Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեր երկիրը աշխարհի ամենաարդար երկիրն է

Մեր երկիրը աշխարհի  ամենաարդար երկիրն է
20.12.2013 | 10:57

Սեյրան
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս մոլորակը արդարությա՞ն ուժից է, որ արդեն մի քանի միլիոն տարի պտտվում է իր առանցքի շուրջը, թե՞ մեկ այլ ուժից, ոչ ոք չգիտի: Բայց հայտնի է մի բան. մեր երկիրը աշխարհի ամենաարդար երկիրն է: Ով չի հավատում, թող հարցնի արդարության ցավերից ճաքեր տված իշխանավորներին:
Բակի հեռո՜ւ անկյունում, համարյա աշխարհի ճիշտ եզրին գտնվում էր պառաված շան հնամաշ փայտյա տնակը, իսկ նրան հարակից` մի անհայտ մարդու, բաց երկնքի տակ գտնվող անկյունը և ինչպես ինքն էր ասում` թափառականի երկիրը: Ըստ անհիշելի ժամանակներից եկած ավանդության, այդ մարդը մի քանի անգամ մանր-մունր գողություններ էր արել, դատապարտվել, բայց թե հատկապես ինչ էր գողացել և երբ էր դատապարտվել այդ ամենի համար, ինքն էլ չէր հիշում: Պառաված շունն իր տունն ուներ, իսկ թափառականը չուներ: Դա հենց արդարությունն էր, որ կար: Իհարկե, երբ ցուրտ էր լինում, անձրև կամ ձյուն էր տեղում, ծեր շունն իր տանը հյուրընկալում էր իր հարևանին: Շունը երբեք ոչինչ չէր գողանում իր տիրոջից, ինչ տալիս էր, բավարարվում էր դրանով: Հավանական է, նա աստվածավախ էակ էր: Եվ այդպես արդեն մի քանի տարի շարունակվում էր նրանց բարեկամությունը:
Հարևանը գիշերները պառավ շանը պատմում էր պատմությունները` իր կատարած ու չկատարած արկածների մասին: Պառավ շունն անթարթ աչքերը հառում էր հարևանին ու լսում էր, լսում: Երբ հարևանը մարմնի որևէ հատվածում ցավեր էր ունենում, պառավ շունն այնքան էր լիզում այդ մասը, որ ցավերն անցնում էին:
Մի օր գիշերը պառավ շունը սկսեց կրծոտել իր կապերը և ամբողջ ուժով այնպես կաղկանձել, որ հարևանի մարմինը դող ընկավ: Հարևանը դեռ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց համոզված էր` ինչ-որ շա՜տ վատ բան է պատահել:
Մահացել էր տանտերը, ավելի ճիշտ` շան և նրան կից հարևանի տերը, նրանց հաց ու ջուր տվողը, նրանց փրկիչը: Մարդը բակի մեկ այլ անկյունում փոս փորեց ու թաղեց իրենց տիրոջը: Մարդն ու շունը մի քանի օր ողբում էին իրենց տիրոջ մահը: Երկար չանցած շունն էլ սատկեց, և մարդը նրան թաղեց իրենց փրկչի կողքին: Մարդը սկսեց ապրել հանգուցյալի տանը: Հիմա նա ուներ իր երազածը` տանիք գլխավերևում, բայց չուներ ապրուստի ոչ մի միջոց: Մնում էր մի ելք` գողություն անել: Սկզբում գիշերով գնում էր հեռու գյուղերը, հավ, սագ ու այլ թռչուններ կամ նրանց ձվերն էր գողանում ու այդպես գոյատևում: Բայց երբ գյուղացիները մի քանի անգամ շներին քսի տվեցին նրա վրա, հասկացավ, որ լուրջ վտանգ ունի: Մի օր էլ որոշեց գնալ քաղաք ու բախտն այնտեղ փորձել: Հենց առաջին գիշերը մտավ ինչ-որ խանութ: Չհասկացավ, թե պահակները որտեղից վրա տվեցին ու բռնեցին և տարան ոստիկանություն:
Շատ զարմացավ ոստիկանությունում իր նկատմամբ դրսևորված գրկաբաց ընդունելությունից: Սկզբից մի լավ թակեցին, հետո սկսեցին հարցնել` թե ով է, ինչ է անում, քանի գողություն է արել, որտեղ։ Նա սկսեց պատմել ու պատմել` ինչքան երևակայությունը կհերիքեր: Եվ ա՜յ քեզ զարմանք, դրանից հետո նրա հետ սկսեցին վարվել ինչպես ամենաթանկ հյուրի` կերակրում էին լավագույն ուտելիքներով, խմիչքներով, թանկագին ծխախոտներ հյուրասիրում։ Մտածեց, որ իր պատմած պատմությունները, հավանաբար, ոստիկաններին շատ են դուր եկել և դրա համար են այդ ամենը գրի առնում, որ հետո հրատարակեն: Դե արի տես, որ ինքը մի օր էլ կարող է դառնալ հայտնի գող-գրող։ Ոստիկաններն իրենց հերթին առաջարկում էին պատմել իրենց իմացած գողությունների մասին նույնպես, բայց որպես իր պատմություն: Նա սիրով պատմում էր ու պատմում, իսկ ոստիկանները գրում էին ու գրում: Շնորհակալ է ոստիկաններին, որ իրեն օգնում են իր պատմվածքներն է՛լ ավելի հետաքրքիր դարձնելու:
Այ քեզ հաջողություն, ինչու ժամանակին չի եկել այս բարի ու հրաշալի մարդկանց մոտ: Բայց հաջողությունները երկար չտևեցին, մի օր մեծավոր ոստիկաններից մեկը բարկացած մտավ նրա խուցն ու սկսեց աշխարհի բոլոր լեզուներով հայհոյել։
-Այ անասուն, քանի օր է` իմ աշխատողներն ընկած աշխարհով մեկ ստուգում են ասածներդ, քո պատմածները, և այդպիսի գողություններ չկան, բացի մեր ասածներից:
-Իսկ ձեր ասածները գոնե կա՞ն,- վախից ծղրտալով հարցրեց գողը:
-Բա դրանք էլ չլինեի՞ն, այ հայվան, դրանք մեր չբացված դեպքերն են:
-Եթե ուրիշ չբացված դեպքեր ունեք, ասեք, դրանք էլ պատմեմ,- պատրաստակամություն հայտնեց գողը:
Ոստիկանը տարակուսանքով նայեց գողին, մտածելով` կամ սա ավարտված էշ է, կամ հոգեկան հիվանդ։ Ճշտեց` որ դատախազն էլ հարցնի, կպնդե՞ս:
-ՈՒզում է տեր հայրը հարցնի,- շշնջաց գողը:
-Լավ, որ դատախազը գա քեզ մոտ, կասես, որ օգտվում ես քո իրավունքից ու այլևս ցուցմունքներ չես ուզում տալ, բայց բանավոր կասես, որ ճիշտն ես ասել:
-Ինչի, ես էլ իրավունքներ ունե՞մ,- զարմացած նայելով խոսակցին` հարցրեց չկայացած գողը:
-Տո հենց դո՛ւ ունես, բա խոմ ե՛ս չունեմ,- բարկացած գռմռաց ոստիկանը, ապա ավելացրեց,- նույնն էլ դատարանում կասե՞ս:
-Իսկ ինձ ինչ կտաք, որ ասեմ,- գլուխը թեքելով դեպի պատը` հարցրեց գողը:
-Այ սա տղամարդու խոսակցություն է,- ոգևորվեց ոստիկանը,- ասա պայմաններդ:
-Զոնում ինձ գող կկանգնեցնե՞ք, ամսական ինձ որոշ գումար կտա՞ք, լավ պայմաններ գաղութում ու գողին արժանի հարգանք:
-Դու` մեզ, մենք` քեզ, պայմանը վատը չէ, համաձայն եմ, քեզ մեկ օրից կպատասխանեմ,- ասաց ոստիկանն ու գնաց:
«Տերովին տերն է տարել, անտերին` գելը, նստեմ թախտին` սպասեմ բախտին, անտեր ու անտուն գողից կդառնամ անունով ու հարգված գող»,- ինքն իրեն շնորհավորեց գողը:
Երբ ստացավ դատավճիռը, անգամ զարմացավ, իրեն այնքան հանցանքներ էին մեղսագրել, որ կնախանձեր անգամ ամենահանցագործ անձը, թե ինչպես կարող էր հասցնել կատարել այդքան հանցագործություն իր կարճ կյանքում, դժվար էր պատկերացնել: Բայց արի տես, որ հասցրել է:
Ինչպես նրան խոստացել էր ոստիկանապետը, շատ կարճ ժամանակում օրենքով գող կարգեցին, դարձավ գաղութի «նայողը», «օբշակի» կառավարիչը, վերջին խոսք ասողի իրավունքի տերը, գաղութի ադմինիստրացիայի հետ հարցեր որոշողը: Ազատ ելումուտ էր անում գաղութ, նրա համար սիրուհիներ էին բերում: Համաներում եղավ և նա ազատվեց «գաղութից»: Դրսում նրան այնպես ընդունեցին, կարծես պետության առաջին դեմքին դիմավորեին: Շատ ժամանակ չանցած, դարձավ մեծ բիզնեսների տեր, անգամ քաղաքական գործիչներն սկսեցին նրա հետ հաշվի նստել` հատկապես ընտրությունների ժամանակ ձայներ ստանալու, ազգի միակ պայծառ ապագան ընտրելու հարցում: Նույնիսկ նրան էին դիմում տարբեր պաշտոնների նշանակվելու հարցերով: Դարձավ «օլիգարխ», և նրա հետ հաշվի էին նստում շատ «օլիգարխներ»:
Իր համար «կանաչ ճանապարհ» հարթած ոստիկանին հեռացրել էին աշխատանքից: Նրան վստահեց իր բիզնեսներից մեկը: Բիզնեսի փայի մեջ էր դատախազների, դատավորների, ոստիկանության, հարկային, մաքսային ու մի շարք պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա շատերի բիզնեսների համար դարձել էր տանիք` թե իր երկրում, թե երկրի սահմաններից դուրս: Հետո սկսեց բարեգործություններ անել, տեր կանգնել խոստումնալից մարզիկների, երգիչների: Նրա շատ ասածներ արդեն որպես վերջին իմաստունի խոսք էին ընդունվում։ Նրա ասածներից մեջբերումներ էին անում, ինչպես կանեին դասական գրողներից, հայտնի փիլիսոփաներից, հանրահայտ մարդկանց ասածներից:
Ազգի առաջնորդի մոնումենտալ կերպարին մոտ անձ էր, երկնային պարգև, նորընծա փրկիչ: Զբաղվում էր ազգապահպանությամբ, խիստ դեմ էր հանցագործությունների տարածմանը, հատկապես թմրամոլության ու պոռնկության տարածմանը, անգամ հանցավորության դեմ պայքարի համար լուրջ գումարներ էր նվիրաբերում:
Արդեն ազգի խղճի ու բարոյականության չափանիշ էր, իշխանությունների համար կարևոր մարդկանցից մեկը:
Նրան հրավիրել էին շա՜տ կարևոր մի շենք, այնքան կարևոր, որ անգամ չէր համարձակվի երազել, թե երբևէ կարող է շա՜տ կարևոր մարդկանց պես մտնել այդ շենք: Նշանակում է` հրաշքներ այնուամենայնիվ լինում են:
Օրակարգում մեկ հարց էր` ամենակարևոր մարդու ընտրությունը: Բոլոր առողջ ուժերին հավաքել էին, որ համատեղ որոշեին մոլորակի, գուցե և տիեզերքի ճակատագիրը: ՈՒշադիր զննում էր շքեղ դահլիճում նստածներին: Իր նման ուրիշ շատ այլ կարևոր մարդկանց նկատեց:
Նշանակում է` ինքն էլ այնքան կարևոր անձ է դարձել, որ արդեն վստահում են ազգի ճակատագիրը: Բա ոնց, ինքն է ու էլի մի քանի իր պես մարդիկ, ովքեր փող ու կարողություններ ունեն, հարգված տղերք են, գիտեն որը որից հետո է: Նշանակում է` իրենք են ազգի մտավորականները և վերջ։
Խելոքներ ունենք` աշխարհը չունի։
Հավաքվածներից մի քանիսը սկսեցին քննադատել, ցեխ ու կեղտ շպրտել այլ ուժերի հասցեին, մեղադրել ազգադավության, ծախվածության, աստվածուրացության և այլ բաներում։ Իրենց թեկնածուին համարում էին, որ նա հենց ճշմարտությունն ու արդարությունն է որ կա, ազգի դարդերով ու ցավերով ապրողը, նրա փրկիչը, Աստծո պատվիրակը երկրի վրա: Տեսնես ազգն է՞լ ինչ է ուզում:
Կարևոր մարդն էլ խոսք ասաց: Ելույթը շատ հուզիչ էր ու տպավորիչ: Խոստանում էր այն, ինչ խոստանում էին մյուսները, բայց այդ ամենն ասում էր որպես Աստծուց հետո ասած անքննելի ճշմարտություններ։ Հավաքվածները նախապես պարապած հուզված դեմքերով, բերանները բաց լսում էին: Դա նրանց գոյության կարևոր իմաստն էր, որը պետք է խաղային անթերի:
-Քիչ էր մնում ես էլ հավատայի սրա ստերին,- մտածեց նա ու բոլորի հետ հոտնկայս ցնծությամբ ծափահարեց կարևոր մարդու ճառի ավարտին:
Բոլորը միաձայն որոշեցին, որ հենց այդ մարդը պետք է դառնա ազգի միակ ճիշտ ընտրությունը, և վերջ:
Եթե կան սուտ վաճառողներ, նշանակում է` կան նաև սուտ գնողներ: Դա շուկա է, սովորական առքուվաճառք: Սուտը վաճառում են փողով, մթերքով, պաշտոնով, գույքով, մարմնով, խաբվելու ցանկությունը բավարարելու հաճույքով և այլն: Թե չէ ո՞վ կարող է խաբել իմաստուն ժողովրդին։ Մի քանի հազարամյակ է, ինչ մարդկության մի մասն իր պարտքն է համարում հարմար ստեր ասել մյուս մասին հարմար սուտ լսելու իրավունքը բավարարելու համար: Ինչքան մարդկությունն է հին, այնքան էլ սուտ ասելու արվեստը: Սուտը մարդկության կարևոր մասն է, եթե ոչ կարևորագույնը: Առանց ստի մարդկությունը պարզապես չի կարողանա իր գոյությունն ապահովել: Ճշմարտությունն այնքան դաժան է, որ մարդկությունը չի կարող դիմանալ դրա ծանրությանը:
Շքեղ շենքից դուրս գալիս հասկացավ, որ կարևոր հայտնագործություն է արել` ազգը իրենց սեփականությունն է, նրան երբ և ում ուզեն` կծախեն, ում ուզեն` վարձով կտան, իսկ մինչ այդ թող ազգովին աշխատեն իրենց համար:
Ընդգծված հպարտությամբ նստեց ավտոմեքենան. «Մենք` իշխանություններս, բոլոր ժամանակների ամենալավն ենք»,- մրմնջաց քթի տակ։
Պատմությունը ցույց է տալիս, որ հաճախ սեփական ժողովուրդը ստիպված է լինում հանուն իր փրկության պայքարել սեփական պետության դեմ: Այդպիսին է այն անհայտ մոլորակի պատմությունը, որի մասին դարեր շարունակ անիմաստ վիճում են փիլիսոփաները:
Վերջ, որը վերջը չէ:
Առավոտյան բարկացած, կիսաքուն դեմքով նայեց դեպի մոլորակը: Այնքան էր բարկացած, որ չէր ցանկանում անգամ լուսավորել երկրագունդը: Զայրույթից թանձր ու գորշ ամպերով պատեց երկրագունդը: Փակել էր ականջները, որ չլսի տիեզերքից լսվող տրտնջոցները:
Երկրագնդի վրա մի կոշկակար նորոգում էր պատառոտված երկինքը: Քաղցած նկարիչը սառույցի վրա մահացած հարազատների երազներն էր նկարում: Մահը արցունքներն աչքերին շրջում էր ամայի փողոցներով, ոչ ոք նրան չէր սիրում, և լքված ամենքից ուզում էր ինքնասպան լինել, բայց չգիտեր, թե ինչպես: Հավը զարմացած նայում էր ձվի փոխարեն ծնված ագռավին: Խոզը սեփական ճտին հոշոտելով` ճտի ծնվելու խրախճանքն էր տոնում: Պաշտոնյան երազում ոսկե դագաղ էր պատվիրում, որ այդպես հասնի դրախտ: Հռչակավոր պոռնիկը զզվել էր բոլորինը լինելու կյանքից և երազում էր հուրի-փերի դառնալ: Կուսակցական առաջնորդը հայելու առաջ փորձում էր սեփական ստերին հավատալու արվեստը հղկել:
Թվում էր, թե ամեն ինչ վերջանում է, անգամ Աստծո հետ բոլոր տեսակի խոսակցությունները: Սակայն, երբ մարդը հանդիպում է իր նմանին, թվում է, թե, այնուամենայնիվ, ինչ-որ մի բան մնացել է չավարտված ու ցանկություն է առաջանում դարձյալ ու դարձյալ ամեն ինչ սկսել սկզբից, քանզի ամեն ինչ դառնում է անհասկանալի` ո՞վ ես դու, մարդ արարած, ինչո՞ւ ես եկել այս ամենաանմարդաբնակ երկիրը, որ ի՞նչ անես, ոչնչացնե՞ս, բայց ոչնչացնել դեռ չի նշանակում հաղթել:
Երկիր ունենք, աշխարհը չունի։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ