Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել Փարիզում: Հարձակման է ենթարկվել «Շառլի Հեբդո» երգիծական ամսագրի գրասենյակը: 12 մարդ է սպանվել, վիրավոր են 10-ը, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները 5-ն են: Սպանվածներից 10-ը լրագրող է, երկուսը` ոստիկան։ Տեղեկություն կա, թե հարձակումից մոտ մեկ ժամ առաջ ամսագիրը Twitter սոցիալական ցանցի իր էջում «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն էր տեղադրել: 2011 թվականին Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարները թողարկելուց հետո «Շառլի Հեբդոյի» գրասենյակը կրկին հարձակման էր ենթարկվել:
Հատկապես վերջին տեղեկությունները հիմք են տվել ենթադրելու, որ ահաբեկչության հետևում կանգնած են մահմեդական ահաբեկիչները: Ի դեպ, այս վարկածը գուցե միանգամայն արժանահավատ է, եթե հաշվի առնենք այն մոլեռանդությունը, գազանությունը, որը բնորոշ է «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Բայց մի կողմ թողենք կոնկրետ ահաբեկչության մոտիվներն ու կազմակերպինչներին. դրանով, անշուշտ, կզբաղվեն Ֆրանսիայի իրավապահ մարմինները, ու մենք, թերևս, կիմանանք կատարվածի ամբողջ պատկերը:
Ինձ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ լրագրողներն ավելի հաճախ են դառնում բռնության, ահաբեկչության, ատելության թիրախ:
Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ըստ ամենայնի, դրա համար իրենց կյանքով հատուցեցին ֆրասիացի լրագրողները: Ռուսաստանցի լրագրողը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հրապարկումներով ու սպանվում է:
Հայաստանում էլ որևէ օլիգարխ կամ մականունավոր պատգամավոր սպառնում են ջարդել լրագրողի գլուխը՝ միայն այն բանի համար, որ մեր գործընկերը հանդգնել է հարց տալ մի պատահականության, ով պատահաբար դարձել է հանրային դեմք, կարևոր մարդ:
Մեր մասնագիտությունը դարձել է վտանգավորներից մեկը, մենք դարձել ենք անաստված ահաբեկչի ու չկայացած պաշտոնյայի, վրեժով լցված լյումպենի ու հաբռգած փողատերի թիրախը: Մենք մասնագիտական համերաշխության, մեր մասնագիտությունն ու հասարակական կոչումը պաշտպանելու հրամայականն ունենք:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ