Պատին պատկերվածը – որմնանկար է:
Պատին գրառված բանաստեղծությունը –
կոչենք որմնաստիխ կամ՝ որմնաբանաստեղծություն,
ինչպիսին գրել է, օրինակ, Շիրազը.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ…»:
Իսկ ինչպե՞ս կոչել գործվածքին գրված բանաստեղծությունը,-
այո՛, ճիշտ այդպե՛ս՝ գործվածքաբանաստեղծություն,-
երկարահունչ բառ է, բայց հայերեն է արմատապես:
Չարենցը նման քերթված է գրել սպիտակ թաշկինակին,
բանտախցի մեջ, մահվան նախաշեմին -
մատիտո՛վ, տենդահա՛ր, թաքթաքո՛ւն,
որ հսկիչ ու մատնիչ աչքերը չտեսնեն.
«Ա՜խ, կուզեի ես ունենալ / Գոնե մի երգ այնքան ջերմին,
Որ գրեի խուղիս որմին… / Եվ այն հավետ այնտեղ մնար»:-
Ասում են՝ Չարենցը ստիխներ է գրել նաեւ շապկի վրա,
որ այրել են քննիչ-բանտապահները.-
ավաղ անհետացած շապիկաստիխներ…
Պոետը երազում է որմին գրելիք անմահ Բանի մասին,
բայց աստվածաշունչ, մարդեղեն խոսքը,- ճշմարի՜տ-ճշմարի՛տ,-
արժե՛ մշտագրել հենց սեփական շապկի ու մարմնի վրա՝
որպես նվիրական, գեղագիր դաջվածք:
Չգիտեմ՝ եղե՞լ է մի ոգեվառ պոետ, ով երգ է գրել
իր մարմնի վրա - գրչասեղով կամ դանակի ծայրով,
և հիմնարկել այդպես մարմնաբանաստեղծությունը…
Պոեզիան աշխարհի ներքին ձայնն է,
որ մեզ հայտնում է հրաշալիքների ճիշտ հասցեները:
Պոեզիան, սակայն, մարմին է նույնպես – բառաբջիջներով,
իր գերբնական կազմախոսությամբ,
իսկ մարմինը միշտ հատուցում է Աստծո ու կյանքի համար:
Պոեզիան մարմին է ժամանակի գետում,
որ անշեղ լողում է հոսանքին հակառակ:
Բայց ամենից առաջ՝ Պոեզիան Խաչվողի ոգի-մարմինն է,
ապաշխարանքն ու հիացքը Նրա:-
Մարմին և պոեզիա,
մարմնապոեզիա՝
մարմնաբանաստեղծությո՛ւն,
որ ծլարձակում է երկրի մաշկի տակ
և ծաղկազարդվում Պոետի հևոտ կրծքավանդակին:
31.08.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ