Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Կրոնական պոպուլիզմը որպես «փափուկ ուժ»

Կրոնական պոպուլիզմը որպես «փափուկ ուժ»
04.11.2025 | 12:14

ԱՄՆ քաղաքականության նոր ուղղությունները և դրանց արտացոլումը Հայաստանում

Միացյալ Նահանգների վերջին տասնամյակների քաղաքականության մեջ ակնհայտ է կրոնական դիսկուրսի աստիճանական ինստիտուցիոնալացումը՝ որպես արտաքին ազդեցության և «փափուկ ուժի» գործիք։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ստեղծելով Կառավարության արդյունավետության նախարարությունը (Department of Government Efficiency), վարչական բարեփոխումների պատրանք ստեղծեց և մի շարք ծրագրեր փակվեցին։ Սակայն այդ գործընթացը բացեց նաև նոր ուղղություններ՝ ԱՄՆ-ի հեգեմոնիան աշխարհում լայնորեն դրսևորելու համար։ Այդ ռազմավարության առանցքային բաղադրիչներից դարձավ «քրիստոնեական արժեքների» և «կրոնական պոպուլիզմի» ընդգծումը արտաքին քաղաքականության և զարգացման աջակցության ոլորտներում։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վերջին տասնամյակում ակտիվորեն ներգրավվեց տարբեր աղանդավորական կազմակերպությունների ծրագրերի ֆինանսավորման գործընթացում։

2013–2022 թվականներին USAID-ն ֆինանսական հատկացումների զգալի մասն ուղղեց քրիստոնեական հաստատություններին՝ մասնավորապես Կաթոլիկ եկեղեցու սոցիալական աջակցության կառույցներին և Բապտիստական եկեղեցու հետ կապված «World Vision» կազմակերպությանը, որը նշված ժամանակահատվածում ստացավ ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար դրամաշնորհային աջակցություն։

Սա վկայում է, որ ԱՄՆ զարգացման քաղաքականության մեջ աղանդավորական կազմակերպությունները դիտարկվում են գաղափարական ազդեցության տեսանկյունից։ Հետաքրքրական է, որ USAID-ի վերակազմավորումից հետո դադարեցվեցին այլ դավանանքների՝ մասնավորապես «Իսլամական օգնության» (Islamic Relief) և «Միջազգային ուղղափառ քրիստոնեկան բարեգործական» (International Orthodox Christian Charities) կազմակերպությունների ծրագրերը։

Իսկ Թրամփի վարչակազմին մոտ «Heritage Foundation» վերլուծական կենտրոնի մշակած Project 2025 ռազմավարական փաստաթղթում ներկայացվում է տեսլական, ըստ որի՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը պետք է ավելի սերտորեն համագործակցի կրոնական հաստատությունների հետ։ Փաստաթղթի 9-րդ գլխում առաջարկվում է վերացնել հավատքի վրա հիմնված կազմակերպությունների հետ համագործակցության իրավական սահմանափակումները՝ դրանք դիտարկելով որպես առավել վստահելի և արդյունավետ գործընկերներ։

Այս մոտեցումը հիմնվում է «կրոնական ազատության պաշտպանության» գաղափարի վրա, որը, ըստ փաստաթղթի հեղինակների, պետք է դառնա արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություն։ Սակայն այդ հասկացության կիրառությունն ունի բազմիմաստ բնույթ՝ առանց հստակ սահմանման, թե որ գործողություններն են ընկալվում որպես «ազատության պաշտպանություն» և որոնք՝ գաղափարական ընդլայնում, որ նշանակում է ԱՄՆ գաղափարական ներթափանցում և ազդեցություն այլ երկրներում։

Վերոնշյալ մոտեցումները փաստում են, որ աղանդավորական կառույցների ներգրավումը ԱՄՆ արտաքին աջակցության ծրագրերում «փափուկ ուժի» (soft power) գործիքակազմի հարստացում է։ Եվ այս համատեքստում իշխող քաղաքական ուժը «կրոնական պոպուլիզմը» գործադրում է իր հարմարության ու նպատակների շուրջ ներքին հասարակական համախմբում ստեղծելով այդ նույն հասարակությանն իրեն ծառայեցնելու համար, իսկ որպես արտաքին ազդեցության մեխանիզմ՝ ուղղում է այլ պետությունների հասարակական կարծիքի և արժեքային համակարգի վրա ազդեցություն գործելուն։

Նմանատիպ մոդելներ են կիրառվում նաև Հայաստանում։ Դրանք կարող են նպաստել օտարերկրյա արտաքին քաղաքական օրակարգերի ներթափանցման և հասարակական ոչ կառուցողական արժեքային համակարգերի ձևավորմանը։ Իսկ այս երևույթը կհանգեցնի հասարակության բարոյահոգեբանական և արժեքային պառակտման՝ ըստ կրոնական, աղանդավորական պատկանելության։ Ինչը հղի է բազմաթիվ վտանգներով, այդ թվում՝ հասարակական տրամադրությունների ուղղորդմամբ կամ ընտրական մասնակցության ձևավորմամբ։

Ըստ երևույթին, նիկոլն իր արևմտյան ծրագրերն իրականացնելու համար հիմնվում է նաև «կրոնական պոպուլիզմի» վրա, որպեսզի կարողանա ավելի պառակտել հայ ժողովրդին՝ տարբեր աղանդավորական շարժումներ ակտիվացնելով։ Իսկ եթե 2026 թվականին Հայաստանում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, ապա նույն այդ շարժումներին հարած ընտրազանգվածի միջոցով իրեն անհարաժեշտ ձայներն ապահովելու խնդիրը կփորձի լուծել։

Սակայն նման քաղաքականությունը նաև առաջացնում է հարցեր՝ կապված միջազգային հարաբերություններում կրոնի գործառույթների, արժեքային դիվանագիտության և պետական-կրոնական սահմանների հստակեցման ու պաշտպանության հետ, ինչի առնչությամբ հասարակության զգոնությունն առաջնային կարևորություն ունի։

Հտևաբար, Հայաստանի և այլ փոքր պետությունների համար այս միտումների ուսումնասիրությունը և դրանց կիրառման կանխումը կամ դադարեցումը կարևոր են՝ սեփական քաղաքական և տեղեկատվական անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև հասարակական կայունությունը ամրապնդելու տեսանկյունից։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ