ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մեծ ճգնաժամի շեմին

Մեծ ճգնաժամի շեմին
10.01.2026 | 15:16

Այն, ինչ կատարվում է աշխարհի տարբեր երկրներում, փոխկապակցված է միատեսակ խնդիրներով:

Թվում է, թե Իրանում կամ Վենեսուելայում, թեկուզ հենց ԱՄՆ-ում խնդիրները տարբեր են, բայց կա մեկ խնդիր, որը գլխավորն է:

Դա կապիտալի անարդար բաշխման խնդիրն է:

Իրանցին առավոտյան արթնանում ու տեսնում է դոլարի կտրուկ թանկացում, որը բերում է թանկացման, բոլոր ոլորտներում: Ինֆլյացիան աճում է նաև ԱՄՆ-ում և այլուր:

Ի՞նչ է ստացվում: Աշխարհը պատերազմների ու բազմատեսակ հակամարտությունների մեջ է, բայց իշխող էլիտաներն ու նրանց թիկունքում թաքնված տերերը, օլիգարխիան անդադար հարստանում են: Հասարակության մեջ վերանում է միջին խավը, մարդկանց մեծ մասը բանկային պարտքերի տակ է, բայց օլիգարխիան հարստանում է...

Նույնիսկ պատերազմող Ռուսաստանում և Ուկրաինայում է այդպես, այդպես է Հայաստանում:

Բացի սեփական պարտքերից, հասարակության ուսերին է նաև ապիկար իշխանությունների շնորհիվ աճող պետական պարտքի բեռը:

Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին մոտ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ տոկոսավճարներ է վճարել: Պատկերացնու՞մ եք, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տարեկան մոտ 300 դոլար տոկոս է վճարում, սա՝ միայն տոկոս, իսկ պետական պարտքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Միամիտ մարդկանց զվարճացնում են Ջենիֆեր Լոպեսով, տոնածառով ու լույսերով, ասֆալտով ու անորակ շինարարությամբ, որոնց վրա ծախսված գումարների զգալի մասը տարբեր կոռուպցիոն խողովակներով մտնում է շրջանառության մեջ, դուրս է բերվում երկրից կամ խթանում է անշարժ գույքի «լվացքատունը»: Գոնե նախկինում խոսում էին 10 տոկոս ատկատների մասին, այժմ վիճակն ավելի խայտառակ է:

Սրան գումարած, գլոբալ խնդիրներից մեկն էլ տնտեսության մոնոպոլիզացիան է: Արդյունաբերությունը, ֆինանսական և մյուս համակարգերը մոնոպոլ դարձնելուց հետո հերթը հասավ ծառայությունների ոլորտին: Նույնիսկ առևտուրն են մարդկանց ձեռքից խլում: Ապրա՞նք եք ցանկանում գնել, գնեք «Ամազոնից» կամ «Վայլդբերիսից», լավագույն դեպքում՝ սուպերմարկետների ցանցից, փոքր ու միջին բիզնեսը պետք է մեռնի:

Ի՞նչ է ստացվում, ոլորտ առ ոլորտ անհատի ձեռքից խլում են: Այդ անհատը տնտեսության խթանիչ ուժն է: Երիտասարդությունն է տիրապետում մեծ էներգիայի, էնտուզիազմի, մոտիվացված է: Բայց այսօրվա երիտասարդությունը ոչ մի երկրում չունի ապագա: Ի՞նչ անել, կրթությունը դարձել է անիմաստ, անհատ ձեռներեցության ու ռեալիզացվելու ոլորտներ չկան: Բոլորը չէ, որ պետք է դառնան ծրագրավորողներ, չնայած այդ ոլորտում նույնպես ամեն ինչ մոնոպոլիաների ձեռքում է, նրանց հարկավոր են միայն հնազանդ, վարձու կատարողներ:

Այսինքն, ժամանակակից աշխարհում երիտասարդությունը, նոր սերունդը փակուղու մեջ է: Երիտասարդը կարող է ողջ կյանքն աշխատել ու բնակարանի հարց չլուծել: Եթե բախտ վիճակվի վարկի միջոցով տուն գնել, մարդիկ այդ դեպքում դառնում են բանկային ստրուկ և ողջ կյանքի ընթացքում ապրում են եռապատիկ թանկ նստող բնակարանի դիմաց վճարելով:

Սա է պատճառը, որ ամենուր քաղաքական ծաղրածուները արտաքին ու ներքին թշնամիներ են փնտրում, որպեսզի, դրանց դեմ սուտ պայքար մղելով, շեղեն մասսաների ուշադրությունը:

ԱՄՆ-ում Թրամփը «պայքարում» է միգրանտների, Վենեսուելայի ու Իրանի դեմ, բայց երկրի պարտքը հասել է աստղաբաշխական թվերի, ինֆլյացիան աճում է:

Իրանի ռեժիմը «պայքարում» է սիոնիստների ու Արևմուտքի դեմ, Պուտինը՝ բանդեռովցի ֆաշիստների, դե, իսկ մեր խեղկատակների կլոունադան եկեղեցու և նախկինների շուրջ է:

Այս համաշխարհային ճգնաժամը խորանում է օր-օրի: Եթե հաջողվի՝ կհրահրեն մեծ պատերազմ և որոշ ժամանակ խնդիրներից կխուսափեն, եթե չստացվի, կունենանք հակառակ ծայրահեղությունը՝ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության պես մի բան...

1917-ը պատահականություն չէր, այն անխուսափելի է ցանկացած դեպքում: Օլիգարխիան չի նահանջելու, իսկ մասսաների, հատկապես երիտասարդության խնդիրները օր-օրի մեծանում ու դժվարանում են:

Արա Արայան

Դիտվել է՝ 3807

Մեկնաբանություններ