Առաջին արցախյան պատերազմի հաջողությունների զգալի մասը տեղի է ունեցել 1992 -ի օգոստոսից հետո, երբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ռոբերտ Քոչարյանն էր, որ արդեն որպես ՀՀ նախագահ, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրեց երբևէ Հայաստանի ղեկավարների շուրթերից հնչած ամենաոչերկիմաստ դիրքորոշումը Արցախի հարցում. անկախ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ երբևէ չի եղել, և որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Խորհրդային Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված նախկին սահմանների վրա առաջացել է երկու հանրապետություն` Ադրբեջանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Եվ հետևաբար, անհեթեթ լինելն էլ բավական չէ՝ մեղադրելու համար երկրորդ նախագահին, ով, ի դեպ, նաև ԼՂՀ առաջին նախագահն էր, Արցախի հարցում անտարբեր լինելու մեջ։
Այդ դեպքում ո՞րն է նման մեղադրանքների թշվառ շարժառիթը։ Խոսքը չի վերաբերում նրան, թե մեղադրողները ու՞մ են ներկայացնում և ինչի՞ դիմաց են դա անում։ Խոսքը մեղադրանքների զուտ քաղաքական ենթաշերտին է վերաբերում։
Ակնհայտ է, որ ընտրությունների ժամանակ (կլինի հերթական, թե արտահերթ) Նիկոլը և նրա թիմը որպես խաղաթուղթ շահարկելու են «խաղաղության» թեման և այն որպես հաղթաթուղթ դարձնելու ճանապարհին շատ կցանկանային, որպեսզի հիմնական հակառակորդներն այս հարցում ունենային ոչ միայն ֆունդամենտալ հակադիր դիրքորոշում, այլև հանդես գային ագրեսիվ-ռևանշիստական վարքաբանության դիրքերից։ Հետևաբար, պետք է տարբեր կողմերից Ռոբերտ Քոչարյանին մղել այդ դաշտ, որպեսզի հանրության ընկալումներում սկսվի դիտվել որպես, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հակառակորդ։ Այլ կերպ ասած` խնդիր է դրված երկրորդ նախագահին նորից նույնացնել պատերազմի հետ և ապահովել նրա ձախողումը, ինչպես դա եղավ 2021 թ. ընտրություններում։ Երկրորդ նախագահը, սակայն, իր հետևություններն արել է այս հարցում և, ինչպես ցույց տվեց վերջին հարցազրույցը, չի պատրաստվում երկրորդ անգամ մտնել նույն գետը։ Սա էլ հենց վրդովեցնում է «հեղափոխության» քարայրային հայրենասերներին։
Գարեգին Պետրոսյան