ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

«Աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը ոչ թե «պեշկա», այլ անցողիկ զինվոր է»

«Աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը ոչ թե «պեշկա», այլ անցողիկ զինվոր է»
12.06.2015 | 00:28

«Այսօր` 2015 թ. հունիսի 12-ին, ՀՀ ԱԺ-ում քննարկման է դրվելու էլեկտրաէներգիայի նոր սակագների հարցը: Մասնակցելո՞ւ եք այդ քննարկումներին և ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ»: Այս հարցերով մեր թղթակիցը դիմեց Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻՆ:

-Ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ Ազգային ժողովից ու մեր պատգամավորներից, որոնք տասնամյակներ շարունակ տարբեր քննարկումներ են կազմակերպում ու կյանքի իրավունք են տալիս իշխանությունների նախաձեռնած հակաժողովրդական բոլոր որոշումներին: Դրանց մեջ իր ցինիզմով հատկապես առանձնանալու են էլեկտրաէներգիայի թանկացման հարցի խորհրդարանական այսօրվա լսումները: Խորհրդարանը թող բարի լիներ և ժամանակին քննարկման դներ Հայաստանի Հանրապետությունում արևային էներգետիկայի զարգացման կամ Հայաստանի հելիոֆիկացիայի հարցը, փորձեր այնպիսի լուծումներ գտնել, որ մեր քաղաքացիներն ու ողջ տնտեսությունն այսօր փաստի առաջ չկանգնեին: Ի՞նչ է ստացվում: Կատարվել է 250 միլիոն դոլարի թալան, հայտնի են թալանի մասնակիցները, բայց իրավապահ մարմինների փոխարեն այդ հարցով զբաղվելու է ՀՀ Ազգային ժողովը: Ավելի տրամաբանական եմ համարում, որ այս հարցի ուսումնասիրությամբ զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարի սիրահարները՝ իրենց հանձնաժողովներով ու ենթահանձնաժողովներով: Հնարավոր է, որ այստեղ մեզ հաջողվի անմիջական կապ գտնել բաշխիչ ցանցերի և Հայաստանի ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների ինստիտուտի միջև: Մեր տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների շարքերում կասկածելի շատ էին էլեկտրական բաշխիչ ցանցերի պետերը: Սակագների բարձրացումը ուղեկցվում է մարդասիրական ժեստերով: Հայտարարվում է 17 դրամով թանկացման մասին, բայց լավության կարգով բավարարվում են 6,93 թվով, նույնիսկ 7 դրամի չի հասնում: Ողջունելի է: Այս ամենը սպասելի էր, այն տեղավորվում է մեր անկախ Հայաստանում հաստատված ատկատային էկոնոմիկայի տրամաբանության մեջ: Այսպես մենք հեռու գնալ չենք կարող: Երկրի տնտեսական ճգնաժամը միայն խորանալու է, արտագաղթը համապատասխանաբար կաճի: Երկու տասնամյակ շարունակ ես փորձել եմ մեր գործադիր ու օրենսդիր իշխանությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի հելիոֆիկացիայի խնդրի վրա՝ որպես հնարավոր միջոցի երկրի էներգետիկ խնդիրները լուծելու և տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Ոչինչ չստացվեց: Այսօր ի՞նչ կարող է անել խորհրդարանը, ո՞րն է այդ լսումների բուն նպատակը: Համոզել մեր քաղաքացիներին, որ թանկացումները անխուսափելի են, որ պետք է հաշտվել ու հարմարվել ստեղծված իրողության հետ: Ամեն անգամ մենք նույն սխալն ենք գործում՝ փորձելով ռազմավարական նշանակության տնտեսական հարցերը քաղաքականացնել, սահմանափակվել քաղաքական գործիչների վերացական ելույթներով ու այդքանով բավարարվել: Պառլամենտական այս լսումներին չեմ մասնակցի, դրա իմաստը չեմ տեսնում: Փոխարենը պատրաստ եմ ՀՀ ԱԺ-ի փակ նիստերից մեկում ներկայացնելու Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի, Հայաստանում ու սփյուռքում հելիոտեխնիկական արդյունաբերություն ստեղծելու իմ ծրագիրը:
-Ինչո՞ւ եք այդպես մտածում, ո՞րն է Ձեր դիտարկման տրամաբանությունը:
-Իրավիճակը ճիշտ գնահատելու համար հատուկ տրամաբանության կարիք չի զգացվում: Խնդրեմ, փողոցում փորձեք կանգնեցնել ցանկացած քաղաքացու և հարցրեք, թե ինչ է մտածում մեր ամենաշարքային քաղաքացին ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» կամ Վահան Համազասպյանի Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրերի մասին, ինչպիսի՞ն է պետության քաղաքականությունը այս հարցում: Համոզված եմ, որ անկախ հարցվողի տարիքից ու սեռից Դուք կստանաք բացառապես ոչ ցենզուրային արտահայտություններով համեմված տպավորիչ ու սպառիչ պատասխաններ: Հարց է ծագում` ո՞րն է պատճառը, որ մեր արևոտ երկրում մեր քաղաքացիները պետք է այսօր զրկված լինեն արևային շատ էժան էներգիայից օգտվելու հնարավորությունից: Ինչո՞ւ են մեր նախարարներն ու վարչապետերը մեկը մյուսից առավել ջանասիրաբար պայքարում Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի դեմ: Միայն նրա համար, որ մարդիկ այլընտրանք չունենան և գնեն իրենց ուռճացրած գներով էլեկտրաէներգիա՞ն: Իսկ արևի անսպառ ու խիստ էժան ջերմային էներգիայի մասսայական օգտագործման պատիվը թողնենք մեր հարևանների՞ն: Ցանկալի կլիներ, որ ՀՀ էներգետիկայի նախարարը, վարչապետը ու մեր պատգամավորները նույն ԱԺ ամբիոնից մեր քաղաքացիների համար տրամաբանեն, թե ինչպես ստացվեց, որ այլընտրանքային էներգետիկայի բնագավառում տարածաշրջանում առաջինը լուրջ արդյունքներ գրանցեցին Ադրբեջանն ու Թուրքիան, ո՞րն է մեր հելիոֆիկացիայի ծրագրի ձգձգման իշխանությունների բուն նպատակը: Այո, ակադեմիկոս Պարիս Հերունու և մյուս հայ գիտնականների հեռատեսության, մեր ինժեներների ու բանվորների համերաշխ ու ազգանվեր աշխատանքի շնորհիվ մենք ժամանակից առաջ էինք անցել ու լուրջ հաջողություններ ունեցել արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների բնագավառում՝ առաջ անցնելով շատ ու շատ տեխնոլոգիապես զարգացած երկրներից: Հելիոֆիկացիայի հարցերում Հայաստանը պատրաստ էր և այսօր էլ կարող է ստանձնել համաշխարհային լիդերի դերը: Մեր կողմից առաջ քաշված ու լուծված գիտական ու տեխնիկական բնույթի բազմաթիվ խնդիրները առայժմ հայտնի ու հասանելի չեն մեր մրցակիցներին: Սակայն հելիոտեխնիկական արդյունաբերության կազմակերպման ու արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների պրակտիկ կիրառման հարցերում մենք մշտապես կաղում ենք: ՀՀ հարգելի նախագահ, ՀՀ ԱԺ հարգելի նախագահ, ՀՀ հարգելի վարչապետ, ճանապարհ տվեք Հայաստանի հելիոֆիկացիայի մեր ծրագրին: Դա է մեր երկիրը խոր տնտեսական ճգնաժամից հանելու ճշմարիտ ուղին, այն իրավիճակ կարող է փոխել հատկապես Սպիտակի աղետի գոտում:
-Բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը: Պատգամավոր Խոսրով Հարությունյանը, օրինակ, այն կարծիքին է, որ մեր ատոմակայանի շահագործման ժամկետը կարելի է երկարացնել 5 կամ 10 տարով, բայց օպտիմալը, ըստ նրա, 10 տարին է, այսինքն` ատոմակայանը կարող է շահագործվել մինչև 2026 թվականը: Խնդրում եմ մեկնաբանել, թե որն է խնդրի էությունը և ինչ է մեզ սպասում ապագայում:
-Խոսրով Հարությունյանի օպտիմալությունը կապ չունի հայկական ատոմակայանի հետ: Ավելի շուտ այն գալիս է ՀՀ ԱԺ-ում այդ կարևոր հարցի քննարկումը մեկ նիստով ավարտելու տրամաբանությունից: Եթե մեր պառլամենտը որոշի, որ Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավելացվի 5 տարով, ապա 5 տարի անց ստիպված է լինելու դարձյալ նիստ հրավիրել և այդ ժամկետը փորձել երկարաձգել ևս 5 տարով՝ մինչև 2026 թիվը: Այստեղ ինչպես միշտ աշխատում է Խոսրով Հարությունյանի ռացիոնալիզմը: Նա իրավացի է: Նման կարևոր քննարկումները պետք է ավարտվեն մեկ նիստով, այստեղ և հիմա: Չի կարելի կորցնել 300 միլիոն դոլարի վարկ ստանալու պատմական հնարավորությունը: Հայտնի չէ, թե ինչ կլինի 5 տարի անց:
-Անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից են վերցված այդ 5 տարին, 10 տարին, 2026 թիվը: Եթե ընդունենք, որ 5 և 10 թվերը ասպարեզ են բերվել իրենց կլորության պատճառով, ապա 2026 թիվը այդքան էլ կլոր չէ, կա՞ն արդյոք համապատասխան գիտական կամ տնտեսագիտական հաշվարկներ այդ թվերը ստանալու համար:
-Քաղաքական, տնտեսական ու տեխնիկական հաշվարկներ ռուսները, իհարկե, արած կլինեն, դրանց ես տեղյակ չեմ, բայց տրամաբանական եմ համարում այն կապել 2026 թվականի հետ: 2026 թվականին Թուրքիայում գործարկվելու են ռուսական ատոմակայաններ, թվով չորսը՝ յուրաքանչյուրը 1200 մեգավատտ հզորությամբ: Հայկական ատոմակայանի հզորությունը կազմում է ընդամենը 400 մեգավատտ: Ռուսաստանի համար տեխնիկապես և տնտեսապես ռացիոնալ կլինի Հայաստանում ատոմակայան չկառուցել, իսկ պահանջվող էլեկտրաէներգիան մատակարարել Թուրքիայից: Նրանց համար խիստ պրոբլեմային է միջուկային վառելիքը Հայաստան բերելն ու ռադիոակտիվ թափոնները տանելը: 10 տարով երկարաձգելով մեր ատոմակայանի շահագործումը, ռուսական կողմը ընթացքից կարող է ստանալ մի շատ կարևոր ինժեներական խնդիր լուծելու հնարավորություն: Խոսքը ատոմակայանների հուսալիության տեսական հաշվարկները ստուգելու ու այն փորձնական տվյալների հետ համադրելու անհրաժեշտության մասին է: Ինչպե՞ս կարելի է ստանալ անհրաժեշտ այդպիսի տվյալները: Միայն աշխատանքային երկարատև կամ ինչպես տեխնիկայում է ընդունված` սահմանային փորձարկումների միջոցով: Մեր ատոմակայանի երաշխավորված ռեսուրսը հաշվարկված էր 30 տարի ժամկետով: Քննարկումների ժամանակ մեր պատգամավորները օգտագործում են ատոմակայանի ռեսուրս տերմինը: Դա ճիշտ չէ: Խոսքը կարող է լինել միայն երաշխավորված ռեսուրսի մասին: Ո՞վ թույլ կտա, որ իր տարածքում նման փորձարկումներ անցկացվեն: Ոչ ոք, բացի մեր հայերից: Իրականում ատոմակայանի ռեսուրսը անհամեմատ ավելին է, քան այդ 30 տարին: Նպաստավոր բնական պայմանների դեպքում հատկապես ռուսական ատոմակայանները կարող են աշխատել հարյուրավոր տարիներ, սակայն կատաստրոֆիկ ռիսկերը հաշվի առնելով մեր պարագայում կանգ են առել 30 տարվա վրա: Աշխատանքի ընթացքում, յուրաքանչյուր արտադրված կՎտ էներգիայի դիմաց, ամեն ժամ, ամեն օր, 5 կամ 10 տարի անց ատոմակայանների ռեակտորի հուսալիությունը միայն նվազում է: Ատոմակայաններում վերանորոգել, փոխել, փոխարինել կարելի է ամեն ինչ, բացի ռեակտորից: Այն զմռսվում է՝ փոխարենը կառուցելով նորը: Սա պետք է հաշվի առնել: Միայն շահագործողական փորձարկումների հավաստի տվյալներ ստանալու դիմաց ռուսական կողմը կարող էր Հայաստանին տրամադրել 300 միլիոն դոլարը՝ դրամաշնորհի, բայց ոչ վարկի ձևով: Ատոմային խնդիրները, վերաբերեն դրանք ատոմակայաններին, թե ատոմային ռումբերին, շատ սպեցիֆիկ են, դրանք սովորաբար չեն դառնում պառլամենտական բաց քննարկումների առարկա: Հայկական ատոմակայանի տեխնիկական հարցերի քննարկումը, պառլամենտական բաց լսումների ֆորմատով, կարող է հետապնդել սոսկ քաղաքական նպատակներ՝ ուղղված ներքին լսարանին: Այն կօգնի մեր քաղաքացիներին հասկանալու և հաշտվելու էլեկտրաէներգիայի թանկացման, արտաքին պետական պարտքի զգալի ավելացման և այլ բացասական իրողությունների հետ: Թե ինչպես կծախսվեն այդ գումարները, դա մեր քաղաքացիներին չպետք է հետաքրքրի: Հայկական ատկատային էկոնոմիկայի պարագայում նման հարցերը լուծվում են գեղական կարգով: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը երկրի թալանը կազմակերպված ձևով շարունակելու և մարդկանց դժգոհությունը շրջանցելու բնագավառում մեր իշխանությունները փորձի պակաս չունեն: Միտինգներ, ցույցեր, ժողովրդական անհնազանդության այլ դրսևորումներ Հայաստանում չի կարելի... որովհետև ատոմակայան է, որովհետև նշում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, որովհետև Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք և այլն, և այսպես շարունակ: Կշտանալու, կանգ առնելու ու մի քիչ էլ երկրի մասին մտածելու արհեստական ռեֆլեքսներ մեր չինովնիկները դեռևս ձեռք չեն բերել: Մեր իշխանությունները հայ ժողովրդի գլխին շարունակում են իրենց երկանքն աղալ, և միաժամանակ հորդորել, որ պետք է հնազանդ մնալ, որ պետությունը չտուժի: Չինովնիկների համար լավ տարբերակ է, խոսք չկա: ՈՒզում եմ հիշեցնել մեր քաղաքական ու տնտեսական գործիչներին, ատոմակայանի ֆինանսական հարցերով փոխտնօրենին ու այլոց, որ ատոմակայանների հարցում պետք է շատ զգույշ լինել, որ ատոմակայանները խաղալիք չեն, ատոմակայանները տրիկոտաժի ֆաբրիկաներ կամ սուպերմարկետներ չեն, ատոմակայանների հաշվին չի կարելի փող աշխատել, դա վտանգավոր է: Կլասիկ տնտեսագիտական հաշվարկներն ու նորմերը այստեղ չեն անցնում: Հիշեցնեմ մեր քաղաքական ու տնտեսական գործիչներին, որ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի աղետները միայն տնտեսագիտական սխալ մոտեցումների, մաքսիմում շահույթներ կորզելու հետևանք են: Մասնագետների նեղ շրջանակներում ժամանակին քննարկվում էր այն հարցը, թե ինչպես հաջողվեց ԽՄԿԿ-ի քաղբյուրոյի աջակցությամբ անցկացնել Չեռնոբիլի մեկկոնտուրանոց ռեակտորի նախագիծը, որը, չնայած գերազանց ՕԳԳ-ին, ուներ հուսալիության համեմատաբար ցածր մակարդակ: Ի՞նչ ստացվեց: Չեռնոբիլյան աղետի հետևանքների վերացման համար ավելի մեծ գումարներ ծախսվեցին և շարունակում են ծախսվել, քան ատոմակայանի տված օգուտները ընդհանրապես՝ չհաշված 100000 քառակուսի կիլոմետրի հասնող ամայացած տարածքները, ճառագայթային հիվանդությունների հազարավոր զոհերը: Իսկ Ֆուկուսիմա՞ն: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հուսալիության բնագավառում ֆանտաստիկ արդյունքների հասած Ճապոնիան չկարողացավ ապահովել ամերիկյան արտադրության իրենց ատոմակայանի անվտանգ շահագործումը և հանկարծ այդպիսի տեխնածին աղետ է ստանում իր տարածքում: Այստեղ ևս աղետի պատճառը տնտեսական բնույթ ունի, բխում է մարդկանց ագահությունից ու անպատասխանատվությունից: 2011 թվականին ԱՄՆ-ում հրապարակվեց Ֆուկուսիմայի ատոմակայանի ընդունման ակտի օրինակը՝ ամերիկացի ինժեների հատուկ կարծիքով: Նա դեմ էր եղել Ֆուկուսիմայի ատոմակայանի շահագործմանը, որը չուներ ցունամիներից պաշտպանող համակարգ: Նման համակարգը ատոմակայանի գինը բարձրացներ 40 տոկոսով, որը անընդունելի էր համարվել: Արդյունքը բոլորիս է հայտնի: 40 տոկոսի խնայողությունը ճապոնացիների վրա 40 անգամ թանկ նստեց: Այնպես որ ատոմակայանի համար 300 միլիոն դոլար ստանալուց առաջ պետք է մտածել մոր նման, հասկանալ, որ այդ գումարների վրա աչք դնել չի կարելի, դրանք ուտվող գումարներ չեն և պետք է ծախսվեն միայն ու միայն ատոմակայանի հուսալիության բարձրացման ու անվտանգ շահագործման համար: Նշեմ, որ ատոմակայանների դեպքում համար մեկ խնդիրը համարվում է նրա անվտանգ շահագործման հարցը: Տնտեսական փաստարկները, որքան էլ դրանք տպավորիչ լինեն, պետք է մղվեն հետին պլան: Ի միջի այլոց, ատոմակայանների տեխնոգեն աղետների հավանականությունը երբեք զրո չի լինում: Չի լինում նաև 100-տոկոսանոց անվտանգություն: Այն 100 տոկոսից մի քիչ փոքր է լինում: Այդ մի քիչ փոքրերը գումարվելով, գումարվելով մի օր էլ բերում են չեռնոբիլների ու ֆուկուսիմաների: Մեր չինովնիկները, ովքեր տնօրինում են Հայկական ատոմակայանի ճակատագիրը, որոշում են նրա աշխատել-չաշխատելու հնարավորությունը, այս ամենը պետք է գիտակցեն ու իրենց ականջներին լավ օղ անեն: Ատոմակայանները վտանգավոր չեն: Վտանգավորը նրա ճակատագիրը տնօրինող չինովնիկներն են, առավել ևս` հայկական փառապանծ չինովնիկները:
-Ձեր կարծիքով` ե՞րբ կսկսվի հայկական նոր ատոմակայանի շինարարությունը:
-Մտավախություն ունեմ, որ մեր իշխանությունների պլաններում այդ շինարարությունը չկա: Պաշտոնապես մեր իշխանությունները առայժմ փող են փնտրում, փողի այդ փնտրտուքը շատ երկար տևեց: Հնարավոր է` իշխանությունների համար առավել ցանկալի կլիներ, որ մեր քաղաքացիները հետևեին գերմանացիներին ու ճապոնացիներին ու իրենց բողոքի ձայնը բարձրացնեին ատոմակայանի դեմ: Ընդառաջ գնալով աշխատավորների ցանկությանը` իշխանությունները կարող էին նաև ատոմակայանի թեման փակել ընդհանրապես: Բայց Հայաստանի աշխատավորները համառորեն լռում են, չեն բողոքում: Լռում են, որովհետև հասկանում են ատոմակայանի կարևոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար: Նոր ատոմակայանը նույնքան կարևոր է մեր երկրի համար, որքան երկրի հելիոֆիկացիան: Դրանք իրար չխանգարող, ընդհակառակը, իրար փոխլրացնող գործընթացներ են: Երկուսն էլ հրատապ են:
-Հունիսի 3-ին ես ներկա էի Հայաստանի մտավորականների և մոսկվացի հայտնի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հանդիպմանը և, չեմ թաքցնի, զարմացա՝ տեսնելով Ձեր և Կուրղինյանի բանավեճը: Ինչո՞վ Ձեզ չբավարարեցին նրա արտահայտած մտքերը, և ինչո՞ւ Դուք այդքան խիստ ելույթ ունեցաք:
-Կուրղինյան քաղաքագետի և նաև հայ ու ռուս շատ քաղաքագետների կարծիքով` Հայաստանը մի փոքրիկ անպաշտպան երկիր է, որի գոյությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը՝ իր թևի տակ: Աշխարհաքաղաքական խաղատախտակի վրա, նրանց կարծիքով, Հայաստանը ունի մի աննշան շարքային «պեշկայի» կարգավիճակ: Ես ուղղակի նրան հակադարձեցի, որ Հայաստանը «պեշկա» չէ, որ իր բազում հնարավորություններով, իր սփյուռքով Հայաստանը վաղուց արդեն ստացել է անցողիկ զինվորի կարգավիճակ: Եթե Կուրղինյանը հետևեր ապրիլի 12-ի վատիկանյան միջոցառումներին, լսեր հատկապես Արամ Առաջինի ելույթը և տեսներ համաշխարհային հանրության արձագանքը, նա ևս կհասկանար, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում դրված խաղալիք չէ: Հայ ժողովրդի վստահությունը շահելու, նրա հետ իրական բարեկամական կապեր հաստատելու համար Ռուսաստանը պետք է պայքարի ու, առաջին հերթին, ձեռնպահ մնա մեր անպտուղ իշխանություններին հովանավորելու շարունակական գործընթացից, թույլ տա, որ մեր երկիրը ևս բռնի տնտեսության զարգացման նոր-ինդուստրալացման ուղին: Այստեղ մենք կլինենք Ռուսաստանի լավ գործընկերը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու սփյուռքի, զարգացած այլ երկրների հետ համահավասար:


Զրույցը վարեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 1735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ