«Նրանք, ովքեր համարում են, որ նախագահական ընտրությունները կեղծվել են, նրանք պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը, գործողությունների ծրագիրը եւ միասին ճշտեն ճանապարհային քարտեզը՝ այդ նպատակին հասնելու համար: Ներկա դրությամբ չկա այդ կոնսենսուսը: Դա չի նշանակում, որ «Ժառանգությունը» խորհրդարանում հետ է կանգնելու այդ կառուցողական ձեւաչափից: Երբ որ որոշեն այս կամ այն նախագիծ ներկայացնեն, այդ թվում նաեւ՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը, «Ժառանգությունը», իհարկե, դեմ չի լինի եւ հանուն այդ գործընթացի՝ կմիանա: Բայց շատ հստակ է, որ մենք համարում ենք դա կիսամիջոց: Ամբողջ իշխանությունը՝ պարոն Սերժ Սարգսյանից սկսած, պետք է փոխվի»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հընթացս կարևորելով չորս ուժերի առաջնորդների հանդիպումը, որպեսզի որոշ տարաձայնություններ հարթվեն և առայժմ միայն խորհրդարանի ձևաչափով գործող համագործակցությունը ընդլայնվի: Հովհաննիսյանը նաև շեշտեց. «Հիմնական խոսքը պիտի գնա Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին: Դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ձեւաչափից, բայց ներկա դրությամբ մենք ասում ենք, որ դա չի դիտարկվում երկրի արմատական փոփոխության միջոց: Ուստի մենք ո՛չ վարչապետի թեկնածու կտանք, ո՛չ նախարարի»:
Ընդդիմադիր գործիչի համար նաև անհասկանալի է այն, որ եթե քառյակը հայտարարում է, թե նոր կառավարության ձևավորմանը չի մասնակցի, ուրեմն ինչու է նախաձեռնված կառավարության անվստահության հարցը: «ՀԱԿ-ն ասել է, որ նոր կառավարության ձեւավորմանը չեն մասնակցի, ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն էլ է նույնը ասում, մենք ենք դա ասում, ուրեմն ինչի՞ համար ենք սա անում, եթե պետք է ՀՀԿ-ականը ՀՀԿ-ականով փոխվի: Դրա համար պետք է պարզություն մտցվի եւ այսօրվանից իմանանք՝ մենք խոսում ենք ամբողջական իշխանափոխությա՞ն մասին, թե՞ ազգային միասնական կառավարության մասին: Իմանանք ի՞նչն է բանավեճի թեման, այնուհետեւ թող ժողովուրդը որոշի: Ներկա դրությամբ 100 տոկոսանոց պարզություն չկա այդ հարցում»,- վստահեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ