Խեղճուկրակ ու աշխարհի գործերից հեռու հասարակություններում շատ տարածված երևույթ է որևէ երդվյալ տգետի կողմից իր գաճաճ արշինով իրենից շատ բարձր կանգնածներին չափելը։
Դա նրանից է, որ թույլ հասարակությունները այնքան ներքին էներգիա և ուժ չունեն, որ տարբեր արժանիքներ ունեցողներին և չունեցողներին կարողանան ցույց տալ իրենց ճիշտ տեղը արևի տակ։
Դրանից բացի, կրթության ու գիտելիքի արժեզրկմանը զուգընթաց, մարդկանց մանկամտությունը կարող է հասնել մինչև զառամյալ տարիք, որն էլ բերում է որակապես նոր երևույթի և որն էլ տգիտության և մանկամտության պայթուցիկ խառնուրդն է բոլոր տարիքներում։
Սա մարդկային մի որակ է, որը զանգվածային ձևով կարող է առաջանալ շատ բարեկեցիկ հասարակություններում, քանի որ նման հասարակություններում ապրելու համար պետք չի դժվարություններ հաղթահարել, իսկ, ինչպես հայտնի է, միայն արգելքներ հաղթահարելով է հնարավոր ուղեղը զարգացնել և մտածել սովորել։
Ինչքան էլ զարմանալի է, նման բան զանգվածային ձևով հնարավոր է նաև խեղճուկրակ և աշխարհի գործերից կտրված հասարակություններում, որտեղ մարդիկ, լուրջ զբաղմունք չունենալով ու կյանքից կտրված լինելով, ապրում են հունից դուրս եկած իներցիոն ընթացքով, որտեղ էլ գիտելիք ու մտածել պետք չէ, քանի որ, միևնույն է, դա կյանքի որակի վրա ազդել չի կարող։
Եվ այդ է նաև այն բանի պատճառը, որ նման անկապ հասարակություններում բուհերն էլ ավելորդ են դառնում, և մարդիկ չեն էլ ուզում կրթությաւն ստանալ, քանի որ կյանքի որակը դրանից չի բարձրանում։
Սա մի զարմանահրաշ երևույթ է, երբ հասարակություն կոչեցյալ մարդկային համախումբը, ապրելով 21-րդ դարում, կրթության և գիտելիքի կարիք չի զգում, և դա էլ այն դեպքում, երբ այսօրվա չինական քաղաքակրթական հրաշքը բացառապես հիմնված է կրթության և գիտելիքի վրա։
Եթե որևէ հասարակության մեջ կրթության և գիտելիքի նկատմամբ հարգանք ու, նույնիսկ, ակնածանք չեղավ, նման երկիրը հաջողություն ունենալ չի կարող։
Պավել Բարսեղյան