«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան
28.12.2014 | 22:15

Այսօր առավոտ, երբ լսեցի Վահան Հովհաննիսյանի մահվան գույժը, հիշողությունս ինձ տարավ, հասցրեց 90-ականների կեսերը, երբ դաշնակցական ականավոր գործիչն անազատության մեջ էր, իսկ ես, այդ թվերի ուսանողական շարժման կազմակերպիչներից մեկի կարգավիճակում, նրան, հենց նրան էի համարում պայքարի խորհրդանիշ, կերպար, որի անվան շուրջ միավորվում են մարդիկ, ովքեր ուզում են պայքարել արդարության հաստատման, փոփոխությունների համար: Այդ թվերին, ճաղավանդակների հետևում հայտնված Վահանը՝ դատարանի իր խոսքում, բաց նամակներում, իր անազատությամբ, ավելի ներկա ու հաստատուն էր քաղաքական դաշտում, քան շատերը, ովքեր իշխանավորի ու ընդդիմադիրի կարգավիճակով՝ հետևողականորեն մսխում էին 88-ի արժեքները:
1996-ի նոյեմբերին, մի խումբ ուսանողներով Ազատության հրապարակում հացադուլ հայտարարեցինք՝ զորակցելու Վահանին ու մյուս տղաներին, ովքեր քաղաքական պատճառներով անազատության մեջ էին՝ իրենց կարգավիճակով մեզ օտարելով այն Հայաստանից, որը երազել ու փայփայել էինք:
Վահանն իմ հիշողության մեջ նույնանում է 90-ականների վերջի պայքարի, իմ իդեալների, ուսանողական պատկերացումների հետ: 98-ից հետո իշխանության մեջ հայտնված Վահան Հովհաննիսյանը շատերի համար դարձավ հակասական, բայց ինձ համար մնաց անփոփոխ տեսակ՝ միշտ արթուն պահելով իմ ջահել տարիների ռոմանտիզմը, ուսանողական տարիներիս արիությունը, համարձակությունը, ընկեր Վահանի կերպարը, որը ոգեկոչում էր շատերիս…
2000-ի աշնանը Վահանը Հանրային ռադիոյում իմ հաղորդման հյուրն էր: Եթերի ժամից շուտ էր եկել, ասեցինք, խոսեցինք դեսից-դենից, իրեն հիշեցրի 96-ի մեր հացադուլի մասին, դառնացած պատասխանեց, որ գաղափարը, միտքը Հայաստանում կորցնում են իրենց արժեքը: Այսօր, երբ իմացա Վահանի մահվան մասին, զգացի, որ առանց նրա Հայաստանի քաղաքական դաշտն ավելի որբացած ու անգույն. անտեսակ ու անհամ դարձավ:
Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ