ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Պետական կառավարման ոլորտը վերածվել է ստրկամտության որջի

Պետական կառավարման ոլորտը վերածվել է ստրկամտության որջի
12.09.2025 | 16:24

Նախորդ դարի 80-ականների սկզբին գնեցի ֆրանսիացի գրող և հրապարակախոս Լեո Տաքսիլի (գրական կեղծանունն է) «Սրբազան ավազակաորջը» աշխատությունը: Բնագիրը հրատարակվել է 1879-ին, ունի այլ վերնագիր, հայերենը կրում է ռուսերեն թարգմանության վերնագիրը: Գիրքը նվիրված է կաթոլիկ եկեղեցու գլխավոր վեղարավորների շուրջ երկհազարամյա պատմությանը: Այն ինձ վրա այնքան էլ ծանր տպավորություն չթողեց, քանի որ, որպես խորհրդային երկրի ծնունդ, այլ բան չէի սպասում Հռոմի պապերի վերաբերյալ պատմությունների առումով: Ավելի ուշ, ամեն մի առանձին պապի մասին ինչ-որ հաղորդում դիտելով կամ տեքստ կարդալով, հասկանում էի, որ կյանքում ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Հանկարծ պարզվում է, որ բազմաթիվ սիրուհիներ կամ նույնիսկ զավակներ ունեցած պապը հսկայական օգուտ է տվել եկեղեցուն՝ բարեփոխելով այն: Ֆինանսապես հովանավորել է արվեստագետներին՝ նրանց պատվերներ հատկացնելով, կառուցել տվել եկեղեցիներ, որով այսօր հպարտանում է ողջ մարդկությունը և այլն, և այլն:

Ինչևէ, գանք մեր օրերը: Երբեմնի «դուխով» Նիկոլը՝ միամիտ ժողովրդի միջոցով վարչապետ կարգվելով, «ժողովրդավարության բաստիոն» էր խոստանում՝ հայկական «ագորայի» տեսքով: Խոստանում էր էլ ավելի հզորացնել մեր հզոր բանակը, Մասիսների պատկերի ներքո երկրային դրախտ էր խոստանում Հայաստանում: Խոստանում էր բազմաթիվ աներևակայելի բաներ, բայց բռնեց բռնապետի վերածվելու ուղին, դարձավ խայտառակ պարտության խորհրդանիշ, ուրացավ Մասիսներն ու Ցեղասպանությունը: Հայ հանրությանը խաբելով ելակով ու «տռուսիկ-մայկայով»՝ գլխատեց բանակն ու ուրացավ Արցախը: Ռազմավարական դաշնակցին դարձրեց թշնամի ու ծունկ չոքեց ադրբեջանական ջարդարարների առջև՝ լռելյայն տանելով նրանց ստորացումները: Պառակտեց հասարակությունը, զրոյացրեց մեր ազգային արժանապատվությունը՝ դրա հաշվին բարբարոս թշնամիներից խաղաղություն մուրալով, պետական կառավարման ոլորտը վերածեց ստրկամտության որջի և այլն, և այլն:

Ինչն է ավելի զարհուրելի և պիղծ՝ այն ամենը, ինչ արեց նա վերջին 7-8 տարում, թե կաթողիկոսի՝ երիտասարդ տարիքում կնոջ հետ կապվելն ու զավակ ունենալը՝ եթե նույնիսկ դա ճշմարիտ է: Եվ եթե մենք խոսում ենք երկրի արժեքային համակարգի հիմքի պղծված լինելուց, ապա առաջին հերթին պետք է դիտարկել երկրի ղեկավարի գործունեությունը: Որովհետև հենց իշխանության միջոցով է հասարակությունը ստանում թե՛ դրականը՝ եթե բախտ է ունենում (կամ ավելի ճիշտ՝ խելք) ընտրելու նման արժեքայնությամբ ղեկավար, և թե բացասականը՝ ինչպես մեր դեպքում է: Ոչ թե ընդհանրապես բացասականը, որը հնարավոր է հեշտությամբ ուղղել, այլ ողբերգական ու օրհասական բացասականը:

Այնպես որ, Նիկոլի՝ «Մեր արժեքների սրբության սրբոցը պղծված է։ Եթե մենք ուզում ենք լինել արժեքահեն, նախ պետք է հոգևոր կենտրոնի արժեքները ազատագրենք պղծությունից» պնդումն իսկապես օրակարգային է, խիստ օրակարգային: Ընդամենը պետք է կատարել էական մի ճշգրտում, այն է՝ 20-րդ դարում «արժեքների սրբության սրբոցի» դերը կրոնական ոլորտից անցել է պետական իշխանությանը: Ճիշտ է, 21-րդ դարում այն անցնում է սոցցանցային ոլորտին, բայց մեզանում դեռևս հզոր է իշխանության՝ լինի այն տեղական թե հանրապետական, ուժն ու ազդեցությունը: Ու «հոգևոր կենտրոնի արժեքները պղծությունից ազատագրելը» ես հասկանում եմ որպես այնպիսի իշխանության ձևավորում, որի դեպքում Հայաստանը կազատագրվի բոլոր այն արհավիրքային երևույթներից, որ առկա են այսօր:

Ինչ մնում է Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ հայոց եկեղեցու խնդիրների վերաբերյալ գրառումների թեմային՝ ասեմ, որ երիտասարդն ընտրել է սխալ ուղի: Վաղը կամ մյուս օրը Նիկոլն այլևս վարչապետ չի լինի, ու այդ խնդիրները կլուծվեն եկեղեցու ներսում եկեղեցականների կողմից՝ շատ ավելի հանգիստ պայմաններում: Իսկ ինքը կհիշվի որպես մեկը, ով փորձեց ինչ-ինչ բաներ ձեռք բերել մեր խառնակ ժամանակաշրջանում: Եվ եթե լիներ աշխարհիկ անձ, ապա ընդամենը կլիներ գործադիրում կամ խորհրդարանում այսօր հավաքված բազմաթիվ անհայրենիքներից մեկը: Ու, բնականաբար, շատ արագ մոռացության կմատնվեր իշխանափոխությունից հետո: Բայց վերջինս գիտակցված կերպով ընտրել է հոգևոր ծառայությունը, և եթե իսկապես հավատում է հոգու անմահության գաղափարին՝ վախենամ, որ գիտակցելով հանդերձ՝ սեփական հոգուն աննախանձելի ապագա է ապահովում իր այսօրվա վարքով:

Հ.Գ. Կարող էի Գուգլում որոնում տալ ու վերջին նախադասության առումով աստվածաշնչյան ինչ-որ ասույթ մեջբերել: Բայց դա չարեցի, քանի որ ես հոգևորական չեմ ու սովոր չեմ նման ասույթներով զարդարել իմ խոսքը: Ի տարբերություն, ասենք, ՀՀ «մեծարգո վարչապետի»:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ