Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գուցե հասունացե՞լ է Արցախը ճանաչելու պահը

Գուցե հասունացե՞լ է Արցախը ճանաչելու պահը
07.01.2015 | 17:28

Միշտ զգուշավորությամբ եմ արձագանքել բոլոր այն նախաձեռնություններին, որոնցով կոչ էր արվում միակողմանիորեն ճանաչել Արցախի անկախությունը: Հաճախ նման նախաձեռնություններով հանդես է գալիս Զարուհի Փոստանջյանը, ու ես միշտ ընդդիմանում էի՝ այն փաստարկով, որ դա կհանգեցնի բանակցային գործընթացի տապալմանը՝ դրանից բխող հետևանքներով, Հայաստանի ու Արցախի միջազգային մեկուսացման վտանգով:
Սակայն քաղաքականության մեջ դոգմատիկ, քարացած ոչինչ չկա, ու իրավիճակը կարող է փոխել մոտեցումներ, նույնսիկ սրբագրումներ կատարել պետությունների քաղաքականության մեջ: Անցյալ տարվա օգոստոսից սկսած՝ Ադրբեջանը հետևողականորեն հետամուտ է միջնորդական առաքելության ձևաչափի փոփոխությանը, փորձում է վերանայման ենթարկել թե՛ բանակցային ֆորմատը, թե՛ օրակարգը: Սա գրեթե ակնհայտ ճշմարտություն է, որը, ի դեպ, չի հերքվում նաև Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարություններով, հարցազրույցներով:
Բաքվի ձեռնարկած քաղաքական ու ռազմական պրովոկացիաներին, որոնք, ի վերջո, հանգեցնում են բանակցային գործընթացի տապալմանը, Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները տալիս են ոչ այնքան համարժեք արձագանքներ, որոնցում ավելի շատ գերիշխում են պարիտետային, ոչ հասցեական գնահատականները: Այնպիսի տպավորություն է, որ ուկրաինական ճգնաժամով հարուցված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում միջազգային հանրությունը չունի գործուն մեխանիզմներ՝ Ադրբեջանի հռետորաբանությանն ու ռազմական հնարավոր ավանտյուրային հակազդելու համար:
Եթե Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը չվերանայվի, ու դրան չհետևի միջնորդական առաքելության համարժեք գնահատականը, կարճ ասած՝ մեծանա պատերազմի վերսկսման վտանգը, կարծում եմ՝ դա նշանավորելու է իրավիճակի լուրջ, որակական փոփոխություն, որում ուղղակի անհրաժեշտություն կդառնա Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հրամայականը:
Ի դեպ, իրավիճակի փոփոխության նախանաշնաններն արդեն զգում են նաև օտար մայրաքաղաքներում: Պատահական չէ, որ օրերս Ուրուգվայի արտգործնախարարը խոսեց Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Ադրբեջանի ներսում ավտորիտար միտումների խորացումը, բացահայտ դարձած քաղաքական խոշտանգումներն ու բռնությունները, այդ երկրի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ու ռազմական ավանտյուրաները, կարծես, կանխորոշում են Արացախի միջազգային ճանաչման անխուսափելիությունը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ