Այս պահին, տրանսպորտի դեմ թանկացման բոյկոտ, դասական իմաստով, չկա: Կան չվճարողներ: Միգուցե վերջիններս շատ են, սակայն նրանք «բոյկոտ» անվանմամբ ակցիայի մասնակից չեն: Այդ «շատերից» մի մասը վալիդատորին հպում է բլոկավորված, անգումար քարտ կամ արդեն օգտագործված QR-տոմս և, ստանալով մերժում, զարմացած հայացքով նայում է վարորդին ու առաջ շարժվում: Մյուս մասը տրանսպորտ է նստում հետևի դռնից և, խառնվելով այլ ուղևորներին, «մոռանում» վճարել: Շատ քիչ են այն ուղևորները, որոնք գլուխները բարձր, առանց վճարելու անցնում են վարորդի և վալիդատորի կողքով: Փառք Աստծո, որ այդպիսինները դեռ կան: Ինչևէ ...
Հերթական անգամ համոզվեցի, որ ... Սերժը սխալ էր, Նիկոլը` ճիշտ: Այո, սխալ էր Սարգսյան Սերժը, քանզի իր իշխանության օրոք 6.9 ՀՀ դրամով չբարձրացվեց էլեկտրաէներգիայի սակագինը, 50 ՀՀ դրամով տրանսպորտի գինը, չքանդվեց Մաշտոցի պուրակը, չներդրվեց «կուտակայինը»: Սարգսյան Սերժը սխալ էր նաև, որ չթանկացրեց գույքահարկը, տուգանքների չափերը, չներդրեց պարտադիր հայտարարագրումը: Ի վերջո, Սարգսյան Սերժը սխալ էր, որ, ըստ էության, կառավարում էր ոչ թե 29.7 հազ. քառ. կմ., այլ շուրջ 42 հազ. քառ. կմ. տարածքի վրա: Շատ սխալ էր:
Սարգսյան Սերժի հիմնական սխալն այն էր, որ նա չգիտեր, թե ում հետ գործ ունի: Իսկ Փաշինյան Նիկոլը գիտի:
Գիտի, որ հայազգի բնակիչներն ընդունակ չեն տրանսպորտի թանկացման դեմ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ բոյկոտի, սոցիալական ընդվզումների, առավելևս` ազգային արժեքների համար պայքարի: Ավելին` Փաշինյան Նիկոլը շատ լավ գիտի, որ վերջին 30 տարում ազգը վերածվեց բնակչության:
Սա է ոչ միայն տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի, այլև ցանկացած նախաձեռնության տապալման պատճառը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Հա, չմոռանամ ասել` զգույշ եղեք մետրոյում: Հաշվեք դրամարկղի աշխատողի կողմից վերադարձվող մանրը: Արդեն որերորդ անգամ հաշվելով մանրը պարզում եմ, որ մեկ ուղևորատոմսի արժեքը 150 ՀՀ դրամի փոխարեն կազմում 300 ՀՀ դրամ: Աշխատակիցն իհարկե ասում է, որ «շփոթվել է»: Շատ եմ ցանկանում հավատալ, սակայն այլևս ոչնչի չեմ հավատում, քանզի Նիկոլը միշտ ճիշտ է դուրս գալիս: