Արդեն հինգ տարի է՝ Հայաստանի պետբյուջեն փոխհատուցում է ռուսաստանյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վնասները: Ընդ որում, անցած տարիներին հարկատուների գրպանից վճարվող գումարը տարեցտարի ավելացել է․ եթե 2011-ին պետբյուջեն որպես վնասների փոխհատուցում «Հարավկովկասյան երկաթուղուն» նվիրել է 167 միլիոն դրամ, ապա այս տարի՝ երեք անգամ ավելի՝ 536,5 միլիոն դրամ: Համաձայնեք, որ այս պատկերը, մեղմ ասած, տարօրինակ է: Տեղի ունեցածը ոչ միայն հակասում է ազատ շուկայի գաղափարին, այլև խոսում է հայ-ռուսական այսօրվա հարաբերությունների ոչ այնքան բնականոն բնույթի մասին: Նույն «Գազպրոմ-Արմենիան» գազի սակագինը հաճախ բարձրացնում է մտացածին պատճառաբանություններով՝ գերշահույթ ստանալու նպատակով: Եթե սրան գումարում ենք այն հանգամանքը, որ ռուսական ընկերության ոչ թափանցիկ կառավարումն ու, մեղմ ասած, ոչ ժամանակակից մենեջմենթը հարցեր են առաջացնում, ապա ստեղծվում է մի վիճակ, որն ավելի շատ հարուցում է մեր քաղաքացիների զայրույթը, քան նրանց ըմբռնումը: Օրինակ, պարզվում է, որ այս ընկերության «խոպան» եկած պատասխանատուները ստանում են աշխատավարձեր, որոնք գերազանցում են նույնիսկ եվրոպական չափանիշները: Եվ սա տեղի է ունենում մի երկրում, որի բնակչության մեկ երրորդն աղքատ է անգամ պաշտոնական վիճակագրության համաձայն: Հիմա գուցե նույն պատկերն է նաև «Հարավկովկասյան երկաթուղիներում», ու մենք վճարում ենք ոչ թե ընկերության օբյեկտիվ վնասների, այլ դրա շեֆերի բարձր աշխատավարձերի կամ փնթի կառավարման համար: Հայաստանի կառավարությունը պետք է համարձակություն ունենա՝ հրապարակայնացնել այս խնդիրները, լուծում տալ դրանց, ստեղծել իրավական միջավայր, որպեսզի մեծանա ռուսական ընկերությունների գործունեության թափանցիկությունը, դրանց հանրային հաշվետվողականությունը, մանավանդ՝ մի շարք դեպքերում գործ ունենք ոլորտների հետ, որոնք կենսական են հասարակության համար:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ