Քանի որ ստանձնել եմ՝ շարունակեմ, որովհետև ժամանակն անցնում է, և ես ավելի եմ համոզվում, որ ժողովուրդն ինքն իրենով ոչ կրթվում է, ոչ դուրս է գալիս մոլորություններից, ոչ էլ զարգանում է, եթե նրա համար պայմաններ ստեղծող չկա. նրան երեխայի պես ձեռքը բռնող և սովորելու տանող առաջնորդություն չկա, և ինչպես տեսնում ենք, նրանք, ովքեր պատասխանատու են հանրության այս հոգեմտավոր աճի համար՝ հոգևոր դասն ու մտավորականությունը, ուսուցիչներն ու դասախոսները, քաղհասարակությունն ու հանրային գործիչները, վաղուց իրենք ունեն այս առաջնորդության կարիքը:
Տարիներով լսում ենք «ժողովուրդը բերեց նիկոլին» մեղադրական թեզը, ժողովուրդն է անգետ, ժողովուրդն է, ժողովուրդն է, ժողովուրդն է… Սա ասողները հաճախ հղվում են «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» հայտնի փիլիսոփայական թեզին, որն էլ իր հերթին հղվում է «հավն է ձվից, թե ձուն հավից» բնական պարադոքսին:
Նախ ընդգծենք, որ ոչ թե ժողովուրդը բերեց նիկոլին, այլ ժողովրդի ցասումն ու ատելությունը դուրս հորդաց փողոցներ, որը տարիներով գեներացել էր նախորդ իշխանության ամենաթող կառավարման և ներքաղաքական/սոցիալական խնդիրների լճացման պատճառով, իսկ այդ ցասումը անմարդկայնորեն օգտագործվեց՝ արդեն պատրաստված նիկոլին լեգիտիմ իշխանություն փոխանցելու համար, քանի որ նենգադավ գործարքի առաջնային պահանջը դա էր՝ ունենալ ժողովրդի մեծ մասի վստահությունը վայելող ղեկավար, ում խոսքը հալած յուղի տեղ կանցներ, ում քայլերը կասկածի տակ չէին առնվի, իսկ նրան ընդդիմացողները կճնշվեին և կկորեին: Այդպես էլ եղավ: Ժողովուրդն այս շղթայում զուտ շահագործվեց:
Կարո՞ղ էր լինել հակառակը:
Չէր կարող, քանի որ այլ որակի առաջնորդություն չկար:
Ըստ այսմ, այս դասը խորապես սերտելով և սրա դառը պտուղները քաղելով, մենք պարտավոր ենք այսուհետ կատաղի պայքար տանել ցանկացած մոլորեցնող քարոզի՝ ինչ-ինչ խմբերի շահերը սպասարկող մոլորությունների դեմ, որ ժողովրդին պահում են անտեղյակ և դյուրամարս՝ օտարածին և օտարամիտ քաղաքական հոսանքների համար, նրան դարձնում են գործիք ու զենք, որին ցանկացած պահի կարելի է գողանալ նրա սեփական պետությունից և օգտագործել այդ պետության դեմ (գունավոր հեղափոխությունների խորքային տեխնոլոգիան):
Այն, ինչ եղավ 2018-ին, այլևս երբեք չպիտի կրկնվի: Նրանք, ովքեր իրագործեցին 2018-ը, այլևս երբեք իշխանություն չպիտի ունենան: Այն իշխանությունը, որն ունենք այսօր՝ իր տեսակով և բնույթով, ոչ միայն պիտի հավերժ հեռացվի, պատժվի, այլև նրա սերմնացանը պիտի վերացվի, իսկ դրա հետքերը բուժվեն պիտի մեր հանրության միջից և կամ ոչնչացվեն: Սա պիտի արվի, եթե ուզում ենք Հայրենիք պահել, Պետություն ունենալ:
Իսկ ժողովուրդը մենք ենք մեր կյանքի երեք փուլերում. երբ մանուկ ենք, մեզ ծնողական հոգատարություն է պետք, երբ հասուն ենք, մենք ենք հոգ տանում ծնողի և երեխայի համար, երբ տարեց ենք, մեր զավակներն են հոգ տանում մեր մասին: Սա է ժողովուրդը՝ կյանքի երեք ցիկլերը, որոնցից ամեն մեկը իմաստուն և խորքային մոտեցումներ է պահանջում:
Էլիզա Առաքելյան