ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

ՈՒնենք հիսուն տոկոսից ավելի չկողմնորոշված, պասիվ և ապաքաղաքականացված ընտրազանգված

ՈՒնենք հիսուն տոկոսից ավելի չկողմնորոշված, պասիվ և ապաքաղաքականացված ընտրազանգված
12.04.2026 | 12:40

Այսօր ապրիլի 12-ն է: Եթե գումարենք հունիսի առաջին շաբաթը, կստացվի, որ ընտրությունների օրվանից մեզ բաժանում է մեկ ու կես ամսից մի քիչ ավելի: Բայց ընտրապայքարը ուղիղ վերելքով արագ ակտիվանում է: Ինչ կարելի է ասել այսօրվա դրությամբ, կամ ինչ իրողություններ են ի հայտ եկել, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Առաջին. ընդդիմադիր բևեռում միավորում չստացվեց: Այս հանգամանքը բավականին նպաստավոր է իշխանության համար: Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը տիրապետում են նյութական և մարդկային բավարար ռեսուրսների, ունեն կապեր և ազդեցության գործիքներ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում: Երեք ուժերի միավորումը եռակի անգամ կմեծացներ հաղթանակի հնարավորությունները:

Երկրորդ. փորձագիտական-մասնագիտական հանրության կանխատեսումը առ այն, որ այս պահին ունենք հիսուն տոկոսից ավելի չկողմնորոշված, պասիվ և ապաքաղաքականացված ընտրազանգված, որն իրեն դուրս է դրել բոլոր ներքաղաքական գործընթացներից, կարծես թե հաստատվում է. սոցիոլոգիական հարցումներում ևս այս իրողությունը երևում է: Եթե այսպես շարունակվի, կստացվի, որ հիսուն տոկոս մասնակցության դեպքում հաղթած ուժը փաստացիորեն իշխանության է գալու ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ-քառորդի կողմ քվեով, որովհետև այդ հիսուն տոկոսը բաժանվելու է չորս ուժերի միջև (իշխանություն՝ գումարած երեք ընդդիմադիր դաշինքներ): Եթե հիշում եք, այս նույնը տեղի ունեցավ նաև Երևանի վերջին ընտրությունների ժամանակ: Այս դեպքում հունիսի 7-ին ընտրված ուժը լեգիտիմության խնդիր է ունենալու:

Երրորդ. իշխանությունն ու ընդդիմությունը ի ցույց են դնում իրենց արտաքին քաղաքական վեկտորը: Դրանում ոչ մի վատ բան չկա, դա արդարացված և ընդունված է բոլոր երկրներում, հատկապես՝ փոքր պետություններում: Սակայն հիմնավորումները քաղաքացիների մոտ հարցեր են ծնում: Եթե եվրաինտեգրման եք գնում, ինչպես եք լուծելու էներգետիկ, կոմունիկացիոն և տնտեսական խնդիրները:

Չորրորդ. ընտրապայքարի մեջ ներգրավված ուժերը, հատկապես՝ Քաղաքացիական պայմանագիրը, առայժմ շեշտադրում են պատերա՞զմ, թե՞ խաղաղություն հարցադրման վրա: Ստացվում է այնպես, որ ընտրողը ստիպված է գնահատել ոչ թե ներկայացված ծրագրերը և իրականացման հնարավորությունները, այլ պատերազմի սկսման ռիսկերն ու ժամկետները:

Հինգերորդ. իշխանությունն ու ինստիտուցիոնալ ընդդիմությունն իրենց խոսույթում խուսափում են հաշվետվությունից: Ընտրողը ցանկանում է գնահատել նրանց աշխատանքը նախորդ հինգ տարիների ընթացքում: Առաջիկա մեկ ամսում կոչ եմ անում կենտրոնանալ հաշվետվության վրա:

Վեցերորդ. չորս քաղաքական ուժերն էլ ունեն խարիզմատիկ բնույթ, հենված են մեծամասամբ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի և Ծառուկյանի անհատական հեղինակության, խարիզմայի վրա: Իհարկե, սա չեմ նշում որպես բացասական իրողություն, նորմալ է, մյուս երկրներում էլ սա տարածված իրողություն է: Բայց մեր շատ համաքաղաքացիներ կցանկանային տեսնել նաև սկզբունքային գաղափարական տարբերություններ Հայաստանի ապագա տարածաշրջանային կարգավիճակի, տնտեսակարգի, պետության դերի, տնտեսական, նյութական ռեսուրսների բաշխման սկզբունքների, ներդրումների, ժողովրդագրական փոփոխությունների կառավարելիության մեխանիզմների և Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման իրական հնարավորությունների մասին: Այս կարևորը թողած՝ մենք ականատեսն ենք առաջնորդների անձը թերագնահատելուն միտված գործողությունների մրցավազքի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1086

Մեկնաբանություններ