ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Հունվարի 20-ից կունենանք ոչ թե եռյակի, այլ Ծառուկյանի շարժում

Հունվարի 20-ից կունենանք ոչ թե եռյակի, այլ Ծառուկյանի շարժում
13.01.2015 | 12:46

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անշուշտ, հանճարեղ մարդ է, անկախ իր սխալներից՝ Հայաստանի ամենակայացած պետական գործիչը: Բայց հանճարները նույնպես սխալվելու իրավունք ունեն, ու երբեմն նրանց սխալները կարող են ավելի տեսանելի ու առարկայական լինել բոլորի համար: Երբ 2011-ի աշնանը Տեր-Պետրոսյանը հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ ու կանխատեսեց Գագիկ Ծառուկյանի սահմանազատումն իշխանությունից, որպես շարունակություն մատնանշում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը: Ոչ մի հեղափոխություն էլ, իհարկե, չեղավ, որովհետև առաջին նախագահի նկարագրած հերոսի նպատակը ոչ այնքան գործող համակարգի վերացումն էր, որքան հնարավորինս շահեկան պայմաններով 2017-2018 թթ. գործընթացներին մասնակցելը: Նոր ընդդիմության հայտ նախապես ներկայացրեց չորս կուսակցություն: Սակայն ՀՅԴ-ն շատ արագ գերադասեց ավտոնոմ բանակցել իշխանությունների հետ՝ դրա հավաքական լիազորությունը Գագիկ Ծառուկյանին զիջելու փոխարեն: Նոր ընդդիմությունն Ազատության հրապարակի հարթակ դուրս եկավ երեք կուսակցություններով: Հենց առաջին հանրահավաքում ակնհայտ դարձավ, որ ձևավորված է Ծառուկյան-Տեր-Պետրոսյան տանդեմ, որում Րաֆֆի Հովհաննիսյանն անելիք չունի: Երկրորդ հանրահավաքը չցրեց ներդաշինքային հակասությունների պատկերը, սակայն, ֆորմալ առումով, «Ժառանգությունը» չլքեց ընդդիմադիր եռյակը՝ բավարարվելով անընդմեջ պնդելով, թե տակավին միասնական հարթակ ու օրակարգ ձևավորված չեն: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ավարտին, Լևոն Զուրաբյանը խրոխտ տոնով ազդարարեց, որ մի քանի օրից կհայտարարվի նոր հանրահավաքի օրը: Նոր հանրահավաքին այդպես էլ սպասող մնացինք, որովհետև դրա փոխարեն տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, ըստ ամենայնի՝ կայացվեցին որոշակի պայմանավորվածություններ ու Ազատության հրապարակի փոխարեն Ծառուկյանի կուսակցությունը գնաց մարզեր շտաբներ բացելու, որը նույնն է, թե սկսեց նախապատրաստվել ընտրական հերթական ցիկլին՝ դաշնակից կուսակցություններին կլանելու ճանապարհով: Հենց այստեղից էլ առաջին նախագահի վերլուծությունը սկսեց չաշխատել, բացահայտել իր թերությունները, ՀԱԿ-ն ընդվզեց, բայց նրան ԲՀԿ-ից նրբանկատորեն հասկացրին, որ երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է: Անյալ տարեվերջին Գագիկ Ծառուկյանը որոշեց վերջնականապես ֆորմալիզացնել իր միանձնյա լիդերությունն ու ձերբազատվել եռյակ կոչվող հեղափոխական թիթիզությունից՝ հունվարի 20-ին հրավիրելով խորհրդաժողով, ընդ որում՝ ոչ թե եռյակի կամ ԲՀԿ-ի, այլ հենց իր անունից: ՀԱԿ-ը հասկացել է Ծառուկյանի իրական մեսիջն ու չի պատրաստվում մասնակցել մի միջոցառման, որն ուղղված է ոչ թե փոփոխությունների, այլ ԲՀԿ առաջնորդի դիրքերի ուժեղացմանը՝ իշխանության հետ սկզբունքային պայմանավորվածություններից առաջ: Այսօրվա շարժման գաղափարական հիմքերը ձևակերպել է Տեր-Պետրոսյանը: Առանց նրա՝ եռյակի ձևաչափը կորցնում է քաղաքական բաղկացուցիչը: «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը գուցե մասնակցեն հունվարի 20-ի խորհրդաժողովին, բայց կասկած չկա, որ զուգահեռ ընթացող որևէ միջոցառման ժամանակ Զարուհի Փոստանջյանը դարձյալ կասկածի տակ կդնի ԲՀԿ-ի ընդդիմություն լինելը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կխոսի միասնական օրակարգի բացակայության մասին: Սակայն այս ամենը Գագիկ Ծառուկյանին շատ քիչ է հետաքրքրում: Եթե նրա խնդիրը ոչ թե արտահերթ զարգացումներն են, այլ 2017-2018 թթ. ընտրական ցիկլը, ապա այնքան էլ էական չէ, թե ովքեր են կողքին կանգնածները: Կարևորը ուժի ցուցադրությունն է, «մասսովկան», առաջնորդին ուղղված ծափերն ու գովասանքը, և իհարկե՝ ճոխ ու մարդաշատ դահլիճը: Այս ամենն ապահովված է ու, ի վերջո, Ծառուկյանը կարող է ստեղծել նոր եռյակ կամ հնգյակ. Արամ Հարությունյանը, Գառնիկ Իսագուլյանը, Կարապետիչը, սոցիալիստներն ու մյուսները հերթագրված են:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2329

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ