«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Պարը քարացավ...

Պարը քարացավ...
07.02.2024 | 14:23

Մի պահ պարը քարացավ:

Օդում քարացան նաև Յարխուշտայի զարկերը:

Այդ պահին Հայոց պարի մերօյա Քրմապետ Գագիկ Գինոսյանի հոգին արդեն սավառնում էր Հայկական լեռնաշխարհի վրայով և գարնան արևոտ շարմաղ անձրևի պես մեր դյուցազնական պարերն էր շաղում կարոտյալներին:

Փշրվեց Գագիկ Գինոսյանի կյանքի մեծ ժայռը, բայց նրա ոգեղեն բեկորները դեռ երկար մեզ հայ կպահեն: Նա Հայոց պարի թագադիր ասպետն էր, Քրմապետը, հրամանատարը, ում այրուձի զինվորները Հայոց պարերն էին:

Հեթանոս հայերը Տերնդեզի ծես ունեին, որտեղից մարդիկ վառվող թոնրից կերոններով կրակ էին տանում իրենց թոնիրներին ու օջախներին, որ սրբազան հացը միշտ արդար մնա, օջախները՝ շեն, բանակը՝ հզոր: Գագիկ Գինոսյանն այդ հեթանոս թոնրի սրբազան կրակն է, որ ոգի ու շունչ էր տալիս, արթնացնում ու շարունակում գենետիկ հիշողությունը, որ հարատևի սերունդների սրբազան կապը:

Իմ սիրելի Էրգրացի եղբայր Գագիկ, միտքս Յարխուշտայի զարկերի պես քարացել է օդում, բառերը թաքնվում էին ինձանից, աչքերիս թաքուն խոնավությունը ներսում մնաց: Առաջին ու վերջին անգամ դու մեզ մոլորեցրիր, մեր պարի Սասնա Ծուռ:

Պարի ժամանակ ձեռքիդ դանակը քո Թուր Կեծակին էր, որոնում էիր Քուռկիկ Ջալալուն, Շաղգամի արտի պառավը զենքերի տեղը դեռ չէր ասել:

Շարունակի՛ր ճախրանքդ, սավառնի՛ր, Գագիկ Գինոսյան, զի դա է քո արվեստը:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 32491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ