Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոն Պիպոն` հեղափոխության սիմվոլ Էջմիածնի մակարդակով

Դոն Պիպոն` հեղափոխության սիմվոլ Էջմիածնի մակարդակով
16.06.2018 | 11:27

Ի՞նչ է կատարվում Էջմիածնում` ջիպերի «հեղափոխություն» ջիպերի դե՞մ: Փաստացի քաղաքը ինքնակամ հանձնվել է օտարամուտ «նվաճողներին», որ իբր ազատագրում են տեղական «նվաճողից»: Եվ դա` մի քանի օր շարունակ: Տարօրինակ է, որ էջմիածինցիները գերազանցապես սպասում են` ով ում և համարյա չեն մասնակցում «հյուրախաղերին»: Իրավիճակը առաջացնում է բազում հարցեր.


1. Ո՞վ է ինչ-որ դոն Պիպո, որ կարող է շքախմբով գալ Էջմիածին ու քաղաքապետի հրաժարական պահանջել: Վճարովի՞ հիմունքներով է նա աջակիցներ գտնում, թե՞ «գաղափարական»:


2. Հարցը քրեակա՞ն, թե՞ քաղաքական հարթության մեջ է: Եթե քրեական է, իսկ դա կասկածների տեղիք չի տալիս, որտե՞ղ է ոստիկանությունը: Եթե քաղաքական է, երբվանի՞ց է քաղաքականությունը հանձնվել քրեական հեղինակություններին: Էջմիածինը ԱԱԾ-ի ծածկույթից դու՞րս է:


3. Քաղաքապետից դժգոհ էջմիածինցիները հասկանու՞մ են` ինչ է կատարվում, թե՞ նրանց համար մեկ է` ոչ մի կողմի հետ էլ հույսեր չեն կապում:


4. Ի՞նչ կապ ունի դոն Պիպոն թավշյա հեղափոխության հետ, որ օգտագործում է հեղափոխական կարգախոսները ու խորհրդանիշները և… Նիկոլ Փաշինյանի լուսանկարները:


5. Դոն Պիպոն հավակնում է Էջմիածնի քաղաքապետ լինե՞լ: Ի՞նչ է անում Արմավիրի նորանշանակ մարզպետը: Նրան ընդհանրապես հետաքրքրու՞մ է Էջմիածնում կատարվողը, թե՞ «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Ինչո՞վ զբաղվել, ուրեմն:


6. Կա՞ն խնդիրներ Մանվել Գրիգորյանի կամ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Որտե՞ղ է պետությունը, ինչու՞ այդ խնդիրները չեն լուծվում օրինական` պաշտոնանկության ու իրավական պատասխանատվության դաշտում, այլ հանձնվում են մաֆիային:


7. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»` Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս է պատահել, որ ոչ ոք չի կարդացել կամ կարդացել ու չի հասկացել նրան:
Փոխարենը` այս հեղափոխության ամենաթույլ օղակը` ԶԼՄ-ները, լուսաբանում ու տիրաժավորում են դոն Պիպոյի «հեղափոխական արշավը»: Առանց գնահատականներ տալու ու վերլուծելու` ի՞նչ է կատարվում: Ինչու՞: Ի՞նչ հետևանքներ է ունենալու այս խեղկատակությունը, որ արդեն լրջանում է ու դառնում վտանգավոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞րն է լինելու դոն Պիպոյի «հեղափոխական քարտեզի» հաջորդ կանգառը, էլ ի՞նչ է նա խոստացել մորը: Էջմիածինը դարձել է հայկական թավշե հեղափոխության մեդալի հակառակ կողմը, որը ջրի երես է հանում մակաբույծներին ու տզրուկներին և նրանք փորձում են իրենցը ստանալ` համարելով, որ հեղափոխություն նշանակում է ամենաթողություն ու անտերություն: Առայժմ այդպես էլ կա, բայց մինչև ե՞րբ:

Դիտվել է՝ 5050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ