հետ։
Փողոցը լցվեց արցունքներով։ Ամեն մեկը յուրովի հասկացավ մեր արցունքի իմաստը...
Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ