Թերթերից մեկում կարդացի, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով ակտիվորեն քննադատում է ոչիշխանական եռյակին, որոշել է երեք ամիս լռել, որովհետև, իբր, ազատամարտիկները նրան հավաստիացրել են, թե այսօրվա ընդդիմությունը 2015-ի գարնանը երկրում իշխանափոխություն ու համակարգային բարեփոխումներ է իրականացնելու:
Ես հավատում եմ, որ Արամն իսկապես կարող է երեք ամիս չխոսել, սակայն բնավ էլ ոչ այն պատճառով, որ նրան ազատամարտիկներն ինչ-որ բան են համոզել: Նախ, ազատամարտիկներն իրենք վստահ չեն, որ եռյակի լիդերների խոսքն ու գործը նույնն են, և հետո՝ հազիվ թե 14 տարի քաղաքականության մեջ գտնվող մարդը կողքից հուշարարության կարիք ունենա:
Արամ Սարգսյանը կարող է քաղաքական պաուզա վերցնել ավելի խորքային պատճառներով: Նախ, երբ ինչ-որ մեկն արդարացիորեն քննադատում է հարթակային այսօրվա ընդդիմությանը, անմիջապես արժանանում է անզուսպ քննադատության, պիտակավորումների: Ընդդիմությունն այս առումով ավելի անհանդուրժող ու ագրեսիվ է՝ գոնե քարոզչական դաշտում, քան՝ իշխանությունը: Ես, երբ քննադատում եմ տիտղոսային ընդդիմությանը, միշտ երկընտրանք եմ ունենում, որովհետև գիտեմ, որ անմիջապես անտեղի հայտնվելու եմ Բաղրամյան 26-ի պատվերը կատարողի պիտակավորումների տարափի տակ: Նաև ասելու են, թե մենք ազնիվ-ազնիվ ձգտում էինք փոփոխությունների, իսկ դու և քո նմանները վիժեցրիք մեր «ազգափրկիչ առաքելությունը»: Այլ խնդիր էլ կա, որ իշխանությունից ու այսօրվա ընդդիմությունից դուրս գտնվող մարդկանց ստիպում է լռել, շատ ակտիվ չլինել: Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ հարթակային ընդդիմությունն օլիգարխացված են ու քաղաքական գործընթացում շեշտը դնում են փողի, ֆինանսների վրա: Սա է նրանց միակ կայուն կապիտալը, բայց նաև կաշկանդում է մյուսներին, որովհետև այս երկու համակարգերից դուրս գտնվող ուժերը՝ ֆինանսական տեսանկյունից, չեն կարող դիմանալ ռեսուրսային պայքարի տրամաբանությանը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ