ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Ո՞ր երկրի տարածքով Վրաստան կհասնի իրանական գազը

Ո՞ր երկրի տարածքով Վրաստան կհասնի իրանական գազը
30.10.2015 | 12:10

Թբիլիսին շարունակում է կապույտ վառելիքի շուկայի դիվերսիֆիկացման ուղիներ փնտրել: Վրաստանի կառավարությունը կշարունակի բանակցել ռուսական «Գազպրոմ»-ի հետ` միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները: Ներկայացնելով Միլանում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ բանակցությունների մանրամասները՝ տեղեկացրել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Այս պահին «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն դեռ չկա: Վրացական կողմը փորձում է հասնել մեզ համար առավելագույն շահավետ պայմաններով համաձայնագրի: Առաջիկայում ևս մեկ հանդիպում կկայանա: Միլանի հանդիպման ժամանակ մենք խոսել ենք տարանցիկ գազի ծավալների ավելացման մասին, որ մեզ թույլ կտա ավելի մեծ շահույթ ստանալ: Խոսել ենք նաև առևտրային ընկերությունների կողմից ռուսական գազի ձեռքբերման հեռանկարի մասին»,- ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը՝ շարունակելով․ «Մեզ գազի հավելյալ ծավալներ են անհրաժեշտ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ի վիճակի չէ ապահովել: Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան: Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, և հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույնս օգտագործել իրանական ռեսուրսները»: Մի քանի օր առաջ իրանական գազի հնարավոր գնումների մասին հայտարարել է «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Որևէ վատ բան չկա, որ շուկան դիվերսիֆիկացվի, իսկ մեր գործարարները հնարավորություն ստանան վառելիք գնել որտեղ ցանկանան: Մենք պետք է նրանց ընտրության հնարավորություն ընձեռենք: Մենք ցանկանում ենք, և ես անձամբ այդ գործընթացում ներգրավված եմ, որ Վրաստան ներկրվի նաև իրանական գազը»,- ասել էր Իվանիշվիլին: Թբիլիսիում չեն հստակեցնում, թե ինչպես են պատրաստվում իրանական գազ հասցնել Վրաստանի տարածք: Աշխարհագրորեն ամենամոտ երկու ուղիները անցնում են Ադրբեջանով և Հայաստանով: «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մեկնարկել են վրացական շուկայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մենաշնորհին վերջ տալու պաշտոնական պատճառաբանությամբ: Հայկական ուղու ընտրության պարագայում էլ գլխավոր հարցը Հայաստան-Իրան գազատարի սահմանափակ թողունակության հարցն է: Այսօր Իրան-Հայաստան գազատարի տարեկան թողունակությունը 1,1 միլիարդ խորանարդ մետր է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև 2019 թվականը նախատեսվում է խողովակաշարի թողունակությունը հասցնել տարեկան 2,3 միլիարդ խորանարդ մետր ցուցանիշի:

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ