Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Իշխանությունները ցանկացած գնով ձգտել ու ստացել են ամեն ինչ, ընդդիմությունը ձգտել է ամեն ինչի, ստացել՝ ոչինչ»

«Իշխանությունները ցանկացած գնով ձգտել ու ստացել են ամեն ինչ, ընդդիմությունը ձգտել է ամեն ինչի, ստացել՝ ոչինչ»
13.11.2015 | 01:32

Այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն ու իշխանությունը ընկան հիշողությունների գիրկը: Հիշեցին, թե ով է ավելի շատ կեղծել ընտրությունները, ով է կեղծիքների նախահայրը, և ով է ամենից բարձր գոռում արդար ընտրությունների մասին: Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի ընթացքում այս շահարկումները ի՞նչ կտան հանրությանը, ի՞նչ ենք շահելու այս անպտուղ հակադարձումներից: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ:

-Երբ խոսվում է սահմանադրական հանրաքվեի մասին, միշտ էլ այսպիսի քննարկումներ լինում են,- ասաց պատգամավորը:- Սա օրինաչափ է, որովհետև որևէ երկրում սահմանադրության տեքստը շատ լայն ու ընդգրկուն հանրային հետաքրքրություն չի առաջացրել: Հանրաքվեի դրվող ցանկացած նախագիծ քաղաքական ուժերն իրենց ցանկալի փաթեթավորմամբ են ներկայացնում` թիրախում պահելով իշխանությանը: Այս ամենը նորություն չէ: Այլ հարց է, որ Հայաստանում քաղաքական մշակույթի փոփոխությունները դանդաղ են ընթանում: Այս առումով քսանհինգ տարում էական տեղաշարժ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է քարոզարշավին, հանրային իներտությունը նկատելիորեն նվազում է, բայց առկա մակարդակն էլ մեզ չի բավարարում: Իներտության պատճառն այն է, որ կա հանրային վստահության դեֆիցիտ: Հասարակությունը հավասարապես չի վստահում և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը: Այսպես երկար չի կարող շարունակվել:
-Վստահությունն ավելացնելու, իներտությունը նվազեցնելու համար ի՞նչ պետք է անի իշխանությունը, քանի որ լծակները նրա ձեռքին են:
-Մինչև դեկտեմբերի 6-ը հանրային ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը, կարծում եմ, ավելի կմեծանան: Պաշտոնական քարոզչությունը նոր է մեկնարկել, մարզային հանդիպումների փուլը՝ ևս: Իրազեկվածությունը կմեծանա, բայց դա չի նշանակում, թե ողջ հասարակությանը կհետաքրքրեն այս փոփոխությունները: Պատճառն այն է, որ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը գործում են անվստահության մթնոլորտում: Երբ ասում եմ, թե այսպես երկար շարունակվել չի կարող, նկատի ունեմ այն, որ հասարակությունը նույնիսկ ճգնաժամային իրավիճակներում իր ներսում կարողանում է վստահության պաշար ստեղծել: Այս առումով և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը մտածելու տեղ ունեն:
-Երբ անվստահության այսպիսի մթնոլորտում է հանրաքվեի դրվում երկրի Մայր օրենքը, հանրությունը կանսա՞ «այո» ասելու իշխանության կոչին:
-Խնդիրը ոչ թե իշխանությանը վստահելն է, այլ հանրաքվեի դրված տեքստի բովանդակությունը: Համոզված եմ, որ նոր նախագիծը Հայաստանին հնարավորություն կտա շարժվելու այլ ուղղությամբ, ունենալու արդյունավետ քաղաքական կառավարում, արմատավորելու ընտրական մեխանիզմներով իշխանության փոխանցում:
-Շարքային քաղաքացին Ձեր թվարկած դրույթները հաշվի առնելո՞վ պիտի «այո» ասի:
-Մեր քաղաքացիները երկու հանգամանք են հիմք ընդունելու` նախագծի բովանդակությունը և այն, թե ով է այն առաջարկում: Միայն այն փաստը, որ նախագիծն իշխանությունն է առաջարկել, հասարակության ընդդիմադիր հատվածի համար անընդունելի է: Այսպես է ամբողջ աշխարհում: Վստահության առկա պաշարը, դրան գումարած նախագծով առաջարկվող չափազանց որակյալ լուծումները, որոնք նոր հեռանկարներ են բացում, տալիս են հնարավորություն ակտիվ աշխատելու հասարակության հետ` ակնկալելով բավարար աջակցություն: Անկեղծորեն շատ կցանկանայի, որ փոփոխություններն ընդունվեն, որովհետև սահմանադրաիրավական առկա լուծումները քաղաքական լավ միջավայր չեն ստեղծել։ Մենք ունենք պետական կառավարման ոչ արդյունավետ համակարգ, անձնակենտրոն իշխանություն ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Առաջարկվող նախագիծը, իմ խորին համոզմամբ, կարող է էական փոփոխությունների փայլուն մեկնակետ լինել։ Պետական կառավարման համակարգն այս բարեփոխմամբ ավելի արդյունավետ կաշխատի։
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ այս փոփոխությունների նպատակը գործող իշխանության վերարտադրությունն է, Դուք լիովին հակառակն եք համոզում։ Հանրությունը ո՞ւմ հավատա։
-Ընդդիմության այդ հայտարարությունը համարում եմ լավ մտածված քաղաքական հնարք։ Ոչ ավելին։ Իհարկե, որպես քաղաքական հռետորաբանություն, դա շահեկան է օգտագործելը։
Մեր երկրում անկախությունից ի վեր գործել են խաղի տարրական կանոններ, որոնց մասին գիտեն բոլորը՝ ցանկացած իշխանություն ձգտել է վերարտադրության։ Այս տրամաբանությունն անխախտ է։ Մեղադրանքների հասցեատերերն ու հեղինակներն են փոխվել։ Իշխանությունները ցանկացած գնով ձգտել ու ստացել են ամեն ինչ, ընդդիմությունը ձգտել է ամեն ինչի, ստացել՝ ոչինչ։ Սա է իրականությունը։ Այսինքն, գործել է խաղի մի կանոն, երբ հասարակության ընդդիմադիր հատվածն իր դիրքորոշումն է արտահայտում և երկու ամիս անց կայացվող քաղաքական որոշումների վրա որևէ ազդեցություն չի ունենում (վերջին անգամ դա եղավ նախագահի ընտրությունների ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրության զգալի հատվածի աջակցությունը ստացավ)։ Գոյություն ունի մեկ կարևոր ընտրություն՝ նախագահի, երբ ընտրվող թեկնածուն ստանում է ամեն ինչ, իսկ պարտված թեկնածուն, ունենալով պատկառելի աջակցություն, ոչինչ չի ստանում։ Սրանով հասարակության ընդդիմադիր հատվածն իրեն խորթ ու անտեսված է զգում, որովհետև իր քվեն տեղ չի հասնում։ Սա ժողովրդավարական տրամաբանությունից դուրս է, վնասակար է հասարակական օրգանիզմի համար։ Հետևաբար խաղի կանոնները պետք է վերանայել։ Այս փոփոխությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն։ Երբ փոխում ես խաղի կանոնները, ցանկացած իշխանություն կաշկանդված է լինում։ Բավական է, որպես ընդդիմություն, խորհրդարանում ունենալ 20 տոկոս ներկայացվածություն, որպեսզի երկիրը կառավարելու հնարավորություն ունենաս։ Մի բան, ինչն այսօր իսպառ բացակայում է։ Նախագահական մոդելի մասին խոսելիս մենք անկեղծ չենք, որովհետև գործ ունենք «սուպերնախագահական» երկրի հետ։ Եթե հետադարձ հայացք նետենք պատմությանը, կտեսնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ԱԺ-ում ուներ քաղաքական հենարան, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ևս ձևավորվեց և կազմավորվեց այդ հենարանը։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ, ի դեմս ՀՀԿ-ի, կա այդ հենարանը։ ՈՒստի կարող ենք ասել, որ իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում։ Նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունը, որ Սահմանադրությամբ ունի լիազորություններ, դեֆակտո չի գործում։ Ամենակարևորն ինձ համար այն է, որ այս Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրական ճանապարհով, անցնցում եղանակով իշխանափոխություն իրականացնելու։ Առանց այս հանգամանքի Հայաստանը չի կարող ունենալ կայուն ժողովրդավարական զարգացում։
-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ կիսանախագահական համակարգը չի նպաստում երկրի ժողովրդավարական զարգացումներին, և բոլոր խնդիրները պայմանավորված են գործող սահմանադրական կարգով։
-Երբ խոսում ենք սահմանադրական տեքստերի լավ ու վատ լինելու մասին, այդ ամենը պետք է դիտարկել պատմական կոնկրետ իրավիճակի, կոնկրետ երկրի օրինակով, այլապես դա նույնը կլինի, եթե շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ մարդուն առաջարկես սրտանոթային համակարգը կարգի բերող աշխարհի ամենալավ բուժամիջոցը։ Առանց պատմական իրողությունների այս մոդելները համեմատելու, ամեն ինչ շատ հիպոթետիկ է դառնում։ Բոլոր մոդելներն էլ շատ լավ են, բայց մենք խոսում ենք այն մասին, թե մեր իրականության պայմաններում կիսանախագահական համակարգն ինչի է հանգեցրել։ Փոփոխությունների անհրաժեշտություն, իհարկե, կա, բայց խաղի այս կանոնները մշուշոտ հեռանկար են խոստանում։ Եթե հանրաքվեն անցկացվի ազնիվ, թափանցիկ մթնոլորտում, չլինեն արջի ծառայություն մատուցողները, այս կարևորագույն փաստաթուղթն ավելի կարժևորվի։ Թեև ստեղծվել է բարոյահոգեբանական վատ մթնոլորտ, բայց հնարավորություն կա ազնիվ ճանապարհով հայցելու հանրության աջակցությունը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ