Սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանությունների հետ փոխհամաձայնության գալու այլընտրանքը արյունահեղությունն է, համոզված է դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արյունի գործոնն առաջին անգամ չի դրվում շրջանառության մեջ՝ որևէ կուսակցության ու իշխանության համագործակցությունն արդարացնելու կամ ընդդիմադիր որևէ գործչի, կուսակցության անգործությունը մոտիվացնելու նպատակով: 1998-ի նախագահական ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղում հայտնված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը ժողովրդի հետ անկեղծ եղավ: Շատերը համարում էին, որ հենց նա է ընտրությունների ֆավորիտը, սակայն Սերոբիչը հասկացրեց, որ չի պատրաստվում գնալու արյունահեղության՝ ամիսներ անց գերադասելով համագործակցությունը բազմաբևեռ իշխանության կենտրոններից մեկի հետ: 2003-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, գուցե և հաղթեր, եթե նրան սատարեր երրորդ տեղում հայտնված Արտաշես Գեղամյանը, սակայն վերջինս ցնցումների չգնաց: Բայց այս դեպքում ժողովուրդը չհավատաց Գեղամյանի անկեղծությանը: 2008-ի ընտրություններում եզրագիծը երրորդը հատած Արթուր Բաղդասարյանը քանիցս հայտարարել է, որ ընդունեց կոալիցիա կազմելու Սերժ Սարգսյանի առաջարկը, որպեսզի կանխվի ավելի մեծ արյունահեղություն: Հիմա արյունահեղությունն ուզում է կանխել ՀՅԴ-ն ու դա տեսնում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Ասել, թե այս կուսակցությունը հենց երեկ սկսեց կարևորել կառավարման խորհրդարանական մոդելը, անկեղծ չի լինի, որովհետև դա դաշնակցության ծրագրային պահանջն է եղել ի սկզբանե, էլ չասած այն մասին, որ Առաջին հանրապետության տարիներին, երբ իշխանության էր հենց այս կուսակցությունը, երկրում գործում էր կառավարման հենց այդ մոդելը: Մյուս կողմից՝ սահմանադրական փոփոխություններն ու անցումը կառավարման խորհրդարանական մոդելին իրականացվում են կոնկրետ քաղաքական իրավիճակում, որը հող է նախապատրաստում 2017-2018 թթ. ընտրական ցիկլի համար: Այլ խոսքով, ուղղահայաց ուժեղ կառավարումն ամենաարդյունավետը համարող հանրապետականները մտափոխվել են, որովհետև դա համարել են իշխանության վերարտադրության արդյունավետ ճանապարհ: Ստացվում է, որ ՀՅԴ-ն անուղղակիորեն նպաստում է այդ գործընթացին, մանավանդ որ ձեռքի հետ էլ պաշտոններ է ստանում դիվանագիտական կորպուսում: Այնպես է ստացվել, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ՀՅԴ-ն ՀՀԿ-ի միակ դաշնակիցն է, ես կասեի նույնիսկ՝ ազգային համաձայնության շղարշ ստեղծողը, որի հետևում գուցե «տոկոս խփելու» գործընթաց տեղի ունենա: Սակայն դեռ վաղ է խոսել նոր կոալիցիայի ձևավորման անխուսափելիության մասին: Ի վերջո, հանրապետականները կարող են հրաժարվել սահմանադրական փոփոխություններից և ՀՅԴ գործոնը կորցնի իր ակտուալությունը, կամ բյուրոյում գուցե հաշվարկեն, որ ավանդական կուսակցության շանսերն ավելի շատ են քաղաքական այլ ֆորմատներում ու նիշում: Առայժմ իշխանությունն ու ՀՅԴ-ն վայելում են մերձեցման պտուղները, առաջինը՝ իր գորշ միայնությունը քողարկելու, երկրորդը՝ արտաքին քաղաքական հարցերում իր կարևորությունն ընդգծելու և կադրերին գործի տեղավորելու ձևով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ