Հայաստան պետության և պետականության ճգնաժամային վիճակին հասանք, սակայն դրա գիտակցումը չկա հանրության մի հոծ զանգվածի մեջ: Երկրի այս ճակատագրական վիճակով մտահոգ բազմաթիվ մարդիկ անընդհատ գրում ու ասում են, որ մեր ժողովուրդը հոգեկան թմբիրի մեջ է, արթնացում է պետք այս մահաքնից, բայց անդրդվելի է նույն այդ
«ժողջանը», որը նույնքան պատասխանատու է, որքան այս վիճակը ստեղծողները, քանի որ շարունակում է միայն մի ականջով լսել մի բան և հավատալ դրան, որից ոչինչ չի հասկանում: Դա կատարյալ քաղաքական մանիպուլյացիայի հետևանք է:
Այսօր ընկերներիցս մեկի հետ մեր երկրի ու ժողովրդի այս վիճակի մասին զրուցելիս հիշեցի մի դեպք, որը կարծես թե մարդու կյանքում կարող է բերել շրջադարձային փոփոխություն, դա, ժողովրդի խոսքով ասած, սթափության ապտակն է:
2000-ականների սկիզբն էր. հունվար ամիսն էր, երեկոյան իջա առաջին հարկ՝ հարևանուհուս տուն՝ ծնունդը շնորհավերելու: Այն ժամանակ մուտքում լուսավորություն չկար, և ես իմ լապտերիկով էի իջել՝ սանդուղքները լուսավորելու համար: Հարևանուհիս կանգնած էր տան բաց դռանը` ինձ էր սպասում, և ասաց․
- Բակում մի երիտասարդ տղամարդ է ընկած ձյան շեղջի վրա, մեր շենքից երկու երիտասարդ ուզում են բարձրացնել, որ գիշերը չմնա դրսում քնած, չսառչի ու…
Տղաները խոսում են հետը, ընկածը ոչ մի պատասխան չի տալիս, երևում է, որ խմած է, բայց կարծես հայերեն չի հասկանում, գուցե վրացի՞ է, երևի մանդարին է բերել վաճառելու, մի տեղ խմել է, մոլորվել է, ընկել ու քնել, գնա հետը վրացերեն խոսի՛ր, գոնե հասցեն իմանանք, տղաները տուն տանեն։
Մեր շենքի տղաները, ամեն մեկը ընկածի մի թևատակից բռնած, բարձրացնում էին, բայց նա սահում էր ու ընկնում ձյան թմբի վրա: Ես մոտեցա և վրացերեն հարցրեցի՝ որտե՞ղ է իջևանել, թող ստուգի, փողը գրպանո՞ւմ է, թե՞ ո՛չ, հիշո՞ւմ է այն հասցեն կամ հեռախոսահամարը, որտեղ ինքը ապրում է այս մի քանի օրը:
Տղամարդը չպատասխանեց, միայն անհանգիստ շարժումներ էր անում: Ես լապտերիս լույսը պահեցի նրա դեմքին և դիմագծերից հասկացա, որ նա վրացի չէ, այլ հայ:
Այդ պահին ինձ համակեց մի անզուսպ զայրույթ. ուրեմն, երեսունն անց հայ երիտասարդն այնքան խմի ու հարբի, որ կորցնի տան ճանապարհը և թավալվի ցեխոտ ձյան մեջ: Ես զայրացած ասացի.
-Բա դու չե՞ս ամաչում, էս ժամին դու պիտի տանը՝ երեխաներիդ ու կնոջդ կողքին լինեիր, սա հայ տղամարդուն վայել վա՞րք է,- և մի թույլ ապտակ հասցրեցի: Նա կարծես մի քիչ սթափվեց, գլուխը բարձրացրեց: Ես դրանից ոգևորվեցի և շարունակեցի.
-Վե՛ր կաց, խելքդ գլուխդ հավաքի՛ր ու տուն գնա, երեխաներդ ու ծնողներդ սպասում են քեզ:
Նա ձեռքը թափ տվեց, ու ես այդ պահին, ինձ համար անգամ անսպասելի մի այնպիսի ուժեղ ապտակ հասցրեցի նրան, որ նա նույն վայրկյանին աչքերը բացեց ու ասաց.
-Ճիշտ ես ասում, քո՛ւր ջան, խելքս գլուխս հավաքեմ,- և ուզեց ոտքի կանգնել: Հարևաններս բռնեցին նրա թևերից, որ օգնեն ոտքի կանգնի, բայց նա հրեց երկուսին էլ, ինքնուրույն ոտքի կանգնեց, թափ տվեց հագուստի ցեխոտ ձյունը, ձեռքերը մտցրեց ձյան շեղջի մեջ, որտեղ ձյունը մաքուր էր,ձեռքերն ու դեմքը սրբեց ձյունով և գնաց, ասես ինքը չէր մի ժամ ձյան վրա կիսաթմրած պառկած:
Հարևաններս զարմացան, որ ես այդպես խիստ ու կտրուկ վարվեցի, քանի որ նրանք ինձ գիտեին որպես զուսպ և չափի մեջ մարդու:
Ինչու՞ հիշեցի այս դիպվածը. որովհետև այդ մարդուն ես հասցրեցի ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿ, այսպիսի ապտակ հաճախ կիրառում են նաև ուշագնաց մարդկանց ուշքի բերելու համար։
Սիրելի՛ hայեր, մեզ ավելի դաժան սթափության ապտակ են հասցրել 30 տարիներ շարունակ, այն էլ մեկի փոխարեն մի քանիսը, որը հավասարազոր է ծեծվելուն:
Մի՞թե մեզ պատիվ է բերում ծեծվելն ու ծեծված մնալը:
Ահա այդ սթափության ապտակները.
1.30 տարիների ընթացքում մեր երկրի և բանակի թալանն ու թուլացումը:
2.ՀՀ արտաքին քաղաքականության ոչնչացումը:
3.Կրթության, գիտության և մշակույթի կաթվածահարումը:
4.Տասնամյակներով սերնդի ապազգայնացման փորձերը:
5.Արտագաղթի բազամպատկումը:
6. Կեղծ Հեղափոխության էյֆորիան:
7. Հեղափոխության առաջնորդի քաղաքական, բարոյական սնանկությունը, քաղաքական տկարամտությունը, կադրերի սխալ կամ միտումնավոր թյուր ընտրությունը:
8.Հայաստանի հասարակության պառակտումը:
9.Արտաքին քաղաքականության վերջնական զրոյացումը:
10.Բանակը թուլացնելն ու բանակի շուրջ հակաբարոյական և ապազգային մթնոլորտ ստեղծելը:
11.Պատերազմին առիթ տալն ու պատերազմին անպատրաստ լինելը:
12․Պարտադրված պատերազմ և պարտադրված պարտության հետ հաշտեցնել:
13.Ռազմական գործողությունների մարտավարական բացթողումները:
14.Կամավորական ջոկատներին մարտական գործողություններին չպատրաստելը և հետ ուղարկելը:
15.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեղծ հայտարարություններն առ այն, որ ինքը չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցություններին մասնակցել, քանի որ իրեն՝ որպես վարչապետ, արցախցիները չեն ընտրել, սակայն առանց Արցախի ղեկավարներին և ժողովրդին տեղեկացնելու, նա ինքնակամ հանձնեց արցախյան ազատագրված տարածքները և Արցախի Հանրապետությունն ամբողջովին, իսկ արցախցիներին ենթարկեց բռնագաղթի:
16.ՀՀ պաշտոնապես պատերազմող կողմ չէր համարվում, բայց Արցախից բացի, պարտության՝ կապիտուլյացիայի տարավ նաև Հայաստանի Հանրապետությունը:
17.Պատերազմի կողմ չհամարվող Հայաստանին պարտադրվում է սահմանազատում և սահմանագծում ոչ թե միջազգային իրավունքի սկզբունքներով, այլ փլուզված Խորհրդային Միության ներքին՝ վարչատարածքային բաժանումների հիման վրա:
18.Ռազմական գործողությունների և քաղաքական ներգործությամբ Հայաստանին պարտադրվում է ճանապարհ հատկացնել, այն էլ՝ միջանցքի կարգավիճակով, մեր դեմ պատերազմող մեր թշնամի պետություններին, որոնց նպատակն է եղել արցախյան առաջին պատերազմի սանձազերծումն ու հենց այդ ճանապարհը գրավելը:
19.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվի չի առնում աշխարհաքաղաքական իրավիճակի շուրջ մեր երկրի քաղաքագետների վերլուծությունները, այլ շարունակում է ամեն ինչ սկսել զրոյական կետից՝ այդպիով հեղինակազրկելով Հայաստանի Հանրապետությունը, զրոյացնելով մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը:
20.Թշնամի պետության հետ սահմանազատումն ու սահմանագծումը վերջնականապես լուծում է թշնամու և թուրքիայի օգտին՝ Սյունիքը Հայաստանից կտրելու վտանգով:
21․2018 թվի ԽեՂաՓՈՂության առաջնորդը վերջնականապես ապացուցեց, որ նա իրականացնում է մեր պետության կործանման թշնամու ԾՐԱԳԻՐԸ:
Ահա այսպիսի սթափության ԱՊՏԱԿՆԵՐ ԵՆՔ ստացել և շարունակում ենք ստանալ մենք՝ ՀԱՅԵՐՍ, որոնք համարժեք են ԴԱԺԱՆ ԾԵԾԻ, իսկ մենք շարունակում ենք ասել՝ թեթև քամի է… Քամի չէ՛,մրրիկ է, հեղեղ է ու փոթորիկ, որը կարող է մեզ քշել, տանել…
Ի՞նչ անենք, ինչո՞վ փոխարինենք Սթափության Ապտակը,
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապաակախոս