Հայաստանում կա 50-ից ավելի կուսակցություն, որոնցից ամեն մեկը իրեն հռչակել է պետականության պահապան ու ապագայի փրկիչ։ Յուրաքանչյուր կուսակցություն, սակայն, պետք է ունենա քաղաքական տեսություն, այսինքն՝ թե որ ուղղության հետևորդ է։
Գոյություն ունեն բազմաթիվ քաղաքական տեսություններ՝ ազատականություն, պահպանողականություն, բարեփոխականություն, ազգայնականություն, սոցիալիզմ, ցենտրիզմ, եվրոպամետություն և այլն։
Կուսակցության հիմնադիրները առաջինը պետք է լինեն որևէ տեսության, քաղաքական գաղափարախոսության կրողներ, որպեսզի դրա հիման վրա էլ կուսակցության տեսությունն ու ծրագիրը կազմեն, իսկ կուսակցության անդամները պետք է համաձայն լինեն այդ տեսության հետ, որպեսզի անդամակցեն։
Իր ամբողջ գործունեության ընթացքում կուսակցությունը պետք է խստորեն հետևի իր տեսությանը և ծրագրեր կազմելիս հենվի առաջին հերթին այդ տեսության վրա, չհակասի դրան։
Օրինակ, պահպանողականության հարող կուսակցությունը չի կարող ունենալ լիբերալիզմ, ազատականություն պարունակող ծրագրեր։ Դա արդեն ձախողված կուսակցություն է։
Հիմա նայենք Հայաստանի նորագույն շրջանին՝ 1991-ից մինչև մեր օրեր։ 1-2 կուսակցությունից բացի, չես կարող գտնել որևէ քաղաքական ուժ, որը գոնե գիտի, թե ինչ է տեսությունը և, որ ավելի կարևոր է, ունի քաղաքական տեսություն։
Կուսակցությունները մեզանում ստեղծվում են մեկ անձի քաղաքական կամ տնտեսական շահերը պաշտպանելու համար, իսկ երբ գալիս է ընտրությունների ժամանակը, իրեն ազգայնական հռչակած կուսակցությունը սկսում է, օրինակ, եվրոպամետություն քարոզել, չհասկանալով, որ իր խոսքն ու գործը հակասում են։
Ընտրությունները ոչ թե խոստումների, այլ գաղափարների ու ծրագրերի պայքար են, որտեղ ընտրողները կշռադատում են, թե որ կուսակցության ծրագիրը որքանով է իրագործելի։ Բայց դա՝ զարգացած երկրներում, իսկ Հայաստանում եղել և շարունակում են առաջնային լինել ասֆալտն ու թոշակը։
Քաղաքական տեսությունները մեզանում գոյություն չունեն։
Վերջերս Սամվել Բաբայանը մի կուսակցություն էր հիմնել՝ անունը դնելով՝ Ազատական։ Վստահ եմ, Բաբայանի նման մարդը ուղղակի չէր կարող ազատական լինել, առավել ևս, քաղաքական տեսության առումով։ Ենթադրում եմ՝ կողքին ինչ-որ մեկը համոզել է նոր կուսակցության անունը դնել ազատական՝ հավանաբար ազատության իմաստով։
Այսպիսին են մեր քաղաքական իրողությունները, որոնք էլ իրենց հետ բերում են այն ամբողջ քաոսը, որ այսօր տիրում է Հայաստանում։
Հանրությունը այնքան է հիասթափված կուսակցություններից, որ ասում է՝ այլևս դրանք պետք չեն, այնինչ, առանց կուսակցության չի կարող լինել քաղաքական գործընթաց։
Պետք են կուսակցություններ, բայց նոր որակի ու արժեքների կուսակցություններ են պետք, որոնց հիմնադիրներն ու անդամները գոնե կիմանան, թե ինչ է քաղաքական տեսւթյունը և կլինեն այդպիսի որևէ տեսության կրողներ՝ ծրագրերը նույնպես այդ տեսությունների հիման վրա կազմելով։
Նաիրի Հոխիկյան