«Թազա բա՞ն ա ասել, թազա բան չասեց»,- անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը` հավելելով. «Տենում ենք, չէ՞, ռեզուլտատն ինչ ա: Բիզնեսը բիզնես, բայց մեր զինվորն ա չէ՞ զոհվում: Բայց նախագահը կարա՞ Ռուսաստանին ստիպի, որ առևտուր չանի, հետաքրքիր մարդիկ եք, ո՞նց կարա: Իրանք ասում են` էդի մեր առևտուրն ա, մենք ձեզ էլ ենք զենք ծախում»:
Գեներալը սեփական բացատրությունն ունի նաև այն հարցին, թե ինչու է հիմա նախագահն այդ մասին խոսում: «Ի՞նչ խոսար, ասենք, որ խոսաց, բան փոխվա՞վ, ռուսը էլ չի՞ ծախում: Մենակ հո խոսալով չէ: Հիմա դուրս ա գալի, որ ռուսի հետ էլ վատամարդ դառանք, հետո ի՞նչ ենք անելու, մթոմ ի՞նչ»,- ընդգծել է Սարոյանը:
Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե արժե գոնե մեկ անգամ կոշտ խոսել Ռուսաստանի հետ, գեներալը հակադարձել է. «Լսի, հիմա ոնց որ դու իմ հետ կոշտ խոսաս: Կըլնի՞, չի լինի, չէ՞: ՈՒժերի տեսակետից եմ ասում, էլի: Հո չեմ ծեծելու քեզ, ուղղակի օրինակ եմ բերում, որ իմանաս: ՈՒժեղի մոտ միշտ էլ թույլն ա մեղավոր»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ