Նոր տարին նշանավորվեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացմամբ: Արդեն տարեսկզբին տվել ենք հինգ զոհ: Պատերազմի վերսկսում հիշեցնող այս իրավիճակը խորհելու տեղիք է տալիս: Մինչ իշխանությունները սահմանափակվում են կցկտուր պաշտոնական տեղեկատվությամբ կամ լակոնիկ գնահատականներով՝ կուսակցությունները, քաղաքական ու հասարակական գործիչները հանդես են գալիս առաջարկություններով:
«Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ սադրանքների չդիմելու պահանջով: Անտրամաբանական է Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, երբ սահմանին Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր գործողությունները»,- իրավիճակի հաղթահարման իր դեղատոմսն է առաջարկում ՍԴՀԿ-ն:
Այս մոտեցումը ռացիոնալ չեմ համարում, որովհետև դա որևէ կերպ չի նպաստելու մեր երկրի դիրքերի ամրապնդմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործողություններն իսկապես համարժեք չեն, եթե չասեմ այն մասին, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջացած միջազգային լարվածությունը վերացրել է միջնորդ երկրների գործողությունների ներդաշնակությունը: Եթե մենք վարժվել էինք այն իրողության հետ, որ միջնորդները չեն կարող տեսանելի ապագայում բովանդակային լուծում տալ հակամարտությանը, ապա հիմա արձանագրում ենք, որ չեն գործում նաև խաղաղությանն ուղղված միջազգային փխրուն երաշխիքները: Այնուամենայնիվ, բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել մի քանի բացասական հետևանքների:
Նախ, դա օրակարգ է բերելու միջնորդական առաքելության ձևաչափի փոփոխության հարցը, որը վաղուց հետապնդվում է Բաքվի կողմից ու աջակցություն է ստանում Անկարայում, մասամբ՝ Մոսկվայում: Երկրորդ՝ Հայաստանն ակնհայտորեն առաջատար չէ քարոզչական դաշտում ու միջազգային հանրության համար այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչով է պայմանավորված սահմանային վերջին լարվածությունը: Այս համատեքստում՝ Հայաստանի քայլը կարող է իռացիոնալ որակվել՝ մեզ վրա բարդելով հնարավոր պատերազմի վերսկսման պատասխանատվությունը: Վերջապես անկեղծ լինենք՝ մեր բանակը մարտունակ է, կարող է արժանապատվորեն կանխել ադրբեջանցիների հարձակումները, սակայն մեր պետության ու տնտեսության վիճակը հնարավորություն չի տալիս դիմանալու լայնամասշտաբ պատերազմի ծանրությանը:
Իհարկե, ասվածը չի նշանակում, որ մեր դիվանագիտությունը պետք է սպասողական մարտավարություն ընտրի: Դա ոչ միայն արդարացված չէ, այլև նման է հանցագործ անտարբերության: Ստեղծված իրավիճակին անհրաժեշտ է համարժեք քաղաքական պատասխան տալ: Անհրաժեշտ է քննարկել Արցախի անկախությունը ճանաչելու նպատակահարմարության հարցը կամ միջնորդների օրակարգում դնել բանակցություններին ԼՂՀ մասնակցության իմպերատիվ պահանջ: Համաձայնեք՝ սա ավելի ռացիոնալ քայլ կլինի, քան բանակցային գործընթացը լքելը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ