Այսօր, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ն ձեռնամուխ կլինի կառավարության ծրագրի քննարկմանը, որը, Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, լինելու է կարճ, կոնկրետ և իրականանալի: Վարչապետն իր գործունեության սկզբում խոստացավ խստացնել գործարար աշխարհի կանոնները, դա արտահայտված կլինի՞ նաև տարվա գլխավոր փաստաթղթում, ի՞նչ սպասելիքներ պիտի ունենան գործարարները:
ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Որպես գործարար աշխարհի ներկայացուցիչ, ի՞նչ եք ակնկալում կառավարության ծրագրից, որպեսզի այն Ձեզ գոհացնի։
-Կառավարության ղեկավարը գործարարների հետ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ հայտարարություն արեց։ Եթե դրանք պահպանվեն, լիովին կգոհացնեն գործարար շրջանակներին։
-Այս օրերին Հովիկ Աբրահամյանը հաճախ խոսում է հավասար պայմանների, ստվերի կրճատման մասին։ Ըստ Ձեզ, կառավարությունը ո՞ր խնդիրը պետք է առաջնային համարի։
-Առաջնային է, ինչպես նշեցի, հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների վերացումը, կոռուպցիան։ Եթե սրանք կարգավորվեն, համոզված եմ, բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։
-Նորանշանակ վարչապետը նույն այդ հանդիպմանը հետաքրքիր խոստումներ տվեց։ Հավատո՞ւմ եք, որ դրանք իրականություն կդառնան։
-Սպասումները մեծ են։
-Ի՞նչ հիմք ունեն Ձեր սպասումները։
-Նախ այսօր մեր տնտեսությունը բավականին բարդ ու ծանր վիճակում է։ Մենք պարզապես այլընտրանք չունենք, պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով, պետք է կարգավորենք տնտեսական դաշտը։ Հակառակ դեպքում, անկանխատեսելի են հետևանքները։ Լավ ճանաչում եմ վարչապետին, նա եղել է բիզնես ոլորտից, ներքևի օղակից բարձրացել է մինչև վարչապետի կարգավիճակ ու լավ պատկերացնում է տնտեսությունը։ Պիտի հաշվի առնել նաև նրա մարդկային հատկանիշները, երկրի նկատմամբ անձնական պատասխանատվությունը։ Նա լավ տիրապետում է իրավիճակին ու համաձայնեց շատ պատասխանատու ժամանակահատվածում ստանձնել վարչապետի պաշտոնը։ Գնաց այնտեղ, որպեսզի որոշակի դրական փոփոխություններ իրականացնի։ Այս բոլորը հիմք են տալիս ինձ հավատալու նրա քայլերին ու խոստումներին։
-Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարեց, որ «ցավեցնելու» է շատերին ու սկսելու է հենց իրենից։ Սրան զուգահեռ պաշտոնատար անձանցից մեկի առնչությամբ հայտարարեց, որ նա բիզնեսներ չունի, այն դեպքում, որ մամուլը տարիներ շարունակ գրում է, որ հիշյալ անձը խոշոր բիզնեսներ ունի։ Այս պարագայում հանրությունն ինչպե՞ս հավատ ընծայի նորանշանակ վարչապետին, որը ևս բիզնես աշխարհից է։
-Գիտե՞ք ում են ցավեցնում. նրան, ով խաղի կանոնները չի պահպանում։ Ասելով՝ «սկսում եմ ինձնից», նկատի ունի իր մերձավորներին, նրանց բիզնեսները։ Ժամանակը ցույց կտա ամեն ինչ։ Մեր երկիրը շատ փոքր է, բոլորը գիտեն, թե բոլորն ինչով են զբաղված։ Շատ կարճ ժամանակում ակնհայտ կլինի այդ խոստման իրավացիությունը։ Համենայն դեպս, կուզենայի, որ հավատայինք դրանց և մեր հավատով օգնեինք կառավարությանը, որպեսզի կարողանա իրականացնել այն, ինչ ասում է։ Թե դրանից ինչ դուրս կգա, ժամանակը ցույց կտա, բայց լավատեսությունը չէր խանգարի։ Ամեն մեկս մեր չափով պետք է աշխատենք բարեփոխումների իրականացմանը նպաստել։ Կարծում եմ՝ լավ կլինի։
Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ