ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Կկուն կանչեց, Արգամիչի խնդրած ժամկետը վերջացավ

Կկուն կանչեց, Արգամիչի խնդրած ժամկետը վերջացավ
15.01.2015 | 14:22

Շուտով, բառացիորեն առաջիկա օրերին, դարձյալ ականատես կլինենք առևտրականների ընդվզումներին, կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ կրկին կհայտնվեն հարյուրավոր մարդիկ, ովքեր վախենում են կորցնել իրենց փոքր գործը, օրվա հացի, ապրուստի փողը: Փետրվարի 1-ից, ինչպես հայտնի է, կսկսի գործել «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որ ամիսներ առաջ փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների բողոքի ակցիաների արդյունքում ժամանակավորապես առկախվել էր: Այս նոր օրենքով շրջանառության հարկը 3,5 տոկոսից դառնում է 1 տոկոս, և փաստաթղթավորվում է ամբողջ ապրանքը, ինչը առևտրականների խոսքով՝ լրացուցիչ քաշքշուկ է ստեղծում իրենց համար: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ինքնահաստատվում էր՝ նախորդինի քննադատության ու քաղաքականության սրբագրման հաշվին. խոստանում էր լինել ավելի պրակտիկ, մարդկանց կողքին՝ մի կողմ դնելով տեսական դատողություններն ու տեսությունները: Կառավարության կազմն արդեն իսկ հուշում էր, որ դա անլուծելի խնդիր է, որովհետև դժվար էր գտնել մարդկանց, կադրերի ավելի անհաջող հիբրիդ: Սկզբնական փուլում վարչապետը փորձում էր լեզու գտնել բողոքավոր խմբերի հետ՝ ակնհայտորեն խաղալով ժամանակի վրա ու ձգտելով կերտել ժողովրդի դարդ ու ցավով ապրող ղեկավարի կերպար: Ոչ մի խնդիր սկզբունքային լուծում չէր ստանում, ընդամենը սառեցվում էր: Արդյունքում՝ կառավարության դեմ ընդվզող խմբերը պառակտվում էին, պահանջատերերի միասնությունն ու օրակարգը երկատվում էին, ինչի հետևանքով կայացվում էին ավելի անորոշ որոշումներ ու գտնվում էին կիսատ-պռատ լուծումներ: Դրա դրսևորումներից մեկը կենսաթոշակային նոր ռեֆորմն էր, որն ավելի հակասահմանադրական է, քան նախորդը, որովհետև քաղաքացիները սորտավորվում են՝ պետական և ոչ պետական հատվածում աշխատելու հատկանիշով: «Շրջանառության հարկի մասին» օրենքի գործածությունը հետաձգվել էր մինչև փետրվարի 1-ը: Կիսատ-պռատ լուծումների ռեսուրսը սպառված է, որովհետև տարեվերջյան տնտեսական աննախադեպ ճգնաժամը, դրամի արժեզրկումն ու գների բարձրացումը վերջնականապես սասանել են կառավարության հեղինակությունը: Սոցիալական շարժումները դառնալու են Հայաստանի քաղաքական կյանքի առաջիկա ամիսների հիմնական բնութագիրչը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1678

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ