Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Կրիտիկական վիճակներում, որպես կանոն, առաջինը տուժում են թույլերը

Կրիտիկական վիճակներում, որպես կանոն, առաջինը տուժում են թույլերը
28.01.2026 | 15:10

Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր։

Բայց նմանատիպ աճող գոյաբանական ռիսկի պայմաններում մեր գավառական քաղաքական միտքը աճող պրոբլեմների նկատմամբ անտարբեր գտնվեց, քանի որ զուրկ էր ստրատեգիական մտածողությունից և ղեկավարվում էր թագը չկորցնելու հետ կապված տակտիկական ու անհեռատես քայլերով։

Դրան զուգահեռ ընկնում էր նաև նման տակտիկական քայլերի ինտելեկտուալ մակարդակը ևս։

Եթե մենք թեկուզ մի փոքր ստրատեգիական մտածողություն ունենայինք, ապա, համադրելով ներկա դարի առաջին տասնամյակի մի քանի բացահայտ տենդենցները, պետք է շտապեինք օր առաջ վերջակետ դնել արցախյան պրոցեսին, թեկուզև մեր մաքսիմալիստական պայմաններից որոշ հրաժարումներով։

Թվարկենք նշված տենդենցներից մի քանիսը, որոնք մեզ սթափության կոչ էին անում, բայց իզուր, քանի որ դրանք ի մի բերող և իրավիճակը լրջորեն գնահատող քաղաքական միտք չունեինք։

Առաջին և ամենահիմնական տենդենցը՝ միաբևեռ աշխարհում ուժային նոր բևեռների առաջացումն էր ու աճը, որը մոտ ապագայում խոստանում էր միջազգային լարվածության կտրուկ աճ, և որի արդյունքում, որպես կանոն, առաջինը տուժում են կրիտիկական վիճակներում գտնվող թույլերը, որոնց տիպական ներկայացուցիչն ենք մենք։

Ավելի առարկայական մոտեցումով այդ տենդենցներն էին՝

1․ Չինաստանի տնտեսական աճը և դրա անմիջական հետևանք՝ նրա միջազգային ազդեցիկության աճը։

2․ Այդ ֆոնին Պուտինի ձգտումը միանալ Արևմուտքին, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ին միանալը և կտրուկ մերժում ստանալը։

3․ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմաններին մոտենալը, որի հիմնական նպատակն էր Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալը և Չինաստանին զրկելը դրանցից։

4․ Պուտինի 2007-ի մյունխենյան ելույթը և գաղափարապես շրջվելը դեպի Արևելք։

5․ Ադրբեջանի հարստանալն ու Իսրայելի հետ նրա կապերի ամրացումը, և այլն, և այլն։

Եթե սրան էլ ավելացնենք, որ նման հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար լուրջ պետական քաղաքականություն պետք էր ունենալ, որի համար էլ նույն պետությունը այս ուղղությամբ արտակարգ գիտելիքներ ու մտածողություն ունեցող իր հատուկենտ զավակներին պետք է հատուկ ուշադրությամբ մի տեղ հավաքեր, նրանցից առավել հեղինակավոր ու լուրջ մեկին լիդեր կարգեր և հնարավորություն տար նրանց աշխատելու, իհարկե, դրա հետ միասին նաև ուղղություն տալով և կողմնորոշելով նրանց գործունեությունը։

Ավաղ, այս ամենը չեղավ, քանի որ գավառական մոտեցումների առաջնահերթություններն այլ են և, ինչպես միշտ, կատվի վազքն էլ մինչև մարագն է։

Նման հարցերը քննարկելիս չպետք է մոռանալ նաև մեր կրթական համակարգի ավերակումը՝ սկսած անկախության առաջին օրից, որը երկրի ինտելեկտուալ մակարդակի և հզորության անկման հիմքերի հիմքն է։

Չպետք է մոռանալ նաև, որ, լավագույն կյանքի մասին երազներից ու հեքիաթներից բացի, կա նաև զուտ ապրելու պրոբլեմը, որը, ինչ-ինչ պատճառներով, դուրս է մնացել մեր «ինտելեկտուալների» տեսադաշտից։

Մյուս կողմից էլ, լուրջ ինֆորմացիայի բացակայության դեպքում թույլի կողմից մեծ ռիսկերի դաշտ նետվելը ևս ծայրահեղ վատ նշան է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ