«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Աշխարհի ներկա վիճակը թելադրում է գլոբալ ուժերի խմբավորման նոր մեթոդաբանություն

Աշխարհի ներկա վիճակը թելադրում է գլոբալ ուժերի խմբավորման նոր մեթոդաբանություն
30.04.2025 | 10:45

Աշխարհի տարբեր անկյուններում աշխարհաքաղաքական ոլորտի ստրատեգներն ու քաղաքագետները «հայտնագործում» են, որ Թրամփն ու Պուտինը աշխարհի կառուցվածքի մասին ունեն նույն ուժային տեսակի պատկերացումները, որոնց համար քաղաքակրթությունը բաղկացած է մի քանի մեծ ու հզոր տերություններից, որոնք իրար հետ կարգավորելով իրենց հարաբերությունները, պետք է իրենց ենթարկեն մյուս համեմատաբար թույլերին ու փոքր երկրներին։

Եվ դա ասվում է այնպիսի կեղծ զարմացածությամբ ու «անկեղծորեն» կլորացած աչքերով, որ մարդկանց մի պահ թվում է, թե այդ մարդիկ ծանոթ չեն աշխարհի պատմությանը, որտեղ չի եղել մի իսկապես հզոր մեկը, որը այլ կերպ մտածեր։

Իրականում նրանք շատ լավ ծանոթ են և՛ աշխարհի պատմությանը, և՛ խորապես հասկանում են նաև, որ աշխարհը այդպիսին եղել է, կա և կլինի, ու նրանց «անկեղծ զարմացածությունը» պարզապես կապված է այն բանի հետ, որ այդ վարձու «ստրատեգների» ու նրանց հետ նույն նպատակը հետապնդող ինֆորմացիոն միջոցների տերերի համար դա դոմինանտության գլոբալ պայքարում նշանակում է նահանջ ու պարտություն։

Այս իմաստով, աշխարհի ներկա վիճակը թելադրում է գլոբալ ուժերի խմբավորման նոր մեթոդաբանություն, որի առաջին և շատ կարևոր հետևանքներ ունեցող քայլը Թրամփի նոր քաղաքականությունն է Ռուսաստանի նկատմամբ։

Մի մոտեցում դեպի գլոբալ գոյապայքարի արմատական հարցերը, որը շատ դժվար խնդիրներ է դնում Եվրոպայի և Թրամփի քաղաքականության այլ հակառակորդների առաջ։

Ընդհանուր առմամբ, այն հին պատկերացումները, ըստ որոնց, աշխարհի ապագան դա բոլոր երկրների հետագա դեմոկրատացումն է, ներկա զարգացումները դնում են կասկածի տակ։

Դրանց ֆոնին ավելի հավանական է թվում դեմոկրատական և ուլտրալիբերալիստական գաղափարախոսության նահանջը դեպի ավտորիտարիզմ, քանի որ դրանք աշխարհի 400-ամյա միաբևեռայնության հետևանքն էին, և որոնք ավտորիտար ուժերի վերելքի ու դրա հետևանք բազմաբևեռության պայմաններում ռեսուրսներ չունեն դեմոկրատիայի ու, առավել ևս, ուլտրալիբերալիզմի նման զգայուն ու փխրունության աստիճանի անկայուն կառուցվածքների կյանքը երկարացնելու համար։

Զարգացումների նման տենդենցի բուն պատճառը երկրագնդի վրա մեկ անձին ընկնող ռեսուրսների քանակության կտրուկ պակասելն է, մի բան, որի արդյունքը կլինի գոյապայքարի լարվածության զգալի աճը։

Այս լարվածության աճն էլ, իր հերթին, բարձրացող ավտորիտար ուժերի հետ մրցունակությունը պահպանելու համար կստիպի դեմոկրատական կոչեցյալ աշխարհին արմատական փոփոխությունների ենթարկել բարձր մակարդակի որոշումներ կայացնելու իր տեխնոլոգիան՝ դրանք արագացնելու և ավելի էֆեկտիվ դարձնելու նպատակով։

Մի հանգամանք, որը կստիպի ունենալ այլ մոտեցումներ պետական կառավարման հարցերին, ներառյալ իշխանությունների բաժանման ոլորտում նոր իմաստային շեշտադրումները և, ամենակարևորը, վերաբերմունքի փոփոխությունը մասնավոր սեփականության պրոբլեմի նկատմամբ:

Այստեղ բանն այն է, որ ինչպես մասնավոր սեփականության վերացումն է պետականորեն սխալ, այնպես էլ սխալ է մասնավոր սեփականության կենտրոնացումը փոքրաթիվ ձեռքերում, որոնք կարող են իրենց կամքը թելադրել պետություններին։

Այս իմաստով մասնավոր սեփականության գոյություն չունենալու անմիտ դեպքի և դրա փոքր թվով անձանց ձեռքերում կենտրոնացման արանքում ու կոնկրետ պայմաններից կախված գոյություն ունի օպտիմում՝ պետության կայունության ու մարդկանց կյանքի որակի տեսանկյունից։

Մասնավոր սեփականության անսասաության և այն ընդհուպ մինչև պաշտամունքի առարկա դարձնելը պատմականորեն եղել է աշխարհի 400-ամյա միաբևեռության հետևանքներից մեկը, որը բազմաբևեռության պայմաններում պետք է ունենա այլ լուծումներ, որոնց ոչ այնքան օպտիմալ տարբերակները կարելի է գտնել Չինաստանում ու Ռուսաստանում, իհարկե, դրանք որոշակի շտկումների ենթարկելով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ

rates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am