BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

… ևնորիցուկրկին

… ևնորիցուկրկին
27.03.2025 | 19:20

Երբ մտահոգությունները կասկածների են վերածվում, կասկածները վերածվում են վախերի, վախերից հետո սահմռկեցուցիչ մեկ հարց է ծնվում՝ մի՞թե․․․
Մի՞թե կրկին կանգնած ենք պատմության կրկնության առջև և ո՞ր էջերն ենք կրկնելու:
Մեր հերոսական էջերը վե՛րագրելու, վե՛րակերտելու զորությունը չունենք, բայց մի՞թե հավիտյանս հավիտենից զրկված ենք նաև նո՜ր, մեր երազած ու կյանքի կոչվելիք էջերը գրելու իրավունքից ու հնարավորությունից։
Արցախյան պատերազմներից հետո մեզ ապահով ու անվտանգ չենք զգացել և հիմա, այսօր էլ պիտի փաստենք, որ Հայրենիքս վտանգված ու անապահով է։
1991-ից անկախացանք, մեր ցուրտ, մութ, զրկանքներով լի գոյությունը արդարացրինք Արցախյան պատերազմով, պատերազմում հաղթեցինք, հետո հիացանք, հպարտացանք մեզնով, մեծարեցինք մեզ, բայց իրականում, խոստովանենք, ապրեցի՞նք որպես անկախ ու հաղթանակած ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, կայացրի՞նք, կերտեցի՞նք, շենացրինք ու հզորացրի՞նք, վայելեցի՞նք անկախության ու հաղթանակի պտուղները։
Երբեք չեմ մոռանում, որ իմ «ինչպե՞ս եք» հարցին, իմ դասախոս Աշոտ Մարությանը ժպիտով պատասխանեց՝ «լավ եմ, Ժաննա ջան, անկախացանք ու անկախ մեզնից ապրում ենք, էլի»։
Նրա ասելիքի խորքը հետո հասկացա, երբ Երկիրս, իրոք, անկախ մեզնից, բառիս ուղիղ իմաստով, փլուզվեց:
Մի՞թե անկախության խակ ու դառը պտուղների արդյունք չէր նաև Արցախի մսխումը։
Հրադադարը մեզ որպես հաղթանակ մատուցվեց, այնինչ դա մեր պարտության սկիզբն էր։
Պարտված երկիրը 1994-ից ի վեր միջազգային բոլոր կառույցներում հաղթանակած Երկիրս ներկայացրել է որպես զավթիչ-ագրեսոր, իսկ մենք, ի պատասխան, անում էինք ամեն ինչ, որպեսզի աշխարհին համոզենք, թե՝ տեսեք, տեսեք, մենք ինչքան պուպուշ ենք ու անքան խաղաղասեր, որ ա՛յսկերպ էինք մրցում՝

Ազերին՝ զենք, մերոնք ՝ դղյակներ,
Ազերին զորք, մերոնք ՝ եկեղեցի,
Ազերին՝ նզովք, մերոնք՝ աղոթք,
Ազերին՝ զորատուն, մենք՝ խաղատներ։

Մենք մեր ձախողումներից, պարտություններից, հաղթանակներից անգամ դասեր չենք առնում, չենք խրատվում, չենք ուղղվում։
Եվ հիմա էլ, այսօր, գուցե և ամենաճակատագրական պահերին, երբ, Չարենցի հորդորով, «մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ» պիտի գտնենք, Կռիլովյան առակի հերոսների՝ կարապի, խեցգետնի, գայլաձկան ու էլի մանր-մունր ձկների ենք վերածվել ու մասնատվում-հյուծվում ենք, մասնատում ու հյուծում ենք մեր մեկ ու միակ, ո՜ղջ հայության Հայրենիքը։
Հայտնվել ենք անորոշ, անընկալելի խառնաշփոթի մեջ, որտեղ հուսահատությունն ու հիասթափությունը ոչինչ են այն գերակշիռ զգացողությունների համեմատ, որ ապրում ենք սպանիչ սպասումների մեջ՝ հետո՞, մինչև ե՞րբ և կրկին՝ մի՞թե։
ՈՒ քանի՜ դար է փրկիչների փնտրտուքի մեջ ենք և այս հավերժական փնտրտունքի մեջ էլ մենք կորցրել ենք մեր ինքնությունը, մեզ հզորացնելու ունակությունը, Հայրենիքի հանդեպ՝ տիրոջ զգացողությունը, Հայրենիքի նվիրյալ ծառան լինելու կամքը։
Ընտրությունից ընտրություն կամ գալիք ընտրություններին ընդառաջ՝
Կուսակցություննե՜ր, կազմակերպություննե՜ր, խմբե՜ր, խմբակնե՜ր՝ իրենց հայտնի ու անհայտ, ճանաչված ու անճանաչ, հեղինակավոր ու հեղինակազրկված, հայրենիքասեր ու այլասեր ղեկավարներով ու ղեկավարվողներով․․․խոսում, քննարկում, մերժում ու ոչնչացնում են միմյանց, խոստումների տարափ են տեղում։
Սրանցից մի խումբը կարծեք թե կողմնորոշում է, մյուս խումբը անմիջապես ա՛պակողմնորոշում է, մեկը հայրենյաց դրախտը տեսնում է եվրոպաներում, մեկը ռուսաստաններում, մեկի հույսն էլ Ամերիկան է։
Եվ սա թուլացնում է մեզ, նվազեցնում կամ վերացնում է մեր պատասխանատվությունը, պարտադրում է մեզ ապավինել ա՛յլ, հուսալի, նույնիսկ վտանգավոր , փորձված կամ նույնիսկ անփորձ գործընկերային երկրներին։
Եվ այսպես, մեզ ու մեզնից անկախ մեզ բաժան-բաժան են արել, բայց երբեք մեզ բաժին չի հասել։ Մեզ՝ մերի՛ց բաժին չի հասել։ Այսպես համակերպված ու հնազանդ հասել ենք 21-րդ դար ։
Պատմական գործընթացներն այսօր էլ կրկին սկսվել ու շարունակվում են։ Եվ այսօր էլ պատմական հիշողությունը մեզ հիշեցնում է՝

Աշխարհաբաժան
Պատերազմներում
Այդ ե՞րբ է եղել,
Որ մեր շերեփը՝
Թղթի՜ց չի եղեյ․․․

Խաղաղությունը միակ կռվանն է, որն ապահովելու է մեր խաղաղ կյանքը, Խաղաղություն՝ թեկուզ և Համաձայնագրով, թղթով, դիվանագիտական ջանքերով։
Թող լինի, լինի ինչպես ուզում է, ինչպես ասում են՝ ինչ գնով էլ լինի՝ միայն թե առանց զենքի, առանց պատերազմի, առանց կորուստների։
Ինչ գնով էլ լինի՝ հատուցողը մե՛նք ենք լինելու, մենք՝ դիմություն թե՝ ընդդիմություն, մե՛նք՝ որպես ժողովրդավար երկրի ժողովուրդ, որպես դեմոկրատական երկրի դեմոս։
Եվ ուրեմն, մենք իրավունք ունենք ամբողջապես տեղեկացված լինելու հռչակված Խաղաղության Համաձայնագրի մասին, կարծիք ու տեսակետ հայտնելու, քննարկումների մասնակիցը դառնալու, մեր կասկածներն ու մտահոգությունները փարատելու, ինչու՞ ոչ՝ նաև հավանություն ու համաձայնություն տալու։
Պատասխանատուն մենք չենք, մե՛զ են պատասխան տալու։
Մի՞թե անվերջ են լինելու մեր զիջումները, արդյո՞ք դրանք երաշխիք են դառնալու մեր անվտանգ ու խաղաղ ընթացքի համար։
Մի՞թե թվարկելիք հրաժարումները ինքնին վտանգ չեն՝ Հայաստանի դռները բաց թողնելու համար։
Իհարկե, պահանջ է պարտադրված, և մենք կամովին հրաժարվում ենք.


ա) Մինսկի խմբից, այսինքն խմբի հզոր երկրների միջամտությունից, ազդեցությունից, զսպումներից, նրանց ազատում ենք մեր հանդեպ ստանձնած պատասխանատվությունից:

բ) ԵՄ առաքելությունից, այսինքն եվրոպական խաղաղապահների հսկող ու արձանագրող, զսպող դերակատարում ունեցող աչքից, և այս կետի շուրջ տրվող բացատրություններն անհամոզիչ են:

գ) Միջազգային ատյաններում՝ ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ առկա հայցերից, այսինքն արդարացնում ենք ալիևին, մերժում ենք այդ ատյանների գոյությունը։ Իսկ վստա՞հ ենք, որ հակառակ կողմը, որն արդեն մեր պատանդներից, կարևոր չէ ինչ մեթոդ-միջոցներով, Հայաստանի դեմ ի՜նչ մեղադրանքներ է կորզել, կորզում է, նպատակները պարզ են, պատկերացնելն անգամ սարսափելի է։ Դեմ հայցեր չի՞ ներկայացնելու, չի՞ դիմելու նույն միջազգային ատյաններին։ Թե՞ երդվել է։

դ) Հրաժարվում ենք գործող Սահմանադրությունից։ Հարցականները շատ են ու անորոշ։

Իսկ ի՞նչ պահանջներ ենք ներկայացրել մենք, որոնցից հրաժարվել է ադրբեջանը, որո՞նք են մնացած չբացահայտվող 10-ը կետերը, որոնք ընդունել է ադրբեջանը։
Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ չենք և չենք կարող պատերազմել մի քանի պետության դեմ, մենք սարսափում ենք մեր զավակներին զոհաբերելուց, Հայրենիքի մաս կորցնելուց։
Մենք խաղաղություն ենք երազում-ակնկալում, մեզ խաղաղություն է պետք՝ կայուն, հուսալի, անխախտ։ Հաղթանակին տեր չեղանք, կարո՞ղ ենք խաղաղությանը տեր դառնալ՝ առանց երաշխավորների, առանց միջնորդների, առանց բարեկամ հովանավոր երկրների։
Մի՞թե արդեն ինքնաբավ ինքնիշխան ենք, մենք մեզնով։
Երանի այդպես լիներ։ Երանի արդե՛ն այդպես լիներ։

Համոզված ու վստահ եմ՝ ազգովին պատրաստ ենք դիմանալու ամեն տեսակի և բոլոր զոհողություններին, միայն թե Խաղաղություն լինի։
Միայն թե խաղաղություն լինի։
Իսկ մինչ այդ…

Ժաննա ՂՈՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ