«Իրատեսի» թիվ 46-ում տպագրված «Ո՞վ է ՎՊ-ում գլխավոր «քերողը» հրապարակման շարունակությանը, ինչպես պարզվեց այս վերջին օրերին, շատերն են սպասում՝ ակնկալելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «ոդիսականի» ավելի համապարփակ շարադրանք: Դե ի՞նչ, դժվար է չընդառաջել նրանց ցանկությանն ու չանդրադառնալ ՎՊ նախագահի քաղաքական կարիերան ապահոված ճանապարհի առավել հատկանշական «կեռմաններին», թեև մեկ հրապարակման մեջ հազիվ թե կարողանանք հանգամանորեն դա անել:
Եվ այսպես, թռուցիկ հայացք նետելով Իշխան Սերժիկի Զաքարյանի կենսագրությանը, տպավորություն է ձևավորվում, թե «աչքը բացելու» օրից մինչ հիմա այս մարդը չինովնիկի «թիկնոց» է կրում: Իհարկե, եղել է նաև օրենսդիր մարմնի անդամ, հաջողեցրել է ԱԺ փոխնախագահ էլ դառնալ, բայց այս հարթության մեջ տպավորիչ հիշողություններ գրեթե չկան, քանի որ նա երբեք էլ չի դիտարկվել որպես քաղաքական ինքնուրույն դիմագիծ ունեցող գործիչ: Գործել է «խոհանոցում»` մշակելով «պալատական» ինտրիգների մեկը մյուսից ճկուն սցենարներ, դառնալով իշխանական «պրոյեկտների» բաղկացուցիչ մաս: Այսօր պետական գանձարանի պարունակության փոշիացումը «ֆիքսող» Իշխան Զաքարյանն այդ պետությանն իր առաջին լուրջ «ծառայությունը» մատուցեց 1996-ի նախագահական ընտրություններում, երբ համակարգում էր Լևոն Տեր-Պետրոսյանի Նոր Նորքի նախընտրական շտաբների աշխատանքը: Անգամ ՀՀՇ-ական գործիչներն այսքան տարվա հեռավորությունից դեռ զարմանում են, թե այդ ինչպե՞ս է նրա լեզուն այսօր պտտվում խոսելու խախտումներից, թալանից, կեղծիքից ու այլ հոռի երևույթներից, երբ ընտրությունները կեղծելու կնքահայրերից մեկը հենց ինքն է եղել: ՀՀՇ-ական կարկառուն գործիչներից մեկը, ով, բնականաբար, չցանկացավ, որ իր անունը հիշատակվի, մասնավոր զրույցում անկեղծացավ, որ երբ 1996-ին Զաքարյանի «համակարգած» ընտրատեղամասերը փակվել են, նա է անմիջական հրահանգ իջեցրել` քվեարկության արդյունքները հնարավորինս բարձր մակարդակով «դզել-փչել»՝ հօգուտ Տեր-Պետրոսյանի: Թե ինչ արյունոտ զարգացումներ հաջորդեցին դրան, կարծում ենք, ծավալվելու հարկ չկա, բոլորն են հիշում: Լևոն Տեր-Պետրոսյանին հաջորդեց Ռոբերտ Քոչարյանը, և քաղաքական քամիների հետ ճկվելու բավականին ընդգծված տաղանդ ունեցող Իշխան Զաքարյանն արդեն վերջինիս «թագավորական շքախմբում» էր: Քաղաքական ծառայությունները չհաշված, նա Քոչարյանի «իշխանական» զվարճանքներն էր ապահովում նաև՝ աֆրիկյան սավաննաներում առյուծ որսալուց մինչև դահուկավազք (ի դեպ, այս հարցում նրանց նախասիրությունները համընկնում են, Զաքարյանը ևս սիրում է այս սպորտաձևը): Այլ խոսքով, Ռոբերտ Քոչարյանի անձնական «մենեջեր» դարձած Զաքարյանը նաև քաղաքական ուշագրավ դերակատարություն է ունեցել նրա պաշտոնավարման տարիներին: Նա հայտնի է եղել իշխանության մեկ այլ ներկայացուցչի հանդեպ ընդգծված հակակրանքով, անգամ ներիշխանական խոսակցություններում չի թաքցրել իր վերաբերմունքն այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ: Քոչարյանի պրոյեկտ ԲՀԿ-ի «բարգավաճմանը» ևս ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակին համընթաց «գունափոխվող» Իշխան Զաքարյանը, թեև ՎՊ կայքում նրա կենսագրության այս դրվագը «սրբագրվել» է: Ինչո՞ւ: Որովհետև նույնքան արագ պիտի հեռանար ԲՀԿ-ից ու հանուն պաշտոնի հայտնվեր գործող իշխանության «գրկում»: Ինչ վերաբերում է ՎՊ-ի «էպոխային», դա արդեն առանձին քննարկման նյութ է, միայն նշենք, որ վերջին տարիներին նոր «բացահայտումներ» անելու ո՛չ հավես, ո՛չ էլ նպատակ ունի այս հույժ կարևոր կառույցի ղեկավարը, հավանաբար, վերստին քաղաքական փնտրտուքների, դեգերումների մեջ է:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ