Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Լուսավոր նոստալգիա՝ տարիների հեռվից

Լուսավոր նոստալգիա՝ տարիների հեռվից
10.05.2025 | 16:17

(Պետրոս պապիս հիշատակին)

Իմ խոհուն և բարի Պետրոս պապին ես շատ եմ սիրել։ Ամեն անգամ իր գերեզմանին այցի գնալիս, անբառ զրուցել եմ քարին դաջած իր նկարի հետ։ Չգիտեմ, ինչո՞ւ, ինձ թվացել է, թե մեր հոգիները չեն հեռացել իրարից, որ ինքը լսում է ինձ։ Միգուցե՞ սիրո և կարոտի զգացմունքն է ստեղծում նման հոգեվիճակ։

Ինչևէ, իր ապրած կյանքից մի դրվագ առանց գեղարվեստական զարդարանքի գրավոր խոսքի վերածելու այս ցանկությունը թո՛ղ ընկալվի որպես իր հոգուն ուղղված կարոտի և սիրո ընծայաբերում։

Ուրեմն, Հայրենական մեծ պատերազմի տարիներին, չնայած պատկառելի տարիքին, պապս զորակոչվում է բանակ։

Ասում եմ պատկառելի, որովհետև հայրս, որը պապի ավագ որդին էր, նույնպես զորակոչվում է։ Հայրս տասնիննը տարեկան էր պատերազմի սկզբում։ Պապն այդ տարիներին ուներ վեց երեխա, երկու աղջիկ և չորս տղա։ Տունը պահելու ամբողջ ծանրությունը մնում է Մարո տատիս ուսերին։

Շատերը գիտեն, որ պատերազմի տարիներին սով էր և թիկունքում շատերն էին մեռնում սովից ու հիվանդություններից։ Պատերազմ մեկնելուց մի քանի ամիս անց պապի սև թուղթն են ստանում։ Տանեցիները սգում են պապիս մահը և ժամանակի ընթացքում աստիճանաբար համակերպվում, հաշտվում։ Մահը համատարած էր։ Սովն էլ իր հերթին փոխել էին մարդկանց հոգեբանությունը։ Հիմնական հոգսը ֆիզիկական գոյությունը պահելն էր։ Գարնանը, ամռանը և աշնանը մարդիկ սնվում էին դաշտի բարիքներով՝ բանջարով, հատապտուղներով։ Մի խոսքով, շատ ծանր տարիներ էին։

Երկու տարի անց պապս զորացրվում է։ Պարզվում է, որ մահվան լուրը՝ սև թուղթը, թյուրիմացություն է եղել։ Ինքն էլ, էնպիսի տեղում է եղել, որ հնարավորություն չի ունեցել նամակներով տեղեկացնել իր մասին։

Մեծ դժվարություններով պապը գալիս հասնում է գյուղ։ Այդ տարիներին Երևանից Միկոյանի շրջան (հիմա՝ Եղեգնաձոր) հասնելը օրերի, գուցե և շաբաթների խնդիր էր։ Ճանապարհի մեծ մասը անցնում էին ոտքով։

Պապը պատմում է, որ գյուղ է հասնում լուսաբացին, բայց ինչպես ինքն է պատմում դեռ մութ էր։ Պապին գյուղում էդ ժամին մի հոգի է հեռվից միայն տեսնում։ Տեսնում է, որ զինվորական քրքրված շինելով և մազակալած դեմքով մի մարդ մտավ Պետրոսենց տուն։ Տատս էդ ժամին հաց թխելիս է եղել։ Տատս, խղճալով սովից տանջվող հարևաններին, որոշել է էդ ժամին հաց թխել, որ հոտը չտարածվի։

Պապս պատմում է, որ երբ տուն է մտնում, տեսնում է, որ երեխանները սոված հավաքվել են թոնրի շուրջ և ագահորեն նայում են թխվող հացին, որով տատս հետո պետք է փոքր բաժիններով կերակրեր նրանց։

Գյուղում այդ տարիների տները լուսամուտ չունեին։ Տունը լուսավորվում էր միայն երդիկի լույսով, տուն մտնելուց հետո որոշ ժամանակ էր պետք, որ տեսողությունը վարժվեր և իրերը տեսանելի լինեին։ Պապը տուն մտնելուց հետո, սկսում է ուշադիր, զննող հայացքով նայել թոնրի շուրջ հավաքվածներին, տեսնելու համար, թե բոլորն են կենդանի։

Տանեցիները տեսնում են, որ տունը մարդ մտավ, կարծում են, որ կարող է հարևան գյուղից է, կամ էլ սոված մարդ է, որ հացի հոտից է եկել։

Տատս տասներկու տարեկան աղջկան՝ հորաքրոջս, ասում է՝ ախչի՛(աղջի՛կ) մի աթոռ տուր էդ մարդուն, թող նստի։ Հորաքույրս հայացքը թոնրից չի կտրում։ Քիչ անց, տատը նորից է կրկնում՝ այ՛ ախչի, ես քեզ չասեցի էդ մարդուն աթոռ տո՛ւր, թող նստի։

Հորաքույրս դժկամությամբ աթոռ է մոտեցնում պապին, դնում է առաջը, մի պահ նայում ու ետ է դառնում դեպի թոնիրը, բայց երկու քայլ գնալուց հետո, ոչ ոք չի կարող բառով ասել, թե ի՞նչն է նրան թելադրում մի անգամ էլ շրջվել ու նայել այդ մազակալած ու անճանաչելի դեմքին: Մի քիչ ուշադիր նայելուց հետո գոռում է՝ Վա՜յ, հարիսի (հայրիկս է) ու ճչալով իրեն գցում պապիս գիրկը։ Էդ ճչոցից, տանեցիները խառնվում են իրար, ճանաչում են պապին։ Պապն ասում է, որ տանը ուրախությունն ու սուգն ու շիվանը խառնվում են իրար։

Պապի էդ պատմությունը մի շարք անգամներ եմ լսել, երբ ինքը ուրիշներին էր պատմում ու վերջի պահին, երբ փոքր աղջիկը նրան ճանաչել է, ինքնաբուխ հուզմունքը միշտ խեղդել է կոկորդս, աչքերս թացացել են։ Անգամ ուրիշներին պատմության այս դրվագը պատմելուց, ձայնս դողացել է։

Խորհելու առիթ է, թե որ թրթիռներն են առաջացնում հոգու այս հուզախռով բերկրանքը:

Երևի դա Աստծուց մարդու հոգուն ընծայված այն կանթեղն է, որի մարմրող լույսը բռնկվում է միայն անտեսանելի Բարիին հպվելուց:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ