Այս երկու օրը շատ խոսվեց Նիկոլի հետ լուսանկարված մեծահարուստների մասին։ Այո՛, հենց լուսանկարված, այլ ոչ թե հանդիպած, քանի որ այդ ամբողջ հանդիպման իմաստը հենց լուսանկարները դնելն էր ու ցույց տալը, թե մեծահարուստներն էլ են Նիկոլին սատարում (ինչպիսի անհավատալի նորություն, չէ՞)։
Իսկ այն հանդիպումների մասին, որոնց ընթացքում իրական խնդիրներ են քննարկվում ու հարցեր լուծվում, մենք ոչ էլ իմանում ենք։
Այս տիպի հանդիպումները, «քննարկումները», «կլոր սեղանները», տեսախցիկների առաջ զխտկվելը մասնագիտական ժարգոնով կոչվում են «պսևդո-իրադարձություններ» (pseudo event)։ Այն է՝ իրադարձություն, որը տեղի է ունենում գլխավորապես այն լուսաբանելու նպատակով։
Բայց մի կարևոր բան... Հենց երեկ (13․04․2026 թ․-irares.am) հետաքրքիր մի տեքստ էի կարդում այն ակտիվիստների մասին, որոնք պետական և կուսակցական ինստիտուտների հետ կապեր են հաստատել ու հիմա վախենում են, որ եթե իրենց իսկ քարոզած արժեքներով ընդառաջվեն և այդ ինստիտուտները քննադատեն, ապա կզրկվեն այդ կապերից...
Մի շատ պատկերավոր միտք կար, որը կիրառելի է նաև այս մեծահարուստների դեպքում։
Իմաստը հետևյալն էր. «Վերևներում ունեցած կապերը, որոնք օգնում են ավելի արդյունավետ հասնել ձեր վեհ նպատակներին, կարող են նաև թակարդ դառնալ։ Գալիս է մի պահ, որ դուք փորձում եք իշխանության սեղանի շուրջ ձեր նստատեղը չկորցնել այն դեպքում, երբ այդ սեղանը սենյակից դուրս են տանում»։
Սա շատ լավ նկարագրում է Հայաստանում ներկա իրավիճակը. իշխանությունը հայտնվել է օտար (այդ թվում երկրիդ թշնամիների) շահերը սպասարկող բռնապետի ձեռքում, որը պատրաստ է ամեն ինչ հանձնել ու վաճառել, որպեսզի իր իշխանությունը պահի։ Ըստ էության, սա օկուպացիոն վարչակարգ է։
Այդ վարչակարգի «սեղանի» շուրջ նստատեղ ունենալու համար խոշոր սեփականատերը ստիպված է վճարել (ու ոչ միայն փողով), և որոշ ժամանակ այդ նստատեղն ունենալը անվտանգության որոշակի երաշխիք է բիզնեսիդ համար։
Բայց ցանկացած բռնապետական ռեժիմի կյանքում վաղ թե ուշ գալիս է ժամանակ, երբ մինչ դու զբաղված ես իշխանության սեղանի շուրջ աթոռդ փայփայելով, «սեղանը սենյակից հանում են»...
Երբ պահը գա, Նիկոլն առանց մեկ վայրկյան մտածելու փուռն է տալու այդ սեղանի շուրջ բոլոր նստածներին, սկսած իր ամենահավատարիմ աջակիցներից։ ՈՒղղակի հիշեք Արցախի Արայիկ Հարությունյանի օրինակը ու հիշեք, որ Արայիկ Հարությունյանն էլ էր փորձում իր ակտիվները պաշտպանել՝ Նիկոլին սատարելով։
Նիկոլը շատ լավ գիտի, որ բոլորին էլ վաղ թե ուշ փուռն է տալու։ Սեղանի շուրջ նստողների մեծ մասն էլ դա գիտի։ Բայց հույս ունեն, որ հերթն անձամբ իրենց չի հասնելու, այլ մյուս սեղականակիցներին։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ