ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը

Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը
03.06.2025 | 11:10

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները, պատերազմը դեռ երկար կշարունակվի

Ստամբուլում ավարտվել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների 2- րդ փուլը, որը տևել է 1,5 ժամից էլ պակաս. այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել են ռուսական ТАСС, «РИА Новости»- ի և «Интерфакс» լրատվական գործակալությունները:

Պատվիրակությունները քննարկումները, որոնք Չիրագան պալատում ընթացել են ռուսերենով, սկսել են Ստամբուլի ժամանակով (նույնական է Մոսկվայի ժամանակին) ժամը 14:45-ի սահմաններում, ավարտել 16:00- ին: Բանակցությունները, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , բացել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվեն երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման հարցերը, գերիների հետագա փոխանակումները և հրադադարի հեռանկարները:

Կողմերի բանակցությունները պետք է մեկնարկեին Մոսկվայի ժամանակով 13:00- ին, սակայն սկսվել են մոտ 2 ժամ անց: Ըստ ուկրաինական ԶԼՄ- ների, մինչ դրանց մեկնարկը, ուկրաինական պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպում է ունեցել Հաքան Ֆիդանի հետ:

Երկրորդ փուլի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կողմերը պետք է փոխանակեին հրադադարի պայմանների վերաբերյալ իրենց հուշագրերը և սկսեին քննարկել ապագա համաձայնագրի կետերը: Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին մինչ բանակցությունները հայտնել էր, որ Ռուսաստանը ստացել է հակամարտության խաղաղ կարգավորման մասին հուշագրիուկրաինականտարբերակը : Ռուսական կողմը, ինչպես խոստացել էր ավելի վաղ, հակամարտության խաղաղ կարգավորման ՌԴ պատկերացումները, պայմաններն ու պահանջներն արտահայտող հուշագրի իր տարբերակն ուկրաինական պատվիրակությանը ներկայացրել է այսօրվա հանդիպման ժամանակ։

Նման բարդ խնդիրների քննարկման համար բանակցությունների չափազանց կարճ տևողությունն արդեն իսկ հուշում է, որ նախատեսված հարցերի շուրջ, բացի գերիների և զոհված զինծառայողների դիակների մեծամասշտաբ փոխանակման շուրջ պայմանավորվածությունից, այս պահին որևէ այլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, կողմերի միջև որևէ համաձայնություն չի կայացել:

Պատվիրակությունները, «Газета.Ру»– ի տեղեկացմամբ , քննարկել են միմյանց կողմից առաջարկված հրադադարի վերաբերյալ հուշագրերը, այնուհետև պայմանավորվել գերիների փոխանակման շուրջ ու բաժանվելով իրարից, մեկնել ճաշի: Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին և մինչև 25 տարեկան անձանց, ինչպես նաև զինվորականների մարմինները՝ «6000-ը 6000- ի դիմաց» բանաձևով:

Ումերովը հայտարարել է նաև, որ «Կիևից մեկ շաբաթ կպահանջվի հուշագրի ռուսական տարբերակն ուսումնասիրելու, և հետո ամեն ինչ քայլ առ քայլ կարգավորելու համար», և որ «Ռուսական կողմը չի համաձայնել անվերապահ հրադադարին և պետությունների ղեկավարների հանդիպմանը»: Ուկրաինայի պաշտպանության նախարարը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը ռուսներին առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև հունիսի վերջ:

«Մենք մի քանի գործնական հարցեր լուծեցինք,- հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:- Մենք միակողմանիորեն ուկրաինական կողմին ենք հանձնում զոհված ուկրաինացի զինվորների և սպաների 6000 սառեցված մարմին: Երկրորդ՝ մենք պայմանավորվել ենք գերիների առավել լայնամասշտաբ փոխանակման մասին։ Բոլոր ծանր վիրավորներն ու ծանր հիվանդները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով։ Այս ձևով կփոխանակվեն և մինչև 25 տարեկան երիտասարդ զինվորները, առաստաղը՝ յուրաքանչյուր կողմից ոչ պակաս 1000 մարդ»:

Մեդինսկին հավելել է, որ Մոսկվան ու Կիևը ծանր վիրավոր մարտիկներին փոխանակելու համար հանձնաժողով կստեղծեն՝ չսպասելով քաղաքական որոշումներին: Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է նաև, որ Մոսկվան առաջարկել է ռազմաճակատի առանձին հատվածներում 2- 3 օրով հրադադար հաստատել: Նա հստակեցրել է, որ դա առաջարկվում է նրա համար, որպեսզի «հրամանատարները կարողանան հավաքել զինվորների դիակները»։

Եվրոպական աջակցության «դեսանտը»

Ուշագրավ մի փաստ. եվրոպական մի քանի պետություններ իրենց աջակցության խումբն են ուղարկել Ստամբուլ: Մինչ ռուսական պատվիրակության հետ պաշտոնական բանակցությունների մեկնարկը, երկու ուկրաինացի պաշտոնյաներ Ստամբուլում հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչների հետ. այս մասին հայտնել են հենց Ուկրաինայի ԱԳՆ- ից։

Բանակցություններին ու դրա արդյունքներին արևմտյան ԶԼՄ- ների արձագանքը

Արևմտյան ԶԼՄ- ներում ակտիվորեն քննարկվում են ստամբուլյան բանակցություններն ու դրանց արդյունքները: «Bloomberg» լրատվական գործակալությունը գրել է, որ «խաղաղության հեռանկարները մնում են հեռավոր, չնայած ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի ամիսներ տևած ջանքերին, որն ավելի ու ավելի է հիասթափվում առաջընթացի բացակայությունից»:

«Economist»- ի լրագրող Օլիվեր Քերոլը նշել է, որ բանակցությունների կարճ տևողությունը՝ մեկ ժամից մի փոքր ավելի, վկայում է, որ կողմերը քննարկման համար քիչ թեմաներ են ունեցել:

Քերոլը հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին, հայտարարել է, որ Մեդինսկին հեգնանքով է մեկնաբանել ուկրաինացի երեխաներին վերադարձնելու պահանջը:

«Ներկայացումներ մի կազմակերպեք սրտացավ անզավակ եվրոպացի պառավ կանանց համար»,- ըստ «Economist»- ի տվյալների, ռուսական պատվիրակության ղեկավարն այսպես է արձագանքել ուկրաինացիների փոխանցած՝ Ռուսաստան տեղափոխված երեխաների ցանկին ու նրանց վերադարձի պահանջին:

Մեդինսկին հաստատել է, որ ուկրաինացի երեխաների վերադարձի թեման «հնչել է, կենտրոնական է եղել»։

«Երեխաները, որոնք հայտնվել են երկու կրակի արանքում, նրանց տարհանել են, բայց եթե ընտանիք կա, նրանց հետ են վերադարձնում: Վերջին շրջանում ռուսական կողմը վերադարձրել է 101 երեխա, իսկ ուկրաինական կողմից վերադարձվել է 22 երեխա: Չկա ոչ մի առևանգված երեխա: Կան երեխաներ, որոնք փրկվել են մեր զինվորների կողմից»,- հայտարարել է Մեդինսկին:

Նրա խոսքով՝ «երեխաների առևանգման» թեմայից Ուկրաինան շոու է սարքում «սրտացավ եվրոպացիների» համար։ Նրա կարծիքով, այդ «ամոթալի PR արշավը» պետք է դադարեցնել։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ