Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ո՞վ կկապի ՈՒկրաինան Իրանին` Հայաստա՞նը, թե՞ ՎՈՒԱՄ-ը

Ո՞վ կկապի ՈՒկրաինան Իրանին` Հայաստա՞նը, թե՞ ՎՈՒԱՄ-ը
12.03.2018 | 10:27

Մի իրավիճակում, երբ հակառակ ակնկալիքների` ուկրաինական գյուղատնտեսական և այլ արտադրանքին ազատ մուտք չտրվեց եվրոպական շուկա արտոնյալ պայմաններով, Կիևը ակտիվորեն նոր ճանապարհներ է որոնում դեպի նոր շուկաներ: Պարզվեց` այլընտրանքային ճանապարհներն ու շուկաները այդքան էլ հեռու չեն: ՈՒկրաինան ցանկանում է Իրան արտահանել հացահատիկ ու արևածաղկի ձեթ, փոխարենը ստանալ նավթ, գազ, բիտում: Թեհրանի ու Կիևի միջև 2016-ին կնքված համաձայնագրով ՈՒկրաինան պետք է միանա Պարսից ծոց-Սև ծով երթուղուն: ՙՈՒկրզալիզնիցա՚ պետական ընկերությունը Իրանից առաջարկ է ստացել 1000- կիլոմետրանոց երկաթուղի կառուցել Իրանում: Վերջնական համաձայնագիրը դեռ չի կնքվել: Հայաստանում արդեն կառուցվում է այդ երթուղու մի մասը` 550- կիլոմետրանոց ճանապարհը Իրանը կկապի վրացական Փոթի ու Բաթում նավահանգիստների հետ հայկական տարածքով: Հայաստանին, իհարկե, ձեռնտու է միջազգային նոր համաձայնագրերին մասնակցել: Բայց եթե պատմականորեն ու աշխարհագրորեն Իրանի հետ համագործակցությունը արդեն կայուն ավանդույթներ ունի, նոր խաղացողին պետք է լավ ուսումնասիրել: Բավական է ծանոթանալ իրանցի դիվանագետների տեսակետների հետ, որ մի քանի անգամ զգուշացրել են ուկրաինական տնտեսական օրենսդրության անկատարության մասին, որ էականորեն դանդաղեցնում է ներդրումների աճը ՈՒկրաինայում, հաճախ էլ վախեցնում է բիզնեսին: Օրինակ` երկկողմ հարաբերությունների զարգացման առավել ակտիվ փուլում հանկարծ ուկրաինական ՙԷներգոբանկն՚ արգելափակում է դեսպանատան 140 000 եվրո գումարը` Իրանի դեսպանատան աշխատակիցների աշխատավարձը: ՈՒկրաինայի ղեկավարությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավիճակը շտկելու համար, բայց համառորեն շարունակում էր բանակցել նոր նախագծերի շուրջ: Նվազագույնը տարօրինակ էր ուկրաինական ընկերությունների պահվածքը, որ 2 տարի չէին պատասխանում 1 տոննա եգիպտացորեն գնելու Իրանի առաջարկին: Պատասխան չստանալով` իրանական ընկերությունները վարձակալեցին 1200 հեկտար հողատարածք Օդեսայի շրջանում` հացահատիկի համար:


Վերջերս ՈՒկրաինայի ղեկավարությունը Հայաստանի հյուրն էր, քննարկում էր նաև Հայաստանի տարանցիկ հնարավորությունները հօգուտ ՈՒկրաինայի օգտագործելու հարցը: Հայկական տարանցման հարցը պետք է դիտարկել հենց Իրանի հետ համագործակցության ինտենսիվացման ենթատեքստում:
ՈՒկրաինան դաշնակցային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որ նույնպես կարող է ուկրաինական արտադրանքն Իրան հասցնել: Արդեն ավարտվում է Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումը: ՈՒկրաինան շոշափում է բոլոր հնարավորությունները: Թերևս հայկական տարանցումը Կիևի համար այդքան էլ գրավիչ չէ: Այլապես ինչո՞վ բացատրել փաստը, որ այս տարի Թեհրանում 5 երկրներ` Իրանը, Ադրբեջանը: Վրաստանը, ՈՒկրաինան ու Լեհաստանը, տրանսպորտային համագործակցության համաձայնագիր են ստորագրելու: Կիևը մեծ հույսեր է կապում այդ համաձայնագրի հետ` իբրև ուկրաինաիրանական տրանսպորտային հաղորդակցության արդյունավետությունը ու շահութաբերությունը մեծացնելու միջոց:


Ցավոք, Հայաստանի ու Ադրբեջանի (ղարաբաղյան դիմակայության կողմերի) տնտեսական ոլորտում համագործակցության անկարողությունն ու ցանկություն չունենալը` չնայած չլուծված կոնֆլիկտին, դառնում են հայկական կողմի մեկուսացման պատճառ տարածաշրջանային մեծ նախագծերից: Թվարկված երկրներից երեքը նաև ՎՈՒԱՄ-ի անդամ են, այդ պատճառով ուկրաինաիրանական աշխուժացումից օգտվելու Հայաստանի շանսերը քիչ են: Բայց պետք չէ մոռանալ, որ ՈՒկրաինայի օրենսդրության անկատարությունը, երաշխիքների բացակայությունը, իշխանությունների անվճռականությունը կամ ցանկություն չունենալը ժամանակին խառնվել լուրջ հարցերի լուծմանը, կարող են ձախողել անգամ ամենալուրջ նախագծերը, երբ խոչընդոտներ են առաջանում:
Էրիկա ԼԵՌՆԵՐ, REGNUM


Հ.Գ. Ենթատեքստում պետք է հասկանալ, որ Ռուսաստանը դեմ լինելով ՈՒկրաինա-Իրան համագործակցությանը, հնարավորն անելու է, որ նախագիծը կամ ընդհանրապես ձախողվի, կամ Հայաստանն այդ նախագծում չլինի` մանավանդ որ Հայաստանը, պարզվում է` տնտեսական ոլորտում համագործակցության անկարող է ու ցանկություն չունի, իսկ Ադրբեջանը ունի ու կարող է: Հետաքրքիր մեկնաբանություն է: Առավել ևս, որ վերջերս Ադրբեջանը չմասնակցեց ՎՈՒԱՄ-ի խորհրդարանների նախագահների հանդիպմանը` իբր իր բողոքը արտահայտելով Վրաստանի, ՈՒկրաինայի ու Մոլդովայի արևմտամետ դիրքորոշմանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ