ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը մեկ տարի անց վերապրեց իր 40-ամյակին նվիրված միջոցառումը

Հաագայի «Աբովյան» մշակութային միությունը մեկ տարի անց վերապրեց իր 40-ամյակին նվիրված միջոցառումը
20.11.2025 | 11:12

Հաագա, 18 նոյեմբեր ֊

Հաագայի «Աբովյան» մշակութային միությունում անցած կիրակի կազմակերպվել էր յուրահատուկ հիշատակի հանդիպում․ միության անդամներն ու հյուրերը մեկ տարի անց կրկին վերապրել են 2024 թվականին տեղի ունեցած 40-ամյակին նվիրված եռօրյա միջոցառումների լավագույն պահերը։ Հանդիպումը նպատակ ուներ ոչ միայն հիշել տոնի տրամադրությունը, այլև ամրապնդել միասնականության ոգին, որին միությունը մշտապես հավատարիմ է։

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր, ներկայացվեցին նախապատրաստական աշխատանքների անտեսանելի, սակայն կարևոր կադրերը՝ փորձերից մինչև հագուստների պատրաստում, արվեստի գործերի ստեղծում և կազմակերպչական ամբողջ ընթացքը։

«Հիացմունքով վերապրեցինք կատարվածը»

Միջոցառման մասին մեր թղթակցի հետ զրույցում «Աբովյան» մշակութային միության նախագահ և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց.

«Միջոցառումն անցավ շատ հաջող։ Ներկայացվեցին թե՛ նախապատրաստական ահռելի աշխատանքի կադրերը, թե՛ եռօրյա հոբելյանական նախագծի լուսանկարներն ու տեսանյութը։ Մասնակիցները մեծ հիացմունքով դիտեցին ներկայացված նյութերը։ Հաճելի է, երբ նվիրված ուսուցիչների, ծնողների և երեխաների կատարած աշխատանքը գնահատվում է»,-ասաց նա։

Ներկաների շարքում էր նաև թարգմանչուհի Մարիա Սադոյանը, ով երկար տարիներ բնակվել է Վիեննայում և ծանոթ է Ավստրիայի հայկական համայնքի մշակութային միջավայրին։ Նա առանձնապես տպավորված էր «Աբովյանի» մակարդակով.

«Ավելի մեծ և նյութական առումով հզոր Ավստրիայի համայնքում անգամ նման գեղեցիկ և բովանդակալից համերգ չեմ տեսել»,- ընդգծեց Սադոյանը։

Նախապատրաստական աշխատանքները՝ հիշողությունների նոր լույսի տակ

Միության քարտուղար Ինգա Դրոստն իր զեկույցում հիշեցրեց, որ հոբելյանական ծրագրից առաջ տարվել են բազմաշերտ և երկարատև աշխատանքներ՝

- երգի և պարի խմբերի փորձեր,

- Հասմիկ Խալափյանի ղեկավարած արվեստի դասարանների ծրագրերը,

- փորձառու տիկնանց կողմից ազգային տարազների պատրաստումը,

- միջոցառման գովազդային նյութերի ձևավորումը,

- ընդունելության համար նախատեսված ավանդական ճաշատեսակների պատրաստումը։

«Սա աշխատանք էր, որին ներգրավված էր միության ամբողջ կազմը»,- նշեց նա։

Երեք օր տոն՝ հպարտությամբ ու պատմությամբ

2024 թվականի հոբելյանական միջոցառումների շարքը ընդգրկում էր երեք օր՝

- ընդունելություն միության շենքում,

- ֆիլմական ծրագիր Filmhuis Den Haag-ում,

- մեծ համերգային ներկայացում Theater aan het Spui-ում։

Բեմում հանդես էին գալիս Սվետլանա Աղաջանյանի ղեկավարած երգչախումբը, Լուսիկ Ներսիսյանի պարի խումբը, «Black Swan» քվինտետը և հանրահայտ հայ երգիչ Սևակ Ամրոյանը։

Հանդեսին ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Հաագայի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև տարբեր համայնքներից ժամանած հյուրեր։

Միասնության նոր ուժ

Միջոցառման մասնակիցները ընդգծում են, որ հիշատակային հանդիպումը ոչ միայն վերապրեց անցյալի տոնը, այլև նոր ներշնչում տվեց միության ապագա ծրագրերին։ «Աբովյանի» ղեկավարությունը համոզված է, որ նման միասնությամբ և սիրով կազմակերպությունը շարունակելու է իր մշակութային առաքելությունը Նիդերլանդներում։

Հայ մշակույթին և Հայաստանին նվիրվածությունը «Աբովյան» միության եռօրյա հոբելյանական ծրագրի գլխավոր ուղերձն էր։ Այդ զգացումը առավել զիլ հնչեց միության երիտասարդական բազմաձայն երգչախմբի կատարած հիասքանչ «Հայաստան» երգում, որը դարձավ ամբողջ տոնի խորհրդանիշը։

«Աբովյան» միությունը համոզված է, որ այս ոգին շարունակելու է առաջնորդել իր գործունեությունը։

Հաջորդ հոբելյանական մեծ նախաձեռնությունը նախատեսվում է չորս տարի անց՝ նոր ծրագրերով ու նույն սրտացավ միասնականությամբ։

«Նիդերլանդական ՕՐԱԳԻՐ»

Նիդերլանդերեն լեզվով

https://niderlandakan.livejournal.com/689994.html

https://my.mamul.am/am/post/1119836

https://www.nidoragir.com/2025/11/40.html

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ