Այսօր ԱԺ-ում վերջին շրջանում թեժ քննարկումների առիթ դարձած «գազի թեման» էր լսումների տիրույթում: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի առնչությամբ պատգամավորները նեղն էին գցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: «Երկար ժամանակ բանակցել ենք ռուսական կողմի հետ, որպեսզի գինը մնա նույնը, սակայն բանակցությունները մեր ուզած արդյունքները չտվեցին: Այդ բանակցությունների արդյունքում 2011–ի ապրիլից մինչև այսօր, բնականաբար, գազի գինն անընդհատ սահմանի վրա ռուսական կողմը փոփոխում էր, մեզ տալով այն երաշխիքը, որ իրացումը կազմակերպում ենք 180 դոլարով: Այս տարիների ընթացքում այդ գնային տարբերությունից առաջացավ 300 մլն դոլարի ճեղքվածք: Բնականաբար, այդ ճեղքվածքը նոր բանակցությունների առիթ դարձավ: Որոշվեց, որ այդ պարտքի կեսն իր վրա կվերցնի ռուսական կողմը, մյուսը` հայկական: Բանակցությունների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ծախենք «Գազպրոմին»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախարարին հարցրեց, թե ինչու այս բոլոր գործարքները հանրությունից գաղտնի են պահվել, նկատելով, որ այդ գործարքների արդյունքում օրենքներ են խախտվել: Արմեն Մովսիսյանը հակադարձեց. «Նախ, երբ որոշում կայացվեց, որ սահմանի վրա գազի գինը փոխվելու է, ԱԺ ներկայացնելու խնդիր չկար: Երբ ձևավորված կլիներ որոշակի թվի մեծություն, այդ ժամանակ պետք է ներկայացվեր, իսկ այդ ժամանակ դեռ պարզ չէր, նոր է խնդիրը առաջացել: Այո, մենք շատ լավ գիտեինք, որ ինչ-որ բան պետք է առաջանար, թե ինչ պետք է առաջանար, մինչև բանակցությունների ավարտը ոչ ոք չէր կարող ասել: Առաջացավ 300 մլն դոլարի պարտքը»: Անդրադառնալով օրենքների խախտմանը` Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ ոչ մի հանցագործություն չի եղել, օրենքներն էլ չեն խախտվել: Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքին, նախարարը վստահեցրեց, որ դա էժան չեն ծախել` 155 մլն դոլար: Ալեքսանդր Արզումանյանին ավելի նյարդայնացրին նախարարի պարզաբանումները ու նա գործադիր իշխանության ներկայացուցչին «Կալաբոկի հեքիաթ պատմող» որակեց` հիշեցնելով Իրանի պաշտոնյաների հայտարարությունները գազի վաճառքի առնչությամբ: «Դուք սկսել եք Կալաբոկի հեքիաթը պատմել, ես հարց եմ տալիս, Դուք ասում եք՝ ես բանակցել եմ արտաքին գործերի նախարարի հետ, էներգետիկայի նախարարի հետ: Դուք բանակցում եք, բայց Իրանի դեսպանն ասուլիս է տալիս, հերքում է ձեր ասածները»,-հայտարարեց պատգամավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ